կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-12 13:23
Հասարակություն

Կորուսյալ մարդկանց պատմությունները և պատմագրությունը․ իսլամաց(վ)ած հույները և բնակչության փոխանակումը

Կորուսյալ մարդկանց պատմությունները և պատմագրությունը․ իսլամաց(վ)ած հույները և բնակչության փոխանակումը

Բավարար չէ  միայն  մուսուլման կամ թուրք լինել, պետք է ավելին երևաք։ Ավելի մոլեռանդ մուսուլման կամ թուրք պետք է երևաք, որ ձեզ չկասկածեն։  

Քազըմ Գյունդողան

Աշխարհագրական այս տարածքում շատ պատմություններ են պատմվում։ Շատերին ծանոթ ենք, կամ էլ յուրաքանչյուրս մեկից ավել պատմություն գիտի, սակայն մեծ մասամբ չգիտենք, թե դրանք ինչ օգուտ կտան։ Լսում, անցնում ենք կամ ժպտում, անցնում ենք, կամ էլ՝ կանգնում ու արտասվում։ Այլ բան է այդ պատմությունների հետքերով գնալը, դրանք փաստագրելը և  ուսումնասիրության թեմա դարձնել։ Վերջին տարիներին բազմաթիվ երիտասարդներ փորձել են գտնել իրենց արմատները՝ մեծերից լսած պատմություններն ուսումնասիրելով։ Իրականում այդ ուսումնասիրությունը դեպի  ճշմարտություն և այլընտրանքային պատմագրություն ճանապարհն է՝ ի հեճուկս պաշտոնական պատմագրության։

Մերթ Քայան գիտեր, թե իր ընտանիքը Բիթլիսից է (Բաղեշ-Ակունքի խմբ), և որ իրենք քուրդ են, սակայն երբ իմացավ, որ իրենք իրականում Սամսուն-Վեզիրքյոփրույի մի գյուղից ծագող հույներ են, պաշտոնական պատմագրության բոլոր ստերը բացահայտվեցին։ Արդեն պատմությունների (ճշմարտությունների) լույսի ներքո հնարավոր է անցնել նոր/ այլընտրանքային պատմագրության․ պետք էլ չէ պատմաբան լինել դրա համար․․․

Հարցազրույց Մերք Քայա (սոցիոլոգ, գրող)

Ուսումնասիրությունս սկսեցի իմ ընտանիքի պատմությունից անիմանալին ուսումնասիրելը, այն  բացահայտելը, տեղացիների ձայնը հաղորդելը միշտ ուժեղ են պահել շարժառիթս։

 – «1919-1925 թթ Անատոլիայում ապրած հույների իսլամացման մասին հուշագրություն» վերնագրով մի թեզ ես պատրաստել։ Հետագայում այդ աշխատությունը «Իսլամաց(վ)ած հույներ հուշագրություն» վերնագրով գրքի ես վերածել։ Երբ որոշել ես աշխատել այդ թեմայի շուրջ, ի՞նչ շարժառիթ ունեիր և համառոտ կպատմե՞ս գրքի բովանդակության մասին։

– Շարժառիթս բավականին ուժեղ էր, քանի որ սկսել եմ իմ ընտանիքի պատմությունից և այդպես աշխատել թեզիս վրա։ Կարծես դա հնագիտական պեղում կամ փոշոտ դարակներից գիրք ընտրել լիներ։ Անիմանալին, չուսումնասիրվածը, չտեսնվածը հետազոտելը, բացահայտելը, տեղացիների ձայնը հաղորդելը շարժառիթս միշտ ուժեղ են պահել։ Այդ ամենից բացի՝ հուզիչ էր տեսնել, որ միայնակ չեմ։ Կարող եմ ասել, որ պատմելու անհրաժեշտություն զգալը, ձեռքիցս ինչ գալիս է, իմ ուսերին ինչ ընկած է անելը ինձ կենդանի են պահել։ 2017 թ․ ավարտել եմ թեզս։ Իմ ընտանիքի պատմության հետ միասին Թուրքիայից ընդհանուր 6 պատմություն է զետեղված իմ թեզում։ Ավելի շատ էին դրանք իրականում, սակայն եղան մարդիկ, որ իրավացի լինելով՝ չցանկացան, որ  իրենց պատմությունները ներառեմ։ Հունաստանում «մնալու» 4 պատմություն կա։ Հանդիպումներից հետո բանավոր պատմությունները հավաքելու աշխատանք երևան եկավ։ Տեղեկանալու, առերեսվելու գործընթացը մանրամասն ուսումնասիրվել է, և միևնույն ժամանակ հետազոտվել է, թե ինչքանով են դրանք համապատասխանում Միրոսլավ Հրոչի «Ազգային զարթոնք»-ի տրամաբանությանը։  2019 թ․ «Լիբրա» հրատարակչությունից Ռըֆաթ Բալին կապվեց ինձ հետ և թեզս հրատարակեց գրքի տեսքով։ Այսպիսով բնակչության փոխանակումից հետո մնացած մարդկանց հետ կապված աշխատանքս ընթերցողների ավելի մեծ զանգվածի հասանելի դարձրեց։

Թուրքական ինքնության ստեղծման գործընթացի հիմքն այլ է համարվում, որի պատճառով  գաղափարական թշնամանքը շարունակվում է։ Հույներին վերածել են երկիրը նրանց ձեռքերից  փրկած սատանայի կերպարի։

Ամեն մտածելակերպ և վարք իր պատմական հետին պլանն ունի, որից ելնելով  Օսմանյան և Հանրապետական Թուրքիայում «Հունական հարցը» ի՞նչ է իրենից ներկայացնում։ Թուրքական իսլամական համայնքի համար «հույնն» ո՞վ է։ Հասարակական կյանքում ինչպե՞ս են հիշվում կամ հայտնի դառնում հույները։

Ես պատմաբան չեմ։ Իհարկե, բնակչության փոխանակունից առաջ և հետո տեղի ունեցածները ուսումանսիրելիս ստիպված ես լինում գնալ մինչև 19-րդ դար։ Այդ իրավիճակում կարող է ճիշտ չլինել խոսել Օսմանյան կայսրության ժամանակ «Հունական հարց»-ի մասին։ Դրա բովանդակությունը ավելի շատ հանրապետական շրջանում ենք տեսնում։ Պետք է ասել, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում միլլեթների համակարգում ոչ մուսուլմանների հետ տեղի ունեցածների շրջանակներում տարբեր իրավիճակներ են եղել։ Իհարկե պետք է ավելացել, որ եղել են որոշ հատուկ իրավիճակներ։ Օրինակ՝ Թանզիմաթից (Բարեփոխումներ-Ակունքի խմբ) հետո կրոնափոխության հարցերում գաղտնի քրստոնյաների վիճակը կարելի է ուսումնասիրել որպես առանձին թեմա։ Չնայած այդ ամենին՝ ավելի ճիշտ է նրանց համարել «բանտարկված ազգ» և հույներին էլ տալ նույն որակումը։ Հունական ինքնության խնդիրը և սահմանումն էլ հակասական են։ Հիմնականում շեշտը դրվում է Արևելյան Հռոմեական կայսրության՝ ժամանակի հետ հելլենացված ժողովրդի վրա։ Ուղղափառ ժողովուրդ են։ Հանրապետության ժամանակ, հատկապես քեմալական շարժման ընթացքում «օտարները» հիմնականում հույներն էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, պատերազմող մեծ տերություններից բացի, Հանրապետության շրջանի թշնամի էր հռչակվել նաև Հունաստանը, հետևաբար  և մինչև այսօր դրա վերաբերյալ քննարկումը շարունակվում է։ Հույները հիմնականում հարուստ մարդիկ էին, հույն կանայք համարվում էին «ցոփ ու շվայտ» և թուրքական ընտանիքին ոչ համապատասխան, տարեց տղամարդիկ ներկայացվել են որպես պանդոկատերեր, որոնց մասին բազմաթիվ ֆիլմեր կան։ Արևմտյան Անատոլիայում հոծ բնակեցված բալկանյան գաղթական ընտանիքներում հույների մասին «գաղափարական քննարկում»-ներից բացի առօրյա կյանքում վատ բան դժվար է լսել։ Համատեղ ապրած ժամանակները և ընդհանուր մշակույթը դրական են հիշում։ Դա էլ պետք է ասել։ Միևնույն ժամանակ՝ թուրքական ինքնության կառուցման գործընթացի մեջ հիմնական օտարը նրանք են համարվել, գաղափարական իմաստով թշնամանքը շարունակվում է։ Հույները վերածվել են երկիրը նրանց ձեռքից փրկած սատանայի կերպարի։

Երբ Թուրքիան վերածում էին սուննի թուրք ինքնությամբ մի երկրի, Հունաստանը փորձում էր զարգացնել ուղղափառ հույն ինքնությունը, կարող ենք ասել, որ դրա համար փոխադարձ պայմանավորվածություն կար։

– 1919 թ մայիսի 19-ը հիշատակվում է որպես Հույների ցեղասպանության օր։ Հետագայում, հատկապես 1922 թ սեպտեմբերի 9-ի Իզմիրի (Զմյուռնիա-Ակունքի խմբ) հրկիզումով և 1923-24 թթ բնակչության փոխանակմամբ 1200000 ուղղափառ քրիստոնյա հույն Անատոլիայից Հունաստան, 500000 մուսուլման թուրք էլ Հունաստանից Թուրքիա են գաղթել։ Որո՞նք էին որպես բնակչության փոխանակում հայտնի քաղաքականության հետևանքով քրիստոնյա հույները Անատոլիայից, իսկ մուսուլմանները Հունաստանից մաքրելու գաղափարի աղբյուրները, և ինչպե՞ս է դա իրականացվել։

– Իրականում գաղափարը երկուստեք է եղել։ Ազգային-պետություն ստեղծելու հիմքում գերմանական մի հասկացություն կա՝ «volkgeist», այսինքն՝ ազգի հոգևոր սեփականություն, որը կարող ենք համարել այդ գաղափարի աղբյուրը։  Երբ Թուրքիայում մտածում էին սուննի թուրք ինքնություն ունեցող երկիր կառուցել, Հունաստանում էլ՝ զարգացնել ուղղափառ-հույն ինքնությունը, որոնց համար կարող ենք ասել, որ փոխադարձ պայմանավորվածություն կար։ Դեռ ավելին, երբ զրուցում ես փոխանակման ենթարկվածների հետ, նրանք միայն Մուստաֆա Քեմալի դեմ չեն ըմբոստանում, այլև՝ Վենիզելոսի։ Կրոնի վրա հիմնված այս փոխադարձ պայմանավորվածությունից տուժած միլիոնավոր մարդիկ կան, որոնց հոգեցնցումները փոխանցվել են սերնդեսերունդ։ Լոզանի հաշտության պայմանագրով ընդունված որոշումների հիման վրա բնակչության փոխանակում է իրականացվել, սակայն Գյոքչե և Բոզջա կղզիներում ու Ստամբուլում ապրող հույները և Թրակիայի շրջանում բնակվող մուսուլման թուրքերը չեն փոխանակվել։

Իմ պապիկը՝ Իսահակը, նրա եղբայր Իոաննիսը, նրանց փոքր քույր Վիկտորիան, և մայրը՝ Անաստասիան, նրանց չորս հոգանոց ընտանիքն ապրում էր Սամսունի Վեզիրքյորփյուր գավառին կից Այդողդու գյուղում․․․

– Որպես այս ոլորտում կարևոր գիտական աշխատանքներ կատարած սոցիոլոգ՝  եթե թեման շարունակենք քո և քո ընտանիքի մասին խոսելով, ապա ինչի՞ հետքը որոնեցիր և ինչե՞ր գտար։  Ցանկանում ենք իմանալ քո ընտանիքի պատմությունը և քո անցած ճանապարհը։

– 10 տարեկան էի։ Ընտանիքիս ավագներից մեկը գնաց Հունաստան։ Ասել էր, որ գնում է որպես զբոսաշրջիկ։ Երբ նա վերադարձավ, բոլորին տուն հրավիրեցին և երեխաներին դուրս հանեցին սենյակից։ Հետո երբ լացի ձայներ լսեցինք, հետաքրքրությամբ սենյակ մտանք։ Էկրանին մի հորեղբայր կցկտուր թուքերենով բոլորին բարևում և ձեռքով էր անում։ Սենյակում բոլորը լաց էին լինում։ Գնացի տատիկիս մոտ և հարցրեցի, թե ով է նա։ «Իմ հորեղբայրն է»,- պատասխանեց նա։ Լավ, իսկ ինչու՞ է Հունաստանում։ Ճիշտ պատասխանը չկարողացան ասել։ Ասացին, թե պատերազմի ժամանակ փախցրել են։ Հույն զինվորներն են առևանգել, քրիստոնյա են սարքել մեր մեծ հորեղբորը։ Պատմությունն այնքան էլ համոզիչ չէր, սակայն 10 տարեկան էի։ Տարիներ անցան։ Պատմության նկատմամբ իմ հետաքրքրությունն աճեց։ Ընտանիքս իրականում Բիթլիսից էր Իզմիր գաղթել։ Շատ լավ, իսկ ի՞նչ գործ ուներ հույն զինվորը Բիթլիսում։ Շարունակում էի հարցեր տալ, արդեն պատասխանները փոխվել էին։ «Չգիտենք»,- սկսեցին ասել նրանք։ Երբ գնացի համալսարան, վստահ էի, որ ինձ մատուցված գիտելիքները ճիշտ չեն։ Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել, ժամանակին Հունաստան գնացած մորաքրոջս սկսեցի ավելի շատ հարցեր տալ։ Ի վերջո զանգեց ինձ և ասաց․ «Մի բան եմ պատմելու, քանի որ ես չեմ կարողանում գտնել նրանց, դու գտի՛ր»։

Մեծ պապիկս՝ Իսահակը, չորս հոգանոց ընտանիք ուներ եղբայրը՝ Իոաննիսը, նրանց փոքր քույր Վիկտորիան և մայրը՝ Անաստասիան։ Նրանք ապրում էին Սամսունի Վեզիրքյոփրյու գավառին կից Այդողդու գյուղում։ Նրանց հայրը երիտասարդ հասակում վախճանվել էր։ Երբ հայտարարվեց բնակչության փոխանակման որոշման մասին, ընտանիքին էլ տեղեկացրեցին։  Երբ ամբողջ գյուղը պատրաստվում էր գնալ, Բաֆրայի նավահանգիստը մարդաշատ էր, հետևաբար՝ որոշ ընտանիքներ իմացել են դեպի արևելք աքսորվելու որոշման մասին, և զինվորների հետ սկսվել էր դեպի արևելք գաղթը։ 3-4 ամիս հետո նրանք Բիթլիս հասան և դատարկված մի հայկական գյուղում հաստատվեցին։ Տան մեծ տղամարդը՝ այդ ժամանակ իմ մեծ պապիկ Իսահակը, դեռ 12 տարեկան էր և քուրդ աղայի տանը սկսել էր ծառա աշխատել։ Այնտեղից վերցրած սնունդը տանում էր մորը։ Մի շրջան այդպես են աշխատել։ Հետո եկել են զինվորները և ասել, որ քարավանը գնալու է դեպի Հալեպ։ Մայրը՝ Անաստասիան, ասել է, որ որդին մի քրդի տանն է և զինվորի հետ ճանապարհ են ընկել։ Մեծ պապիկս՝ Իսահակը, զինվորին տեսնելով, վախեցել և փախել է։ Պապիկիս չեն գտել, և զինվորները մտածել են, որ խաբել են իրենց, և վերադարձել են քարավանի մոտ։ Ամբողջ խմբով ճանապարհ են ընկել, իսկ պապիկս մնացել է։ Վերջինս չի իմացել, որ մայրն իրեն է փնտրել․ տարիներ շարունակ կարծել է, թե լքել է իրեն։ Մայրը՝ Անաստասիան, իր որդի՝ Իոաննիսի և փոքրիկ աղջկա՝ Վիկտորիայի հետ ճանապարհ է ընկել։ Ճանապարհին Վիկտորիան մահացել է, և մարմինը նավից նետել են։ Երբ նրանք հասել են Անկարա, Անաստասիան 10 տարեկան Իոաննիսին ասել է, որ նա գտնի իր մեծ եղբորը։ Հունաստանի այդ ժամանակվա իրավիճակից, պատերազմի սկսվելուց տարիներ են անցել։ Մայրը՝ Անաստասիան, վախճանվել էր, սակայն որդին՝ Իոաննիսը խոստացել էր գտնել եղբորը։ 1960-ական թթ․ նա գնացել է Բիթլիս։ Այցելել է քաղաքապետարան և հարցրել, թե կա արդյո՞ք Իսահակ անունով մեկը։ Եղբայրները շատ էին միմյանց նման, որի պատճառով նրան ասել են․ «Քեզ նման Իսահակ քեռի կա, սակայն ոչ մի հարազատ չունի»։ Իոաննիսը համառել է, և երկու եղբայրներ ավելի քան 40 տարի հետո հանդիպել են։ Ժամեր շարունակ ոչ մեկի չեն թողել տուն, փաթաթվել են, լաց եղել։ Տանից գրեթե դուրս չեն եկել։ Մեկ անգամ դուրս են եկել՝ լուսանկարվելու և երկու եղբայրների ունեցած միակ լուսանկարը այդպես է նկարվել։

Ավելի քան 90 տարի հետո նույն սեղանի մոտ, նույն ցավերի պատճառով արտասվում, նույն կատակների վրա ծիծաղում ենք։

Այդ ընթացքում, մի հարևանի բողոքի հիման վրա, ժանդարմը տուն է մտել և Իոաննիսին վերցրել-տարել է Ստամբուլ, այնտեղից էլ ուղարկել է Հունաստան։ Այդ ժամանակ Իսահակը 4 աղջիկ ուներ, բացի մեկից՝ մյուսները փոքր էին։ Իսահակն այդ դեպքի հանրայնացման պատճառով երևի այլևս չի կարողացել Բիթլիսում ապրել, և երբ տնտեսական անկում է եղել, տեղափոխվել է  Իզմիր։ Չնայած Իոաննիսը նրան շատ է կանչել Հունաստան, նա չի ցանկացել գնալ։ Ավելի ուշ նա Իզմիր է եկել և կրկին այցելել եղբորը՝ Իսահակին։ Այդ ժամանակ զարմիկները մեծացել էին, ինչի շնորհիվ իրենց հորեղբայրների հետ կապն ամրապնդվել է։ Չնայած Իսահակի բոլոր զգուշացումներին, թե չի ցանկանում, որ հարևաններն իմանան, զարմիկները իրենց հորեղբորը եկեղեցի էլ են տարել, Իզմիրում էլ շրջել են։ Իսահակը ավելի ուշ հիվանդացել և մահացել է, սակայն հորեղբոր և զարմիկների կապը երբեք չի ընդհատվել։ Շարունակ խոսել են հեռախոսով և նամակներ գրել միմյանց։ Երբ մեծ հորեղբայր Իոաննիսը հիվանդացել էր, մորաքույրս Հունաստան է գնացել՝ հորեղբորը տեսնելու։ 10 տարեկան հասակում տեղի ունեցած դեպքը սրան է համապատասխանում։  Երբ Աթենքի օլիմպիադայի ժամանակ հեռախոսի համարները փոփոխվեցին, հաղորդակցությունը կտրվեց, և մորաքույրս ասաց․ «Շատ ես ցանկանում իմանալ» և պատմեց այդ ամբողջ պատմությունը։ 2013 թ․ մի կարճ նյութ գրեցի և փորձեցի սոցիալական մեդիայի միջոցով այդ պատմությունը հասցնել ամեն տեղ, որտեղ հնարավոր է։ Երբ Գերմանիայում էի սովորում, մի նամակ եկավ։ Թուրքերեն իմացող մի հույն քաղաքացու տեղեկություններն ինձ փոխանցվեցին, և պարզվեց, որ այդ մարդն իմ ազգականներից մեկն է։ Նույն շաբաթ գնացի Հունաստան։ Օդանավակայանում մեծ թվով մարդիկ ինձ դիմավորեցին։ Իսկ գյուղում տասնյակ մարդիկ կային․․․ Բոլորը եկել էին ինձ տեսնելու, բոլորը գրկեցին ինձ ու համբուրեցին։ Ինձ զգում էի, ինչպես իմ տանը։ Մեծ պապիկիս եղբայր Իոաննիսը գյուղի առաջադեմ մարդկանցից մեկն է եղել, և քանի որ ես խոսում էի Թուրքիայից և մեր բարեկամներից, զգացի, որ  գյուղում ես իրոք սպասված էի։ Հետագայում մայրիկիս ու մորաքրոջս էլ տարա, նրանց մի մասը Թուրքիա եկավ, մեր պապիկի՝ Վեզիրքյոփրուում եղած գյուղական տունն անգամ գնացինք և գտանք։ Հիմա ամեն օր կարողանում ենք խոսել միմյանց հետ։ Բացի այդ՝ որպես չորրորդ սերունդ մեր հնարավորություններն ավելի մեծ են և կապված ենք իրար։ Այլևս ոչինչ չենք թողնի՝ բաժանի մեզ։ Ավելի քան 90 տարի հետո միևնույն սեղանին, միևնույն ցավերի պատաճռով արտասվում, միևնույն կատակների վրա ծիծաղում ենք։

Ցեղասպանության կետերից մեկն էլ անմիջականորեն առնչվում է երեխաներին։ «Խմբի երեխաներին մեկ այլ խումբ տեղափոխելը» կետով է դա ընդգծվում։

․․․ Սակայն պետության գաղափարական գործիքների ուժը ընտանիքն էլ որպես գաղափարական գործիք օգտագործելուն օժանդակում է, և ինչ-որ ձևով մնացած երեխաներին վերածում են մարդկանց, որոնք մոռանում են իրենց անցյալը։

– Ցեղասպանությունների և բռնաձուլման քաղաքականության մեջ կիրառված մեթոդներից մեկը երեխաներին վերցնելը, որպես «ծառա»  հասարակության մեջ բաժանելը և պետական մանկատներում տեղավորելն է։ Ի՞նչ է հետապնդում այդ քաղաքականությունը և արդյո՞ք այն հույն երեխաների վրա կիրառվել է։ Եթե կիարռվել է, ապա ինչպե՞ս։

– Պատերազմներում հաղթողներ չեն լինում, սակայն ամենաշատը կորցնում են երեխաներն ու կանայք։ Ցեղասպանության կետերից մեկն ուղղակիորեն կապված է երեխաների հետ։ «Խմբի երեխաներին մեկ այլ խումբ տեղափոխելը» կետով է դա ընդգծվում։ Հատկապես 1915 թ․ տեղի ունեցածների ժամանակ կարող ենք տեսնել նման օրինակներ։ Դա տեսնում ենք նաև Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը» գրքում։

Հայտնի է, որ 1915-ի օգոստոսի 5-ին գաղտնի բանակցություններ էին ընթանում երեխաների համար արագ պետական որբանոցներ կառուցելու, մանկամարդ աղջիկների՝ մուսուլմանների հետ ամուսնությունը դյուրացնելու և նույնիսկ որդեգրված կամ էլ որպես «ծառա» վերցված երեխաների ընտանիքներին պատկանած գույքը որդեգրող ընտանիքներին տալու մասին:  Սակայն ճիշտ չի լինի ասել, որ նույն իրավիճակը բանակչության փոխանակման ժամանակ էլ է եղել։ Ծառաների համակարգը Օսմանյան կայսրության համար կարծես սպասարկման հաստատության նախնական համակարգի նման է աշխատել։ Ծառա-օրավարձու բանվոր համակարգում կանխարգելում էին երեխայի որբ մնալը։ Խնամքի հարցերով կազմակերպությունը Օսմանյան կայսրության համար կարծես հասարակական ծառայության կազմակերպության նախնական համակարգի նման է աշխատել։ Տարածվող ազգայնական ալիքի հետ միասին եղել են օրինակներ, երբ հատկապես ոչ մուսուլման երեխաների ծառա վերցնելով կամ էլ ընտանիքներից հեռացնելով՝ մուսուլմանի նման են մեծացրել, սակայն, ինչպես ասացի,  նման դեպքերը 1922 թ․ առաջ են գրանցվել։ Իսլամացված հույների մոտ տեսնում ենք, որ որպես ծառա վերցված երեխաներին էլ են ցանկացել զինվորների կողմից բնակչության փոխանակման մեջ ընդգրկել։ Այդ երեխաները, չնայած այս պնդումներին, կամ մեծ պապիկիս նման վախի պատճառով զինվորերից փախել են կամ էլ Անդրեադիսի «Թամամա» գրքում պատմվածի նման՝ բարձր դիրք ունեցող մարդկանց հատուկ խնդրանքով մնացել են Թուրքիայում։ Ինչպես հասկանում ենք այդ պատմություններից, ճիշտ չի լինի ասել, թե պետությունը ջանքեր է գործադրել հույն երեխաներին պարբերաբար պահելու և մուսուլման դարձնելու համար։ Սակայն պետության գաղափարական գործիքների ուժը օգնել է, որ ընտանիքին էլ դարձնեն գաղափարական գործիք, և ինչ-որ կերպ մնացած երեխաներին վերածեն անցյալը մոռացած անհատների։ Ժամանակագրական առումով տեղի ունեցածներից հետո անհնար է դառնում, որ երեխաները կամ էլ երիտասարդները պատմեն իրենց  ծագման և այլնի մասին։ Նրանց անունները և կրոնը փոխում են և նույնիսկ «կրոնափոխ» չլինելն ապացուցելու համար ավելի արմատական դիրքորոշում են ցուցաբերում։ Թաքցնելու ցանկությունը շարունակվում է, և սերունդներին անգամ պատմությունները չեն փոխանցում։ Եթե անգամ փոխանցում էլ են, ցանկանում են, որ դա գաղտնի մնա։ Հենց տեղում իմ տեսած ամենահստակ բաներից մեկը դա էր։

 «Կրոնափոխ» եզրույթն Անատոլիայում տարածված է, և ոչ ոք այդպես անվանակոչվել չի ցանկանում։ Հետևաբար մուսուլման կամ թուրք լինելը բավական չէ, ավելին պետք է երևաք։ Ավելի մոլեռանդ մուսուլման կամ թուրք պետք է երևաք, որ ձեզ չկասկածեն։

– Օսմանյան կայսրությունում ղըզըլբաշների գլխավորությամբ մյուս ոչ մուսուլման համայնքների վրա կիրառված իսլամացման քաղաքականությունը Հանրապետության շրջանում էլ է շարունակվում։ Հույների բռնի իսլամացման կամ իսլամանալու գործընթացը ինչպե՞ս էր տեղի ունենում։

– Չենք կարող խոսել պարբերաբար իրականացված իսլամացման մասին, սակայն որպես ծառա վերցված կամ էլ ամուսնացած մարդիկ մուսուլման էին, բնականաբար նրանք այդ ապրելակերպն էին նույնականացնում։ Օրինակ՝ Ֆոտինի անունը դառնում է Ֆաթմա։ Առօրյա կրոնական արարողությունները անթերի էին իրականացվում։ Նույնիսկ, ինչպես տեղեկացրել եմ վերևում, ավելի մոլեռանդ են իրենց ցույց տալիս։ Օրինակ՝ նույնիսկ եթե հաջի չէին գնում, մեծերը ստանում էին Հաջը մականունը։

«Հարցրու՛ սրտիդ» ֆիլմում էլ նման մի օրինակ կա ավելի վաղ կրոնափոխ եղածների մասին։ Երբ համայնքն իմանում է, որ Հաջը Սյուլեյմանի անունն իրականում Սոլոմոն է, լքում է հուղարկավորության աղոթքը․ այդ տեսարանը բավականին ազդեցիկ էր, որը շատ ուշադրություն չի գրավել։ «Կրոնափոխ» եզրույթը Անատոլիայում տարածված է, և ոչ ոք չի ցանկանում այդպես կոչվել։  Հետևաբար մուսուլման  կամ թուրք լինելը բավական չէ, պետք է ավելին երևաք։ Ավելի մոլեռանդ մուսուլման կամ թուրք պետք է երևաք, որ ձեզ չկասկածեն։ Ժամանակագրական առումով եթե նայում ենք 1922 թ․ հետո 1945, 1955, 1964, 1974 թվականների դեպքերին, կարող ենք ասել, որ Հունաստանի հետ եղած լարվածությունն էլ է օգնել մարդկանց թաքցնել իրենց ծագումը։ Այստեղ կարող ենք ասել, որ իսլամացման գործընթացը իրականացվել է հասարակական ճնշմամբ, ավելին՝ հույնը վատն է, ֆիլմերում էլ են ասում, առօրյայում էլ։ Մի երկրում, որտեղ իրականացվել է «Քաղաքացի՛, թուրքերեն խոսի՛ր» արշավը, կարո՞ղ եք ասել՝ իմ իրական մայրենին այլ է։ Աճող ազգայնականության մեջ պետք է կորչել, չերևալ, երևալիս էլ անգամ արմատական լինել, որ կասկած չհարուցես։

Այդ պատճառով օրինակ՝ մեծ պապիկս ընդհանրապես չէր ուզում, որ իր եղբայրը գար իրեն տեսնելու։ Նա մտածում էր, թե ինչ-որ մեկը կիմանա, գլխներիս փորձանք կբերենք։ Այդ ընկալումն իհարկե գործընթացի ներսում է տեղի ունենում։ Ինքնության ընկալումը փոխվում է, և կոչ է արվում մերժելու։ Երբ հնարավոր է լինել, ինչպես բոլորը, ո՞վ կցանկանա «օտար» լինել։ Հետևաբար մարդն էլ այդ փոփոխությանն արագ հարմարվում է, քանի որ անվտանգությունն այստեղ ամենակարևոր բանն է։

Հավաքական հիշողության մասին խոսել հեշտ չէ, ավելին՝ թիվը բավականին քիչ է։ Ինչպես նախորդ պատմությունների ժամանակ տեսանք, դրանց մեծ մասը հիմնականում երևան է հանվել հիվանդի՝ մահվան մահճում ասված զառանցանքով, մի խորհրդավոր ազգականի այցի ժամանակ և այլ նման պատահականություններով։

– Իսլամաց(վ)ած հույներն ինչպե՞ս են հիշում կրոնափոխության ընթացքը, կարո՞ղ ենք խոսել այս ոլորտում  զարգացած հավաքական հիշողության մասին։

– Հունաստանում  բնակչության փոխանակման ընթացքում երկրում մնացած մարդկանց քանակը հարյուրհազարներով է ներկայացվում։ Նման իրավիճակում, երբ հաշվի ենք առնում չորրորդ սերնդին, ապա կարող ենք խոսել միլիոնի հասնող բնակչության մասին։ Իրականում թիվն այդքա՞ն է արդյոք՝ հայտնի չէ, և անհնար է իմանալ։ Տեղում ինձ հանդիպած կամ իմ գտած պատմությունները փոխանցող մարդկանց մեծ մասը դժվարությամբ կամ էլ պատահաբար են իմացել իրենց ընտանիքի պատմությունը։ Այստեղ երևում է, որ մեծ մասամբ կանայք են խոսում և հաղորդում իրենց պատմությունը։ Տղամարդիկ առօրյա կյանքում ավելի շատ են դրսի հետ կապ ունեցել․ կարծում ենք, որ դա է պատճառը, որ կանանց համար տանը ավելի հեշտ է եղել փոխանցել պատմությունները։ Իսկ թոռները, ինչպես տեսնում ենք, զարգացող և փոփոխվող համակարգի ներսում արդեն չեն ցանկանում լռել։ Ուշագրավ է, այն, որ ըմբռնման տարբերության փոփոխությունը և գլոբալիզացող աշխարհում իրականում ծագման և հետևաբար էթնիկ կամ էլ կրոնական ինքնության ներկայացուցիչ լինելն անկարևոր է դառնում։ Հավաքական հիշողությունից խոսելը հեշտ չէ, ավելին՝ թիվը բավականին քիչ է։ Ինչպես տեսանք նախորդ պատմությունների ժամանակ, դրանք հիմնականում սկսել են երևան գալ հիվանդի՝ մահվան մահճում արված զառանցանքով, մի խորհրդավոր ազգականի գալու ժամանակ և այլ նման պատահականությունենրով։ Մշակութային հիշողության մեջ փոխանցումներ էլ են առկա, իհարկե։ Մականունները դրա օրինակն են։ «Հույն աղջկա որդու» նման մականուն է ձեզ դրվում։ Կրոնափոխության ընթացքում թոռներից ոմանք  անունները փոխել են, հույն պապիկի անունը վերցրածներ էլ կան, կրոնը փոխած և ուղղափառ դարձածներ էլ, Հունաստան տեղափոխվածներ էլ։ Դրանց կողքին կան մարդիկ, որոնք իրենց կյանքը եղածի պես շարունակում են, կան մարդիկ, որ մտածում են, թե իրենց ինքնությունը կեղծ է։ Իսկ ընդհանուր կրոնափոխությունը գաղափարական է։ Բոլորը սուննի թուրք ինքնության ստեղծման ընթացքը խորքային են հասկանում և հարցականի տակ դնում։ Նման իրավիճակում նախակրթարանում սովորած բանաստեղծություններից, պատմվող տեքստերից, լեգենդներից տեղեկանում են, թե դրանք ինչ նպատակի են ծառայում, և մեծանում է քննության ընթացքը։

 « Եթե առերեսվենք, կկարողանանք հասկանալ»։ Բեաթրիզ Սարլոյի «Անցյալը» վերնագրով գրքում հեղինակը Սուսան Սոնթագից մի մեջբերում է անում և ասում է «Հասկանալը հիշելուց ավելի կարևոր է, սակայն հասկանալու համար նախ պետք է հիշել»։

Ժողովուրդների էթնիկ և կրոնական ինքնություններին, կյանքի փիլիսոփայությանը, մշակութային կյանքին ուղղված թե ղեկավարների, թե գերակշռող ազգերի, գերակշռող կրոնի ու գերակշռող քաղաքականության տեսակետների միանձնյա, ոչնչացնող քաղաքականությամբ հաշիվ մաքրելու և առերեսվելու հարցում Թուրքիայում ինչպիսի՞ պատկեր է և ինչե՞ր է հնարավոր առաջարկել։

Անցած տարիներին ընդունված որոշումներով իրականում հավատացինք առերեսմանը և մտածեցինք, որ լավ ճանապարհ ենք բռնել։ Հետագայում ցավով իմացանք, որ քաղաքականության պատճառով դա հնարավոր չէր, քաղաքական մանևրներով դեպի ավելի վատն ենք գնում։ Սակայն այդ ընթացքը ճաք տվեց, և ջուրն այդ ճաքից սկսեց ներթափանցել։ Դրա առաջն առնելը չեմ կարծում թե արդեն հնարավոր է։

Երևացող պատկերը խավար կարող է լինել, սակայն հատկապես քուրդ ժողովրդի կողմից քրդության գիտակցությունը, լեզվին տեր կանգնելը, ալևի ժողովրդի ՝ կրոնին տեր կանգնելը, որոշ այլ ազգային փոքրամասնությունների կողմից իրենց գույքի համար ներդրված ջանքերը, մյուս ազգային փոքրամասնություններին էլ են հուսադրում։ Դա միայն օրենքների միջոցով հաղորդված իրավունքներից բացի՝ նշանակում է բարձրաձայնել ավելի հավասար մոտեցման անհրաժեշտության մասին, ինչն էլ տեղի է ունենում։ Նման իրավիճակում, ինչպես Հրանտն էր ասում՝ «Մեկս մյուսի ցավերը հարգենք», որը, կարծում եմ, որ մեր առաջնահերթությունը պետք է լինի։ Ռաքելի ասածի պես․ «Երեխայից մարդասպան սարքող խավարը պետք է քննադատենք»։ Եթե առերեսվենք, կհասկանանք։  Բեաթրիզ Սարլոյի «Անցյալը» վերնագրով գրքում հեղինակը Սուսան Սոննթագից մի մեջբերում է  անում և ասում․ «Հասկանալը հիշելուց ավելի կարևոր է, սակայն հասկանալու համար նախ պետ է հիշել»։ Հետևաբար նախ պետք է հիշենք։ Ճիշտ պատասխանների համար ճիշտ հարցեր պետք է  տանք։ Ինչու՞ մոռացանք։ Ինչու՞ մոռացրեցին։ Ինչու՞ չենք ուզում հիշել։ Այս հարցերի պատասխաններով սկսենք հիշել, այնուհետև՝ առերեսվենք, առերեսումը կօգնի հասկանալ իրավիճակը։ Եթե հասկանանք, հաշիվները կփակենք։ Սեղան կնստենք ու նույն ցավին բալասան կփնտրենք, քանի որ այդ ճաքը մեծանալու է։

Մերթ Քայա

 Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի սոցիոլոգիա բաժնի շրջանավարտ է։ Հաջեթթեփե համալսարանի մշակութային հետազոտություններ բաժնի մագիստրոս է եղել։ Թեզի թեման է «1919-1925 թթ Անատոլիայի հույների իսլամացման վերաբերյալ հուշագրություն»։ Այս աշխատության մեջ նա ուսումնասիրել է Բնակչության փոխանակումից հետո մնացած հույների մշակութային ներգրավվածության ու բռնի իսլամացման քաղաքականությունը։

Այդ ընթացքում նա գաղթականների հետ կապված հասարակական աշխատանքներ է կատարել, երեխաների պաշտպանության և նախագծերի պատասխանատու է եղել՝  4 տարի աշխատել է։ Հաջեթթեփե համալսարանի Հաղորդակցման գիտություններ բաժնում կրկին իսլամացված հույների մասին, ինքնության ըմբռնման, առերեսման գոծընթացների վերաբերյալ դոկտորական աշխատանքներ է կատարում։

https://artigercek.com/haberler/kayip-insan-oykuleri-ve-tarih-yazimi-muslumanlas-tiril-mis-rumlar-ve-mubadele

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net