Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարությանը մի շարք գործընթացներ հաջորդեցին: Հաշվի առնելով մեր երկրում դեպքերի արագ զարգացումները՝ առաջիկայում ևս ոչինչ բացառել չի կարելի: Այնուամենայնիվ, վերլուծելով մինչ այս տեղի ունեցող գործընթացները, անդրադառնալով անգամ ԳՇ հայտարարությունից հետո կառավարության կողմից հրաժարական չտալու իրողությանը՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում մի շարք կետեր առանձնացրեց: «Հայաստանում ներքաղաքական գործընթացներն ունեն աշխարհաքաղաքական չափում։ ԳՇ հայտարարությանը հաջորդեցին գերտերությունների արձագանքները, որոնք պարզ ցույց են տալիս, թե որ պետությունն ինչ հանգուցալուծման կողմնակից է։ Ռուսաստանն ակնհայտորեն աջակցում է ընդդիմությանը, իսկ Թուրքիան՝ իշխանությանը։
Այն, որ անգամ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետը հրաժարական չտվեց, ցույց է տալիս, որ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը թուլացել են, իսկ Թուրքիայինը՝ ուժեղացել»,-նշեց փորձագետը: Անդրադառնալով իշխանության կողմից կրկին արտահերթ խորհրդարանական ընտրության թեման շրջանառելուն ու հարցին, թե ի՞նչ օրակարգով է առաջնորդվում իշխանությունը՝ Դավիթ Մաթևոսյանը նկատեց. «Իշխանությունը խոսում է արտահերթ ընտրությունների մասին այն ժամանակ, երբ նրա նկատմամբ ճնշումն ուժեղանում է։ Արտահերթ ընտրության մասին խոսելը թույլ է տալիս խարխլել ընդդիմադիր շարժման միասնականությունը, առևտրի դաշտ է բացում խորհրդարանական ընդդիմության հետ, քանի որ բոլոր քաղաքական ուժերը սկսում են վերադասավորվել ընտրություններին առավելագույն ձայներ ունենալու նպատակով։ Օրինակ՝ երբ խոսք եղավ արտահերթ ընտրության մասին, ընդդիմության մի մասը հայտարարեց, որ անթույլատրելի է մասնակցելը, մյուս մասը հայտարարեց, որ պատրաստ է մասնակցել:
Մեկ ուրիշն էլ հայտարարեց, որ մասնակցելու է առանց դաշինքի և այլն»: Իսկ թե ինչու է անթույլատրելի այս իշխանության կազմակերպած ընտրություններին մասնակցելը՝ նա շեշտեց. «Պետք է նախ և առաջ հասկանալ, թե որն է մեր խնդիրը, և արդյոք դա կլուծվի, եթե արտահերթ ընտրությունները կազմակերպեն գործող իշխանությունները։ Նախ՝ ատելության մթնոլորտը և բևեռացվածությունը չեն վերանա, քանի դեռ քաղաքական դաշտում կա Նիկոլ Փաշինյանի գործոնը։ Ուստի, եթե խնդիր է դրվում հասնել համերաշխության, իշխանության կողմից կազմակերպվող ընտրություններն այդ խնդիրը չեն լուծելու։ Բացի այդ, քրեական պատասխանատվության վտանգի տակ գտնվող իշխանությունները, որոնք ունեն ցածր վարկանիշ, ամեն ինչ անելու են վերարտադրվելու համար և չեն խորշելու վարչական ռեսուրս կիրառելուց։ Ուստի՝ ընտրությունների լեգիտիմությունն ի սկզբանե կասկածի տակ է հայտնվելու, ինչը ևս չի բերելու քաղաքական կայունության»:
Ամփոփելով՝ Դավիթ Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձանք այսօր առկա հիմնական մարտահրավերներին ու խնդիրներին: «Կան հրատապ և երկարաժամկետ խնդիրներ։ Հրատապ խնդիրն այն է, որ պետք է կասեցնել պետության փլուզումը, թույլ չտալ Մեղրիի միջանցքի իրագործումը, լուծել կենսական անվտանգային խնդիրները և այլն։ Երկարաժամկետ խնդիրը պետության արդյունավետ մոդելի ընտրությունն է, արտաքին կողմնորոշման հստակեցումը և այլն։ Իրականում այժմ ամեն ինչ կրիտիկական վիճակում է։ Մի քանի օրից թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը զորավարժություններ կանեն։ Սա հատկապես ռիսկային է, երբ հաշվի ենք առնում Ալիևի վերջին սուր հայտարարությունները։ Հայաստանը ոչ մի կերպ պատրաստ չէ արտաքին մարտահրավերներին։ Հույս ունենանք, որ ներքաղաքական հակամարտությունը շուտ կավարտվի, ինչը հնարավորություն կտա պատրաստվել արտաքին և ներքին մարտահրավերներին»,-եզրափակեց մեր զրուցակիցը»: