կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 19:00
Քաղաքական

«Դերսիմի կորուսյալ դուստրերը» գիրքը գտնելուն պես այրեցին

«Դերսիմի կորուսյալ դուստրերը» գիրքը գտնելուն պես այրեցին

Հաջը Բիշքին

Ռեֆահիեում (Կերճանիս) ժանդարմները ներխուժեցին մի տուն։ Տանը գտնվող Դերսիմի կորուսյալ դուստրերի մասին և Իբրահիմ Քայփաքքայայի կյանքը պատմող գրքերը բռնագրավվեցին։ Ռեֆահիեի գլխավոր դատախազությունը այդ գրքերը «ոչնչացնելու» որոշում կայացրեց՝ չնայած դա որևէ առնչություն չուներ հետաքննության հետ։

Էրզինջանի (Երզնկա) Ռեֆահիե գավառում անցած տարի ժանդարմները ներխուժեցին մի տուն։ Այդ ժամանակ տնեցիների հեռախոսները և տանը եղած գրքերը բռնագրավվեցին։ Այդ գրքերից մեկը գրող Քյազըմ Գյունդողանի և Նեզահաթ Գյունդողանի «Դերսիմի կորուսյալ դուստրերը» գիրքն էր, որը հրատարակվել էր «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից, իսկ մյուս գիրքը՝ Իբրահիմ Քայփաքքայայի կենսագրությունը՝  հրատարակված «Կալիպսո» հրատարակչության կողմից։ Գրքերը «պահպանության» տակ առնվեցին, որից հետո դրանք հետ ուզող մարդիկ իրենց գրքերն այլևս չստացան։ Գրքերի ճակատագրի վերաբերյալ ամիսներ անց մի նոր զարգացում տեղի ունեցավ։ Ռեֆահիեի գլխավոր դատախազը գրքերի «ոչնչացման» հրահանգ էր տվել, սակայն դատարանում գրքերի վերաբերյալ նման որոշում չէր կայացվել։

Այդ հրահանգով գրքերը հնոցում այրվեցին

Դեպքի առնչությամբ այդ տուն ներխուժման համար հիմնավորում է բերվել «կազմակերպությանն օգնելը»։ Չնայած տվյալ քննության հետ գրքերը որևէ առնչություն չունեին՝ Ռեֆահիեի գլխավոր դատախազությունը գրքերի «ոչնչացման» հրահանգ տվեց։  «Ոչնչացման արձանագրության մեջ» առկա էին 3 ժանդարմների ստորագրությունները, իսկ գրքերի ոչնչացման եղանակի մասին առկա են հետևյալ տեղեկությունները․ «Ռեֆահիեի գլխավոր դատախազի հրահանգով մեր հրամանատարությունը հնոցում նկարահանում է արել և ոչնչացրել․․․»։

Գրքերն ինչի՞ մասին են

«Դերսիմի կորուսյալ դուստրերը» գրքում ներկայացվում է 1937-38 թթ․ «Թունջելիի գործողությունից» հետո իրենց ընտանիքներից խլված աղջիկ երեխաների կյանքի պատմությունը։ Այդ երեխաները պետության ճնշման տակ բռնաձուլման են ենթարկվել, նրանց տվել են գիշերօթիկ դպրոցներ, ոմանց էլ, որպես որդեգիր զավակներ, հանձնել են սպաների կամ բյուրոկրատիայի ներկայացուցիչների։ Իրականում 1926 թ․ մինչև 1950 թ․ տարբեր հաճախականությամբ տեղի ունեցած այդ երևույթը Թերթելեի (Դերսիմի կոտորածներ) դաժանություններից մեկն է։ Նեզահաթ և Քյազըմ Գյունդողանները գնացել են Դերսիմի այդ կորուսյալ դուստրերի հետքերով, զրուցել են նրանց և նրանց մտերիմների հետ։ Այդ գրքում առկա են հարյուրից ավել «դեպքեր»։

Սալիհ Աքսոյի «Իբրահիմ Քայփաքքայա․ գաղտնապահ հեղափոխական առաջնորդը» գիրքը, որը հրատարակվել է «Կալիպսո» հրատարակչության կողմից, ներկայացնում է Դիարբեքիրի բանտում կտտանքների ենթարկվելուց հետո մահացած Քայփաքքայայի քննարկումները սոցիալիզմի շուրջ և նրա կյանքի պատմությունը։

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net