կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-06 19:59
Հասարակություն

ԵԽ-ն կոչ է արել Թուրքիային շարունակել աշխատանքները Հունաստանի եւ Կիպրոսի հետ տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ

ԵԽ-ն կոչ է արել Թուրքիային շարունակել աշխատանքները Հունաստանի եւ Կիպրոսի հետ տարաձայնությունների կարգավորման ուղղությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել Թուրքիային շարունակել աշխատել Միջերկրական ծովում գազի իրավունքի հետ կապված Հունաստանի եւ Կիպրոսի հետ տարաձայնությունների լուծման ուղղությամբ:

«Անկարայում մենք պատրաստ ենք (Էրդողանի) քննարկում սկսել ԵՄ-Թուրքիա հարաբերությունների ապագայի վերաբերյալ»,- գրել է Միշելը Twitter-ում: «Կայուն դեէսկալացիան անհրաժեշտ է ավելի կառուցողական օրակարգի ձեւավորման համար»:

Թուրքիայի եւ ԵՄ անդամ Հունաստանի եւ Կիպրոսի միջեւ տարաձայնությունները օֆշորային իրավասության շուրջ սրել են հարաբերությունները՝ գագաթնակետին հասնելով անցյալ ամռանը, երբ թուրքական եւ հունական ծովային ֆրեգատներն ուղեկցում էին վիճելի ջրերում ածխաջրածիններ որոնող նավերին, փոխանցում է Reuters:

Եվրամիությունը սատարում է Աթենքին, մինչդեռ Անկարան ԵՄ-ին մեղադրել է 2016-ի Միգրանտների համաձայնագրով նախատեսված պարտավորությունների չկատարման եւ կողմնակալության մեջ:

Շառլ Միշելի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը հաջորդել է անցյալ ամիս կայացած ԵՄ գագաթնաժողովին, որին ԵՄ-ն հայտարարել էր, որ կարող է աշխատանք սկսվել առեւտրային կապերի խորացման եւ Թուրքիայում փախստականներին լրացուցիչ միջոցների հատկացման ուղղությամբ:

Չնայած մտահոգություններին առ այն, որ Թուրքիան հեռվանում է մարդու իրավունքներից՝ ԵՄ-ն ողջունել է վերջերս վիճելի ջրերում գործող նավերի դուրսբերումն Անկարայի կողմից եւ բանակցությունների վերսկսումը Հունաստանի հետ:

Անցյալ ամիս ԵՄ-ն բացել էր Մաքսային միության արդիականացման աշխատանքները սկսելու դուռը՝ Անկարայի պահանջներին համապատասխան: Դա կհանգեցնի նրան, որ ԵՄ թեկնածու Թուրքիան կմտնի աշխարհի խոշորագույն առեւտրային բլոկի ներքին շուկա եւ կապահովի ապրանքների եւ ծառայությունների անարգել հոսքը:

Վերջին տարիներին Էրդողանը նսեմացնում է ԵՄ-ին անդամակցության կարեւորությունը, եւ վերլուծաբաններից միայն քչերն են դա անխուսափելի համարում:

Անցյալ ամիս կայացած գագաթնաժողովին ԵՄ-ն նախազգուշացրել էր Անկարային պատժամիջոցների մասին, եթե այն վերսկսի էներգետիկ ռեսուրսների որոնումը վիճելի ջրերում, եւ մտահոգություն էր հայտնել Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի կապակցությամբ:

Ակնկալվում է, որ Անկարայում Միշելն ու Ֆոն դեր Լյայենը կշեշտեն, որ ԵՄ-ն հավանություն չի տա հարաբերությունների սերտացմանը՝ առանց հիմնարար իրավունքներին հետեւելու:

Եվ ԵՄ-ն, եւ ԱՄՆ-ն քննադատել են կանանց բռնությունից պաշտպանող կոնվենցիայից կտրուկ դուրս գալու Թուրքիայի քայլը, ինչպես նաեւ երրորդ խոշոր ընդդիմադիր «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցության փակման դատական գործը: