Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
85-ամյա Բենիկ Բադասյանի հիմնական զբաղմունքն այժմ իր ձեռքերով կառուցած ջերմոցն է: Չէր էլ պատկերացնի, որ 30 տարի փայտագործ և մեխանիկ աշխատելուց հետո` ավելի մեծ տարիքում, կմասնագիտանա բույսերի ոլորտում: Ծնվել է Ադրբեջանի Լոգբադան ավանում, ուսման ու աշխատանքի է գնացել Բաքու: Շարքային տրակտորիստից դարձել է կոմպրեսորային կայանի պետ: Ասում է՝ աշխատողներիս 90 տոկոսը ադրբեջանցի է եղել:
«Տարիներ շարունակ մենք ընկերություն ենք արել, բարեկամություն ենք արել իրենց հետ, է՜: Բայց երբ այդ խառնաշփոթը եղավ, մեզ չճանաչեցին, ընդհանրապես չճանաչեցին: Էն մարդիկ, ում հետ աղ ու հաց ենք կիսել, մեզ չճանաչեցին»,- ասում է Բենիկ Բադասյանը:
Չեն շտապել լքել իրենց բնակավայրը: Բայց օրերն անցնում էին, լարվածությունը` մեծանում: Օրվա հաց վաստակելը ժամ առ ժամ մեծ խնդիր էր դառնում:
«Մենք տանից դուրս չենք եկել, որովհետև վտանգավոր ա եղել տանից դուրս գալը: Մեզ խանութում ոչ մի բան էլ չէին վաճառում: Իրենց մարդկանց միջոցով հաց ենք վերցրել ու մնացած ապրանքները»,- հիշում է Բենիկ Բադասյանը:
Ճարահատյալ լքել են բնակավայրը: Լոգբադանից եկել են Բաքու, Բաքվից գնացք նստել ու եկել Հայաստան: Հայաստան ժամանելուց հետո 2.5 տարի բնակվել են դպրոցում: Հիշում է, որ իրենց պահել են հարևանները: Սնունդից մինչև հագուստ տրամադրել են, մինչև աշխատանք են գտել ու կամաց-կամաց ոտքի կանգնել: Թեև Բենիկ պապն այնտեղ կորցրել է երիտասարդության տարիները, տունը, աշխատանքը, այնուամենայնիվ, չի ափսոսում կորցրածի համար: Ասում է, որ հիմա իրենք իրենց իրական տանն են:
«Ինչքան էնտեղ լավ լինի, մեր հայրենիքից լավ չի լինի: Ոչ մի ժամանակ: Հայրենիքը մնում ա հայրենիք: Առանց ծնողի մարդ կարող ա ապրի, բայց առանց հայրենիք մարդ ոչ մի ժամանակ չի կարող ապրել: Առանց հայրենիք մարդ ոնց որ որբ լինի: Էստեղ մեր հայրենիքն ա, մեր ազգն ա, մեր արյունը»,- հպարտությամբ նշում է նա:
Նույն` հայրենասիրական ոգով դաստիարակել է իր երեխաներին: Նրանց չի թողնում արտագաղթեն, խրատում է. «Ձեր մի կտոր հացը ձեր հողի վրա վաստակեք և պահեք, պահպանեք փխրուն խաղաղությունը»: