կարևոր
2500 դիտում, 18 ժամ առաջ - 2025-06-13 15:19
Հասարակություն

Կորուսյալ ինքնության որոնումներում

Կորուսյալ ինքնության որոնումներում

Բանավոր պատմության, առերեսման և հավաքական հիշողության թեմաներով զրուցել ենք «Ասատուր» վավերագրական ֆիլմի սցենարի խորհրդատու Մեսութ ԷթՀեմ Քավալիի հետ։

Մ ԶԱՀԻԹ ԷՔԻՆՋԻ

«Ասատուր» վավերագրական ֆիլմը պատմում է մալաթիացի Ասատուրի (Հուսամեթթին Քուրուլթայ) և իր հայկական ինքնությունը բացահայտելու ճանապարհորդության մասին։ Վավերագրական ֆիլմն անդրադառնում է Թուրքիայում ապրող Ասատուրին, որը ծերության տարիներին պայքարում է իր հայկական ինքնությունը գտնելու համար, ինչպես նաև այն ժողովրդի մասին, որը Ցեղասպանության ժամանակ աքսորվել է իր հայրենիքից և ստիպված է եղել ամբողջ աշխարհում պայքարել գոյատևելու համար։ Բանավոր պատմության, առճակատման և կոլեկտիվ հիշողության թեմաներով զրուցել ենք «Ասատուր» վավերագրական ֆիլմի սցենարի խորհրդատու և «Անավարտ պատմություններ» ու «Քեզ որոնելիս» գրքերի հեղինակ Մեսութ Էթեմ Քավալիի հետ։

Ի՞նչը Ձեզ դրդեց բանավոր պատմության ուսումնասիրություններ անել։ Կա՞ արդյոք անձնական կամ պատմական շրջադարձային կետ այս ճանապարհորդության մեջ։

Ինքս ինձ այս հարցը տվեցի իմ «Անավարտ պատմություններ» գրքում, որը հրատարակեցի 2021 թ․։ Մտքումս ցուցակ էի կազմել, թե ինչ կարող եմ անել պատմությանը առճակատվելու և լռեցված ժողովրդի ձայնը դառնալու համար՝ որպես խղճի հարց։ Տարբերակներից մեկը բանավոր պատմության աշխատանքի միջոցով մնայուն ​​փաստաթուղթ թողնելն էր։ Եվ սկսեցի գիտակցել այս ընտրությունը իմ առաջին գրքից։ Մոտիկից ականատես էի այն թույնի հետևանքներին, որը Թուրքիայում ժխտողական, ռասիստական ​​և մոնիստական ​​կրթական համակարգը ցանել էր զանգվածների մտքերում։ Նախևառաջ, պետք է հրաժարվեի պաշտոնական պետական  պատմությունից։ Ակնհայտ էր, որ ժողովրդավարության համար պայքարը չէր կարող իրականացվել առանց թուրքական ազգայնականության, քեմալիզմի, հակասեմիտիզմի, Հոլոքոստի ժխտման և այլ նման խնդիրների հետ հաշտվելու։ Մինչ իրական պատմությունը, ժողովուրդների տառապանքները, Հոլոքոստի պատմությունը սովորելու գործընթացը շարունակվում էր, չէի կարող շքեղություն ունենալ մի կողմ քաշվելու և ասելու. «Լավ, արդեն իմացա ճշմարտությունը»։ Հոլոքոստի զոհ դարձած ժողովուրդների տառապանքներին ականատես լինելը ավտոմատ կերպով առաջացրեց ուժեղ կարեկցանքի զգացում։

Ինչպե՞ս ծնվեցին ձեր «Անավարտ պատմություններ» և «Քեզ որոնելիս» գրքերը։

Իմ երկու գրքերն էլ հրատարակվել են «Յենի Անադոլու» հրատարակչության կողմից։ Երկուսն էլ առաջացել են չպատմված, անավարտ պատմություններ հետամտելու արդյունքում։ Իմ գրքերում ես ներառել եմ իրական կյանքի պատմություններ, որոնք իրենց երեխաներին կամ թոռներին պատմել են հայերը, պոնտոսցի հույները և ասորիները, ովքեր կորցրել են իրենց հարազատներին ցեղասպանության ժամանակ, բայց իրենք դիպվածով ողջ են մնացել։ Դա չլսված ձայները արձանագրելու և դրանք ապագա տանելու փորձ էր։ 2021 թ․ հրատարակված «Անավարտ պատմություններ» գրքում ես նաև փորձեցի մշակել իմ սեփական առերեսման գործընթացը «Անաստասիային փնտրելիս» բաժնում՝ որոնման պատմություն։ 2024 թ․ ամռանը հրատարակվեց իմ «Քեզ որոնելիս» (Seni ararken) գիրքը։ Այս գրքում շարունակեցի լույս սփռել ցեղասպանության զոհ դարձած ժողովուրդների փորձառությունների վրա։ Այս գրքում հետևել եմ իսլամացված հայերի ինքնության որոնմանը և դրա դժվարություններին։ Հուսամեթթին Քուրուլթայի պատմությունը ներառված է «Քեզ որոնելիս» գրքում։

Ի՞նչն էր պատճառը, որ դուք այս պատմությունը լուսաբանեցիք վավերագրական ֆիլմում։

Հուսամեթթին Քուրուլթայի պատմությունը ոչ միայն անհատական ​​է, այլև կոլեկտիվ։ Այն վառ օրինակ է, թե ինչպես է ինքնությունը ճնշվում, իսկ հիշողությունը՝ ջնջվում։ Նրա և իր ընտանիքի ապրածի միջոցով հնարավոր է տեսնել Թուրքիայում ապրող հայ համայնքի հարաբերությունները անցյալի հետ և ինքնության որոնման ճանապարհին հանդիպած դժվարությունները։ Վավերագրական ֆիլմի գաղափարը և առաջին քայլերը ձեռնարկվել են նախքան պարոն Ասատուրի հետ հանդիպելս։ Վավերագրական ֆիլմի արտադրական թիմից իմ ընկեր Ալեքսիս Քալքը տեղեկացրեց վավերագրական նախագծի գոյության մասին և օգնեց ինձ հանդիպել պարոն Ասատուրին։ Երբ սկսեցի ձայնագրել մեր զրույցները պարոն Ասատուրի հետ, ֆիլմի փորձնական ձայնագրություններն արդեն նկարահանված էին։ Ձայնագրեցի պարոն Ասատուրի կյանքի պատմությունը և այն գրավոր ներկայացնելուց հետո կիսվեցի այս պատմությամբ նկարահանող խմբի հետ։ Այսպիսով, միացա նկարահանող խմբին և փորձեցի հնարավորինս շատ ներդրում ունենալ, որպեսզի ֆիլմը հանդիպի իր հանդիսատեսին։ Վավերագրական խմբի ընկերների ծրագիրն էր հետևել 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի հետքերին։ Ասատուրի հայրական և մայրական կողմի տատիկն ու պապիկը հայ որբեր էին։ Ասատուրն ինքը, չնայած ծնողներ ունենալուն, մեծացել է որպես «մշակութային որբ»։ Նրա սերը բնության և մարդկության նկատմամբ, նրա մշտական ​​ներգրավվածությունը արդարության և ժողովրդավարության համար պայքարում 1968 թ․ երիտասարդական շարժումներից մինչև մեր օրերը, նրա անկեղծությունը, ազնվությունը և իսկական պատմությունը դրական ազդեցություն են ունեցել ողջ նկարահանող խմբի վրա՝ առանց բացառության։ Այս բոլոր փաստերը Ասատուրի պատմությունն առանձնացնում էին վավերագրական ֆիլմում։

Ինչպե՞ս է Ասատուրի ինքնության վերագտնման գործընթացը ֆիլմում վերածվել փոխակերպման պատմության։

Ասատուրի պատմությունը ոչ միայն անվան վերագտնում է, այլև մշակութային հիշողության։ Ֆիլմի ընթացքում հանդիսատեսը ներկա կլինի անցյալի մութ սենյակներում խարխափելուն, փակ գրքերը բացելու ջանքերին, ներքուստ խորը ափսոսանքի և մեղքի զգացումներով ուղեկցվող առճակատման գործընթացին։ Ասատուրը տարիների կոդավորված լռությունից դուրս գալու և իրեն վերստեղծելու գործընթացն է։

Ասատուրի պատմության ո՞ր մասն է ամենաշատը ազդել Ձեզ վրա։

Հարցրեցիք մի բանի մասին։ Բայց ֆիլմի երկու տեսարաններն են ամենաշատը ազդել ինձ վրա։ Առաջինը Ասատուրի ցանկությունն է՝ մի օր գտնել իր հարազատներին և սուրճ խմել նրանց հետ Երևանում… Մյուսը անհնարին սիրո պատմությունն է, որը նա չի կարողանում մոռանալ, և որը կենդանի է պահում՝ չնայած իր առաջացած տարիքին։ Ֆիլմում այս երկու թեմաներն են ամենաշատն ազդել ինձ վրա։

Ձեր կարծիքով, ո՞րն է ամենամեծ խոչընդոտը հայ, ասորա-սիրիական և ալևի համայնքների կրած տրավմաների հետ առերեսվելու համար։

Կարծում եմ՝ կան բազմաթիվ և բավականին բազմաշերտ պատճառներ։ Կցանկանայի նշել մի քանիսը։ Ամենամեծ խոչընդոտներից մեկը պաշտոնական ժխտման շարունակականությունն է և դրա ընդունումը հասարակության շատ մեծ մասի կողմից։ Իմ կարծիքով, այս ժխտումը ոչ միայն պատմական մերժում է, այլև լռության, մեղքի, հանցակցության և հանցագործության կրկնության վիճակ, որը ձևավորում է այսօրը։ Այս ժխտումը պահպանվում է կրթության, լրատվամիջոցների, քաղաքական լեզվի և սոցիալական հարաբերությունների միջոցով։ Մեկ այլ խոչընդոտ է այն, որ մինչ պետությունը իրականացնում էր հայերի, պոնտոսցի հույների և ասորիների դեմ ցեղասպանության իր ծրագիրը, մուսուլման ժողովուրդների մի հսկայական թիվ կամավոր մասնակցում էր այս հանցագործությանը և, հետևաբար, մեղսակից է դարձել։ Սա նույնպես խոչընդոտ է հանդիսանում առճակատման համար։ Հավանաբար ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ պետական ​​միտքը ստեղծել է Անկախության պատերազմի արհեստական ​​և անիրատեսական առասպել։ Իրականում տեղի ունեցավ այն, որ հին ժողովուրդներին՝ հայերին, պոնտոսցի հույներին և ասորիներին, որոնք դարեր շարունակ ապրել էին իրենց հողերի վրա, փորձեցին ոչնչացնել ցեղասպանության միջոցով, և դա մեծապես հաջողվեց։ Պետությունը ազատվեց իր քրիստոնյա ժողովուրդներից՝ ոչնչացնելով նրանց։ Նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունը այս ժողովուրդների գերեզմանի վրա կառուցված շենք է և շարունակում է իր գոյությունը միայն հասարակության մի հատվածի ժխտման և իր կատարած հանցագործությունների մեջ ներքաշելով։ Երբ կա արդար և իրական դիմակայություն, նրա գոյությունը կոչնչանա թաքցված և ժխտված հանցագործությունների ի հայտ գալու պատճառով։ Հետևաբար, պետության հիմնական քաղաքականությունը կայանում է պարանոիդ պետությունում ժխտման քաղաքականության շարունակման մեջ։ Այս հիմնական քաղաքականությունը, այսինքն՝ ցեղասպանության ուրացման և անպատասխանատվության քաղաքականությունը, շարունակում է իր անխափան գոյությունը՝ որպես կառավարությունների և բոլոր ընդդիմադիր կուսակցությունների միջև ընդհանուր կոնսենսուս, մի ​​քանի բացառություններով։

Ի՞նչ կապ կա հիշողության և արդարության միջև։ Ի՞նչ ազդեցություն ունեն այս պատմությունները կոլեկտիվ հիշողության վրա։

Իսկական արդարությունը չի կարող հաստատվել մոռացմամբ կամ ուրիշներին մոռանալ ստիպելով։ Առանց հիշողության՝ չկա առերեսում, իսկ առանց առերեսման չկա վերականգնում և զոհված ու հանցագործ ժողովուրդների վստահություն իրենց հետնորդների նկատմամբ։ Այս պատմությունները, ողբերը ջանք են, ջանք՝ ապագային թողնել ավելի արդար հասարակություն՝ մեզ հիշեցնելով անցյալի մասին և երբեք չմոռանալով կամ թույլ չտալով մոռանալ այն։ Յուրաքանչյուր վկայություն լուռ, բայց հզոր միջոց է՝ ասելու «Այլևս երբե՛ք»։ Մենք սա պարտական ​​ենք, առնվազն, միլիոնավոր կործանվածների հիշողությանը։ Ես դա տեսնում եմ որպես փոխանցավազք։ Գուցե մեր հերթն է կրելու դրոշը, և նույնիսկ եթե մենք չենք կարող տեսնել, թե ինչպես է դրոշը հասնում իր նպատակակետին, մենք կարող ենք նպաստել, որ հաջորդները մոտենան նպատակին։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս փորձառությունները, որոնք հանդիպում են հանդիսատեսի կամ ընթերցողի հետ, դրական ազդեցություն կունենան այն զանգվածների վրա, որոնց սրտերն ու մտքերը դեռևս լիովին չեն թունավորվել առճակատման և արդարության պահանջի առումով։

Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ փուլում է ցեղասպանությունների ճանաչման և դիմակայման գործընթացը։

Աշխարհի շատ երկրների կողմից ցեղասպանությունը ճանաչելու որոշումը՝ անկախ այդ որոշումների պատճառից, խոստումնալից է։ Չպետք է մոռանալ, որ ճանաչման որոշումները ստեղծում են մի իրավիճակ, որը բարդացնում է Թուրքիայի ժխտման քաղաքականությունը։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Թուրքիան փորձի կանխել ճանաչման որոշումները իր ողջ ուժով և հաճախ՝ զավեշտալի մեթոդներով։ Սոցիալական մակարդակում դեռևս լուրջ բախման պակաս կա։ Այս գործընթացը դեռևս շատ հետ է մնացել, մասնավորապես՝ Թուրքիայում։ Ես փորձել եմ դրա պատճառները ամփոփել երեք կետով։ Քանի որ հայերի, ասորիների և Պոնտոսի ցեղասպանությունները չառերեսվեցին և ժխտվեցին, տեղի ունեցան Քոչգիրիի, Աղրիի (Այրարատյան-Ակունքի խմբ), Շեյխ Սայիդի, Սվասի, Մարաշի, Չորումի, Ղազիի, Ռոբոսկեի «ցեխոտ» կոտորածները, 1934 թ․ Թրակիայի հրեական ջարդը և 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմը։ Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան, Սիրիայի որոշ հատվածների բռնազավթումը, Իրաքում ռազմական ներկայությունը։ Դեռևս 2023 թ․, Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված քաղաքական, ռազմական և լոգիստիկ աջակցության հետևանքով Լեռնային Ղարաբաղում ապրող մոտ 120․000 հայեր արտաքսվեցին իրենց տներից, և այնտեղ իրականացվեցին էթնիկ զտումներ։

***

Ցուցադրությունները շարունակվում են

«Ասատուր» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2025 թ․ հունվարի 19-ին։ Այն նաև հանդիպեց հանդիսատեսի հետ ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումների շրջանակներում։ Մինչ այժմ ցուցադրություններ են անցկացվել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Քյոլնը, Հայլբրոնը, Կարլսրուեն, Բոխումը, Ֆրանկֆուրտը, Լևերկուզենը, Հայլդելբերգը, Դույսբուրգը, Համբուրգը, Դյուսելդորֆը, Ռեգենսբուրգը, Քելը, Բադ Կրոզինգենը Գերմանիայում և Բրյուսելը Բելգիայում։ Մի քանի բացառություններով, բոլոր կինոթատրոններում, որտեղ ցուցադրվել է ֆիլմը, ցուցադրություններից հետո հարցազրույցներ են անցկացվել նկարահանող խմբի և պատմաբանների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների հետ։

***

Ռեժիսոր՝ Մեմեթ Էմին Յըլդըզ

Պրոդյուսերներ՝ Ալեքսիս Քալք, Օնուր Գյուլեր, Օրսոլա Կազագրանդե

Սցենարի խորհրդատու՝ Մեսութ Էթհեմ Քավալլի

Ծրագրի համակարգող՝ Ադիլ Դեմիրջի

Նախագծի հեղինակ՝ Շերիֆ Չիչեք

https://www.ozgurpolitika.com/haberi-kayip-kimliginin-izinde-200454

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net