Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քննարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին կառավարության բերած նախագիծը:
Հիմնական զեկուցող` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանի զեկույցից հետո հարակից զեկույց ներկայացրեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը: Նա նշեց, որ հանձնաժողովում քննարկվել է այս փաթեթը և արժանացել դրական եզրակացության:
Ըստ Բոստանջյանի՝ փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է 17 թվականի հուլիսի 20-ին ռադիոընկերությունների լիցենզիաների գործունեության ժամկետների դադարեցմամբ և ռադիոհաղորդումների նոր մրցույթի հայտարարման անհրաժեշտությամբ: Նա հայտնեց նաև, որ հանձնաժողովում քննարկվել է առաջին հերթին անվտանգության հարցը՝ թվային հեռարձակման առումով:
Բոստանջյանն անդրադարձավ նաև բազայի տուրքի բարձրացմանը: «Ինչ վերաբերում է պետական տուրքի՝ նախորդի համեմատ կտրուկ բարձրացմանը, գրեթե կրկնապատկվում է: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բազայի տուրքի 500-ապատիկը վտանգավոր չէ, և բոլոր` մրցույթին մասնակիցները խնդիր չեն ունենա»,- ասաց նա:
Նշենք, որ կառավարության այս նախագծով առաջարկվում է բարձրացնել ռադիոհաղորդումների հեռարձակման համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը:
Սրան արձագանքեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, ով նշված հանձնաժողովի անդամ է: «Երեկվա մեր քննարկման ժամանակ մենք հարցադրումը արեցինք այն տեսանկյունից՝ ինչո՞ւ 500, այլ ոչ թե` 400: Ինչո՞ւ հիմնավորում չկա, խոսքը դրա մասին է: Մենք փորձեցինք մեր հարցադրումով ձևավորել մշակույթ, որ եթե կառավարությունը նախագիծ է բերում ԱԺ, փորձի նաև հիմնավորել օրենսդիրի առաջ իր նախագիծը: Հակառակ դեպքում ստացվում է՝ միևնույն է, պետք է անցնենք թվայինի, ուրիշ տարբերակ չունենք: Միևնույն է, «ուրիշ տարբերակ չկա» հիմնավորումով չի կարելի որևէ նախագիծ բերել օրենսդիր»,- ընդգծեց պատգամավորը:
Բոստանջյանն էլ նշեց, որ ինքը բարձրացրել է այդ հարցը, որ պետք է համակողմանի հիմնավորում բերվի: