կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 18:15
Քաղաքական

Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ցանկացած ստորություն կարելի է սպասել. «առևանգելուց» բացի ինձ մեկուսացնելու այլ տարբերակ չկա․ Ա․ Վանեցյան

Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ցանկացած ստորություն կարելի է սպասել. «առևանգելուց» բացի ինձ մեկուսացնելու այլ տարբերակ չկա․ Ա․ Վանեցյան

Հունիսի 9-ի առավոտյան լուր էր տարածել, որ իշխանությունը պատրաստվում է ձերբակալել եւ երկամսյա կալանքի սանկցիա ստանալ դատարանից՝ ԱԱԾ նախկին տնօրեն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ կապված։ Օրվա ավարտին Hraparak.am-ը հարցեր է ուղղել Արթուր Վանեցյանին։

-Պարոն Վանեցյան, մենք տեղեկութուն ունեինք, որ վարչապետի հանձնարարությամբ այսօր ձեզ պետք է «ցանկացած գնով ձերբակալեին», օրվա վերջն է արդեն, կասե՞ք ձեզ հետ որևէ քննչական գործողություն, կամ հրավեր՝ իրավապահ մարմիններ, եղե՞լ է:

-Ես այս պահին գրասենյակում եմ, ողջ օրվա ընթացքում եղել եմ այստեղ, բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համախոհներիս ու գործընկերներիս հետ: Ինչ վերաբերում է ձեր նշած տեղեկություններին, պիտի ասեմ, որ հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունից ամեն ինչ, ամեն տեսակի ստորություն կարելի է սպասել, բայց վստահեցնում եմ, որ բացի «առևանգելուց», այն էլ՝ ժամանակավոր, ինձ մեկուսացնելու ոչ մի եղանակ չկա: Խոսքն օրինական եղանակների մասին է: Համոզված եղեք՝ իմ նկատմամբ օրենքով նախատեսված որևէ գործողության, հետապնդման առիթ, պատճառ և հիմք չկա:

-Իսկ համախոհների ու գործընկերների հետ ի՞նչ եք քննարկում, քաղաքական բնույթի հարցե՞ր են, թե՞ իրավական:

-Այս պահին մեր օրակարգում մեկ հարց է՝ կառավարումը տապալած իշխանության հեռացումը: Ես այդ մասին արդեն խոսել եմ, ու մեզ ոչինչ, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք հետ չի պահի այդ նպատակից: Այս օրերին իմ գլխավորած «Հայրենիք» կուսակցությունն ինտենսիվ խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ, մենք ունենք համատեղ գործողությունների պլան, որի մանրամասների շուրջ կխոսենք մեկ-երկու օրից: