Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրֆայում ենք: Թուրքերն այն Շանլիուրֆա են ասում: Անտիոքից այստեղ չորս ժամ ճանապարհ անցնելուց հետո հանգստանում ենք` զբոսնելով քաղաքի կենտրոնական այգում, որտեղ նաեւ Հալիլ Իբրահիմ մզկիթային համալիրն է: Ասում են, թե այստեղ է աստվածաշնչյան Աբրահամը կրակը նետվել:
Որոշում եմ ներս մտնել. գուցե անհարգալից է` թող ներեն, բայց մտքինս ո'չ Աբրահամն է, ո'չ էլ մզկիթի ներքին հարդարանքը տեսնելը: Այգում զբոսնելիս երկու կանանց էի նկատել, դեմքերին` ծնոտին, այտերին ու ճակատին դաջվածքներ կային: Մզկիթ մտան:
Դաջվածքով կանանց տեսնելով` հիշում եմ Ցեղասպանության թանգարանում ներկայացված` ջարդերից փրկված կանանց լուսանկարները, որոնց դեմքերին նույնատիպ դաջվածքներ են: Թուրք գործընկերներից Ալիին խնդրում եմ բացատրել, թե ովքե՞ր են այդ կանայք: Ասում է` քրդական հին ավանդույթ է. դաջվածքները տարբեր նշանակություն ունեն կամ գուցե գեղեցիկ են համարվում:
Չէ, գեղեցիկ ոչինչ չկա: Եթե նույնիսկ գեղեցիկ է, հայ կանանց ինչո՞ւ էին դաջում: Պարզվում է` Ցեղասպանության տարիներին դաջվածքը կրոնափոխ լինելու լավ ապացույց է եղել, հետեւաբար` կյանքը փրկելու միջոց:
«Առեւանգված եւ մուսուլմանական ընտանեկան կյանք ներառված որոշ կանայք սեփական կյանքը փրկելու համար մահմեդականություն էին ընդունում: Նրանք, ի վերջո, օրինական ամուսնանում էին մուսուլման տղամարդկանց հետ եւ, համաձայն տեղի ցեղային ավանդույթների, ստանում էին հատուկ դաջվածքներ (խորհրդանշում են հովանավորչություն, ուժ, պտղաբերություն)»,- ասվում է Ցեղասպանության ինստիտուտի ինտերնետային կայքում, նաեւ նշվում, որ դաջվածքները ներկայացնում էին կանանց նոր պատկանելությունը, նրանց կյանքում կատարված փոփոխությունը:
Մզկիթի ներսում սարսափելի ճնշվածություն եմ զգում: Տարեց կանայք աղոթում են` կրոնական օրենքներով. փորձում եմ նկարել, նրանցից մեկը չարացած վրաս է նայում ու ձեռքի շարժումով հրամայում հեռանալ: Դրանից առաջ այլ կանայք խնդրում էին իրենց նկարել: Զարմանալի է: Հեռանում եմ նրանցից, մեկ այլ կին ինչ-որ բան է ասում, չեմ հասկանում, բարկացած առաջ է ձգվում ու ուսերիս իջած գլխաշորը բարձրացնում, ծածկում գլուխս: Ես այստեղ օտար եմ: Դաջվածքով կանայք էլ չկան: Դուրս եմ գալիս:
Փակցված ցուցանակին գրված է, թե մզկիթը կառուցվել է Մելիք Էշրեֆ Մուզաֆերդինի կողմից`1211 թվականին, սակայն մինչ դա Մերյեմ բուզանդական եկեղեցին է եղել: Շատ մզկիթների դեպքում էլ ասվում է, որ եկեղեցի է եղել, բայց թե ի՞նչ եկեղեցի. նշված տեղեկություններին վստահել չի կարելի: Քուրդ էքսկուրսավարն ասում է, թե «հայկական» բառն ընդհանրապես դուրս է բերված «Արեւելյան Անատոլիայից»:
Խարան այցելությունից հետո խնդրում ենք կազմակերպիչներին տեղի հայերի տները տանել. գիտենք, որ այստեղ մոտ հազար հայ կա: Հայկական համառոտ հանրագիտարանում նշվում է, որ 19-րդ դարի սկզբին Ուրֆան ուներ մոտ 2 հազար հայ ընտանիքներ, Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին` շուրջ 35 հազար հայ բնակիչ: Հայերը զբաղվել են առեւտրով, երկրագործությամբ, հռչակված են եղել հայ քարակոփ վարպետները, կտավագործները, բրուտները: Միջազգային ճանաչում են ունեցել Ուրֆայի հայ կանանց ասեղնագործ աշխատանքները, որոնք վաճառվել են Անգլիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: Եղել են հայկական դպրոցներ, եկեղեցիներ: Հայտնի ուխտավայրեր են եղել քաղաքամերձ Սբ Սարգիս վանքը եւ Աբգար թագավորի դամբարանը:
Մեծ եղեռնի ժամանակ Ուրֆայի հայերը դիմել են ինքնապաշտպանության, սակայն կոտորածներ եղել են, բազմաթիվ հայեր գաղթել են: Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո ողջ մնացած ուրֆացի հայերը վերադարձել են, սակայն քեմալական հալածանքների պայմաններում հարկադրված են եղել հեռանալ մինչեւ 1923 թվականը: 1913 թվականին քաղաքում 32600 հայ բնակիչ է եղել:
Ուրֆացի հայերին տեսնել չենք կարող, ուշանում ենք ընթրիքից, ինքնուրույն գտնել էլ, հասկանալի է, չենք կարող: Իսկ ընթրիքն իսկական թուրքական խնջույք է. թուրքերը վայելքի մեջ են` քյաբաբ, որով արդեն հինգերորդ օրն է կերակրում են մեզ, ռակի, բարձր երաժշտություն: Բայց պարողներ չկան. թմբկահարը պարողներից փող է ուզում: Ոչինչ, կրքերը թեժանում են, թմբկահարը ռակի է լցնում թմբուկին ու շարունակում զարկել, հեղուկը աջուձախ է ցայտում, հետո արդեն բարձրանում են սեղանին, պարում դրա վրա: Մյուս կողմում ցուցադրաբար Սիրա Գեջեսի են պատրաստում, որը հենց այդ նույն սեղանին պիտի ուտեն: Սա շոկ է. երեւի մշակութային շոկ: Արդյունքում` կորցնում ենք եւս երեք թանկարժեք ժամեր:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ուրֆա