Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրիտանական BBC-ն «Նամակ Աֆրիկայից» (Letter from Africa) շարքից նոր հոդված է հրապարակել, որը պատմում է հայ-եթովպիական հարաբերությունների, Եթովպիայում հայկական համայնքի, ինչպես նաև դրա վիճակի մասին. հայտնում է Yerkir.am-ը:
Հոդվածի հեղինակը լրագրող Իսմայիլ Էինաշեն է, ով երկրում գտնվելով, բազմիցս լսել և հետաքրքրվել է հայկական համայնքով ու դրա պատմությամբ:
Հոդվածում նշվում է, որ դեռևս 19-րդ դարում Մենելիկ 2-րդ կայսեր գահակալման օրոք այստեղ ձևավորված փոքրաթիվ հայկական համայնքը առավել ընդլայնվել է 20-րդ դարում՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերից փրկված և այս հողերում ապաստան գտած հայերի շնորհիվ: Հենց նրանք են կարևորագույն դերակատարում ունեցել երկրի տնտեսության, մշակույթի ձևավորման, ինչպես նաև դրա ընդհանուր զարգացման գործում:
Հայաստանի և Եթովպիայի միջև ամուր կապ է ստեղծվել առավելապես Ուղղափառ եկեղեցու շնորհիվ, բայց հետագայում կապն ավելի է ամրապնդվել դիվանագետների ու առևտրականների շնորհիվ:
Հեղինակն անդրադարձել է նաև 1930 թվականին հիմնադրված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցուն ու իր՝ եկեղոցի այցելության մասին: Էինաշեն տպավորված է ճարտարապետական այս կոթողի զարդարանքներով՝ չնայած, որ նշում է՝ սովորական օրերին այնտեղ քահանա չի լինում: Հավելվում է նաև, որ այս եկեղեցին բոլոր ժամանակներում հայերի համար որպես համայնքի կենտրոն է ծառայել:
Հոդվածում պատմվում է նաև, որ Եթովպիայում հայերի թիվը սկսել է աճել Ռազ Թաֆարի կայսեր գահակալության օրոք: Նա Երուսաղեմի հայկական եկեղեցի կատարած այցելության ըթնացքում տեսել է 40 հայ որբի ու հայոց պատրիարքին խնդրել է թույլ տալ ստանձնել նրանց խնամակալությունը:
Կայսեր ջանքերի շնորհիվ հետագայում երեխաները երաժշտական կրթություն են ստացել ու այդպիսով հանդես եկել կայսերական փողային նվագախմբի կազմում, որը ղեկավարել է Եթովպիայի ազգային օրհներգի հեղինակ Գևորգ Նալբանդյանը:
Եթովպիայում հայկական համայնքը իր զարգացման բարձրագույն մակարադակին է հասել 1960 թվականին, երբ հայերի թիվը հասել է 1.200-ի: Այնուամենայնիվ, 1974 թվականին Ռազ Թաֆարիի գահընկեցության ու Սոցիալիստական Եթովպիայի ժամանակավոր ռազմական կառավարության հաստատմամբ պայմանավորված՝ երկրում սկսել են ճնշումներ գործադրվել, հետևաբար հայերի մեծ մասը սկսել է լքել Եթովպիան ու հաստատվել առավելապես Եվրոպայում ու Հյուսիսային Ամերիկայում:
«Այս պահի դրությամբ հայկական համայնքը 100 հոգուց է բաղկացած՝ հիմնականում տարեցներ են»,- նշվում է հոդվածում:
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ.