Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ երեկոյան Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անունից` ի պատիվ պետական այցով Հունաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի, տրվել է պետական ընթրիք: Նախագահ Սարգսյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է.
«Շնորհակալություն եմ հայտնում Հունաստանի հյուրընկալ հողում մեզ ցուցաբերված ջերմ ընդունելության համար:
Նախագահների մակարդակով այս պետական այցը մեր երկկողմ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու եւ նոր մակարդակի տեղափոխելու փոխադարձ շահագրգռվածության վառ վկայությունն է:
Վստահաբար այն կխթանի մեր դարավոր բարեկամությունը եւ հիմք կհանդիսանա բազմաոլորտ համագործակցության դինամիկ զարգացման համար:
Մեր ժողովուրդները կապված են բազմաթիվ թելերով, որ հյուսվել են վաղնջական ժամանակաշրջաններից: Հին հույն պատմիչներ Քսենոփոնի, Հերոդոտոսի եւ այլոց երկերում արժեքավոր տեղեկություններ են պահպանվել Հայաստանի ու հայերի մասին։
Հունահայ գաղութի պատմությունը սկիզբ է առնում դեռ 5-րդ դարից։ Բյուզանդական շրջանում հայերը մեծ կշիռ են ունեցել կայսրության քաղաքական, ռազմական, տնտեսական եւ մշակութային կյանքում։
Ձեւավորված փոխադարձ համակրանքն ու բարեկամությունը վերածվել են իսկական եղբայրության: Դա հատկապես դրսեւորվեց անցյալ դարասկզբին, երբ Հունաստանն իր հյուրընկալ հողում ապաստանեց 1909թ. Ադանայի կոտորածներից, 1915թ. Հայոց ցեղասպանությունից եւ 1922թ. Զմյուռնիայի ջարդերից փրկված տասնյակ հազարավոր հայերի: Նրանց ժառանգներն ապահով ապրում են այստեղ, հունական հյուրընկալ հողում, եւ իրենց աշխատանքով հարստացնում ձեր երկիրը՝ միաժամանակ յուրատեսակ կամուրջ ծառայելով Հունաստանի եւ Հայաստանի միջեւ:
Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրների հարաբերություններն անցան նոր մակարդակ: Մենք սերտ համագործակցություն ենք ծավալում բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ ապակենտրոնացված մակարդակով։ Պատմության ընթացքում մեր ժողովուրդներն անցել են դժվարին փորձությունների միջով, տառապել օտար լծի տակ, բայց չեն հանձնվել, պահպանել են իրենց ազգային ինքնությունը,փայփայել մշակույթն ու լեզուն, մաքառումով նվաճել ազատ ապրելու իրավունքը:
Մենք կիսում ենք համամարդկային միեւնույն արժեքները` ձգտելով միջազգային անվտանգության ու խաղաղության, հավատալով հանդուրժողականության ուժին։
Եվրոպական այդ արժեքների մասին մտորումներն ակամայից տանում են դեպի հին Հունաստան, որտեղ ծագել է այդ արժեքների հիմքը հանդիսացող «դեմոկրատիաե երեւույթը եւ բառն ինքնին։
Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանն ու Հունաստանը բարեփոխում եւ զարգացնում են իրենց տնտեսական համակարգերը, միասնաբար աշխատում եվրոպական մայրցամաքում անվտանգության ամրապնդման, խաղաղության ու բարգավաճման գոտի ստեղծելու ուղղությամբ:
Որպես ԵՄ անդամ, Հունաստանը ակտիվորեն մասնակցում է Արեւելյան Գործընկերության նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը: Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ փոխգործակցությունը խթանելու հարցում, իհարկե, ակնկալում ենք բարեկամ Հունաստանի աջակցությունը:
Պարո՛ն նախագահ,
Հունաստանը Հայաստանի ավանդական բարեկամներից է։ Տեւական եւ ամուր հարաբերությունները չեն կարող կառուցվել այսպահային շահերի վրա։ Առանց արժեքների ընդհանրության, միեւնույն գաղափարներին հավատարմության՝ դժվար է պատկերացնել վստահելի համագործակցություն»,- ըստ ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության ասել է Սերժ Սարգսյանը: