կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-23 08:56
Առանց Կատեգորիա

«Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է. այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը»․ «Փաստ»

«Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է. այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երկրում առկա քաղաքական լարվածությունը թոթափելու նպատակով գործող իշխանությունները որոշել են հունիսի 20-ին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Չնայած քաղաքական որոշ ուժեր ու գործիչներ նշում են, որ այս ընտրություններն են միակ ելքը երկրում բոլոր ոլորտներում առկա անկայունությունը հաղթահարելու համար, ոմանք կարծիք են հայտնում, որ քաղաքական և հոգեբանական առումով հիմա ընտրություններ կազմակերպելը սխալ որոշում է:

Նրանց կարծիքով՝ պետք էր ձևավորել ժամանակավոր կառավարություն, այդ ընթացքում իշխանությունները հրաժարական կներկայացնեին, և երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվեին, հասարակությունն էլ պատրաստ լիներ որոշում կայացնելու, այն ժամանակ միայն կազմակերպվեին խորհրդարանական ընտրություններ: Սակայն այս պահին փաստն այն է, որ ընտրություններին մնացել է երեք ամիս ժամանակ: Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանը նշում է՝ ոչ թե փաստ է, որ հունիսի 20-ին լինելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, այլ դա փաստի աղավաղում է:

«Իմ կարծիքով՝ նման բան լինել չի կարող, քանի որ դա կլինի տրամաբանությունից դուրս, չնայած այն, ինչ մեր երկրում այժմ կատարվում է, արդեն տրամաբանությունից դուրս է: Կարծում եմ՝ ընտրությունների մասին խոսվում է՝ փորձելու համար հասարակության արձագանքը: Դա հատուկ եղանակ է՝ խոսել դրա մասին որպես հաստատված փաստի, մինչդեռ դա հերթական սուտն է, որը հնարավոր է դառնա իրականություն, եթե հասարակությունը դարձյալ գնա այդ խարդավանքին, այդ խաբեությանը: Ոչ մի իրավունք և հիմք չկա այս ձևով արտահերթ ընտրություն հայտարարելու: Եթե այս իշխանությունն իրավունք ունի, իրավասու է ընտրություններ կազմակերպել, էլ ինչո՞ւ ենք ընտրություններ անում: Ամբողջ հարցն այն է, որ նա դրա իրավունքը չունի: Ողբերգական, չարաբաստիկ պատերազմից հետո առաջարկվեց ստեղծել ժամանակավոր կառավարութուն՝ Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ:

Կարծում եմ, որ ներկա պահին դա էր ամենաճիշտ ճանապարհը: Ինչո՞ւ են խուսափում այդ ճանապարհից: Սա քաղաքակիրթ և նաև անելանելի վիճակից դուրս գալու, ինչ-որ չափով, կոմպրոմիսային լուծում է: Անցումային շրջան, որից հետո ավելի խաղաղ և դրական պայմաններում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարինե Հակոբյանը և իր կողմից հարց հնչեցնում.- Ի դեպ, ո՞ւր է Տիգրան Մուկուչյանը, դեռ պահպանվո՞ւմ է այս իշխանությունների կողմից: Ինչո՞ւ մինչև հիմա դատապարտված չէ: Եվ այս պայմաններում կարելի է խոսել ազնիվ ընտրությունների մասի՞ն: Եվ ընդհանրապես, ասել, որ ընտրությունները կարող են լինել լավագույն տարբերակը ստեղծված իրավիճակը լիցքաթափելու համար, ճիշտ չէ. կարծում եմ՝ դա վատագույն տարբերակն է: Այստեղ անգամ լավագույն կամ վատագույն տարբերակի հարցը չէ: Սա ժողովրդի համար վիրավորական տարբերակ է: Այդ աստիճան չի կարելի արհամարհել հասարակությանը, այս աստիճան չի կարելի հասարակությանը դնել չհասկացողի տեղ, մի զանգվածի տեղ, որին ինչպես ուզես, կարող ես մոլորեցնել, խաբել, և նա այդ ամենը կհանդուրժի: Դա է ամենից ահավորը: Ինձ հիմա ամենից շատ դա է մտահոգում, որ մեր հասարակությունը դարձել է այս աստիճան խեղճացած, հանդուրժող, անինքնասեր»,նշում է մեր զրուցակիցը։

Խոսվում է այն մասին, որ հոգեբանական առումով նույնպես անթույլատրելի է ընտրությունների անցկացումը, երբ հասարակությունը դեռ ցնցումից չի սթափվել և չի կողմնորոշվում: Իշխանությունները և որոշ խորհրդարանական ուժեր շտապում են, որովհետև գիտեն, որ ժամանակը իրենց դեմ է աշխատում: Մշակութաբանն ընդգծում է.

«Մի կողմից՝ կարելի է ասել՝ բոլորս մեղավոր ենք սխալվելու, խաբվելու համար, բայց մյուս կողմից՝ տարիներ շարունակ այնպիսի ապատեղեկատվություն է մատուցվում, որ այլևս տեղ չի մնում ազատ մտածելու համար: Այս պայմաններում մարդկանց խաբված լինելն էլ կարելի է հասկանալ, թեև հիմա արդեն ես, իհարկե, չեմ հասկանում: Ամեն դեպքում, մարդը պետք է կարողանա արթնանալ, իրեն թափ տալ և ինքնուրույն մտածել ու փաստերի հիման վրա եզրակացություն անել: Իսկ փաստերը բազմիցս ներկայացվել են հասարակությանը զանգվածային լրատվության միջոցներով: Պարզապես յուրաքանչյուրը պետք է ունենա ցանկություն ոչ թե իր երևակայած տրամադրություններով, ատելության կամ սիրո զգացմունքներով առաջնորդվելու, այլ միայն փաստերով: Այն փաստերը, որ պատերազմի հետ կապված յուրաքանչյուրը լսել է, ահա այդ փաստերը պետք է կողք-կողքի դնել և սեփական եզրակացությունն անել: Ուրիշ ոչինչ պետք չէ»,-եզրափակում է Կարինե Հակոբյանը»: