Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ջերմուկ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ և «Համերաշխություն» ուժերը միավորող՝ «Մեր համայնքը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Ազատ Հովակիմյանն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ դեկտեմբերի 5-ի ընտրություններում քվեարկությունն անցնի գաղտնի, փակ, ոչ մեկը չիմանա, թե ում են ընտրել ջերմուկցիները, խախտումներ չլինեն։
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հոկտեմբերի 27-ի որոշմամբ դրամական միանվագ օգնություն է բաժանել համայնքի 61 ընտանիքներին՝ 3 միլիոն դրամ։ Սա մեխանիզմ է, որ կիրառվեց նաև Գյումրիում ու այլ համայնքներում, և կարող է մեկնաբանվել իբրև ընտրակաշառք։
«Բա մինչև հիմա ինչի՞ չեն բաժանել, եթե այդպիսի օգնության ծրագիր ունեին, թողել են՝ ընտրությունների շեմին են բաժանում։ Երևույթը լավ չէ, ես բացասական եմ վերաբերվում, որ ընտրություններից առաջ են բաժանում»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Ազատ Հովակիմյանը։
Նա այդ 61 ընտանիքներին խորհուրդ է տալիս՝ օգնության գումարը վերցնել, բայց դա չկապել ընտրությունների հետ, ընտրել նրան, ում կցանկանան, միևնույն է՝ քվերակությունը գաղտնի է և ոչ մեկը չի իմանալու՝ ում են ընտրել։
«Դուք եք՝ ձեր Աստվածն է քվեատուփի մոտ, դուք որոշեք՝ ում պիտի ընտրեք ձեր հետագայի, ձեր սերունդների, ձեր համայնքի համար, որպեսզի նորմալ մարդիկ գան, կարողանան նորմալ ձեր հարցերը լսել, ընկալել, հոգալ։ Մենք ուզում ենք բնակչության համար ծառա լինել, նրանց համար աշխատել»,-ասաց Ազատ Հովակիմյանը։
Ինչ խնդիրներ են լուծելու՝ նշված է նախընտրական ծրագրում․ Ազատ Հովակիմյանը Ջերմուկում է ծնվել, մեծացել, ավելի քան 20 տարի եղել է համանքի ավագանու անդամ, միայն վերջին տարիներին չի եղել, ջերմուկցիների մեծ մասին ճանաչում է, նրանք էլ իրեն են ճանաչում։ Համայնքապետի թեկնածուն վստահեցնում է, որ բոլորի հոգսերի մեջ մտնելու է, ձգտելու է լուծումներ գտնել և մարդկանց օգտակար լինել։
Ամենամեծ հոգսը, նրա գնահատմամբ, այն է, որ Ջերմուկում վախի մթնոլորտ է տիրում։ Պետք է մարդկանց օգնել՝ հաղթահարել այդ վախը, չվախենալ, որ եթե ինչ-որ մեկին ձայն տան կամ մտնեն ավագանու ցուցակ՝ իրեն գործից կհանեն։ Մարդիկ պիտի ազատ լինեն իրենց ընտրության մեջ՝ ասաց Ազատ Հովակիմյանը։
«Եթե վախենալով՝ իշխող թիմին ընտրեն, այդ նույն վախի մթնոլորտը եթե մնա՝ ջերմուկցին չի զգա, որ ինքն է համայնքի տերը»,-ասաց թեկնածուն։
Վերջին տարում գործող իշխանությունները Ջերմուկից էլ տարածքներ տվեցին ադրբեջանցիներին․ Ալ լճերի ջրառատ արոտավայրերը առանց որևէ քննարկման թվեցին թշնամուն, այնինչ դա բուն հայկական տարածք է եղել։
«Դրանք եղել են Սովետական Հայաստանի տարածքում։ Մեր տարածքները չպետք է այդպես զիջեին, շատ վատ եմ վերաբերվում»,-ասաց թեկնածուն։
Այդ տարածքը ջերմուկցիներն ու վարդենիսցիները որպես խոտհարք էին օգտագործում, անասուն էին արածեցնում, զբոսաշրջիկների էին տանում, հիմա արդեն չեն կարող գնալ։ Ջերմուկը միանգամից սահմանամերձ է դարձել, ադրբեջանցները մոտեցել են բնակավայրերին, մարդիկ էլ բանջար չեն հավաքում, խոտ չեն տեղափոխում։ Ազատ Հովակիմյանի նախընտրական պլատֆորմում անվտանգային բաժին էլ կա։
«Պաշտպանության նախարարության հետ պետք է ակտիվ աշխատել։ Առաջնահերթ պետք է ապաստարանների հարցը կարգավորել, մոնիթորինգ անել, պլան մշակել՝ որտեղ պետք է ապաստանեն ժողովուրդը, ինչ նոր բաներ կարելի է կառուցել, ինչը՝ օգտագործել»,-ասաց «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն։
Աշխատատեղեր ստեղծելու համար ձգտելու են ներդրումներ ներգրավել Ջերմուկ՝ տեղի բիզնեսմեններից, մայրաքաղաքից, Սփյուռքից։
«Դրանով աշխատատեղերը կշատանան, ջերմուկցիները չեն հիասթափվի, չեն հուսալքվի, չեն թողնի՝ գնան»,-ասաց թեկնածուն։
«Մեր համայնքը» դաշինքի նախընտրական կարգախոսն է «Բարեկարգ համայնք, առողջ սերունդ»։
Առողջ սերունդ ունենալու համար պետք է թույլ չտան, որ աղտոտեն Ջերմուկի օդը, ջուրը։ Այստեղ ամենամեծ մարտահրավերը Ամուլսարի հանքի շահագործումն է։ Ազատ Հովակիմյանն ասաց՝ շահագործել-չշահագործելու հարցը մասնագետները պետք է որոշեն, բայց եթե իրեն, որպես համայնքապետ, երկընտրանք առաջադրեն՝ Ամուլսարից ստացած եկամո՞ւտն է կարևոր, թե՞ մարդկանց առողջությունը, միանշանակ կընտրի ջերմուկցիների առողջության օգտին։
«Եթե վնաս պիտի տա քաղաքին, տուրիզմին, բնակչությանը, պետք է մեր ձայնը բարձրացնենք։ Իսկ եթե Լիդիանը երաշխավորի, որ օդն ու ստորգետնյա ջրերը չեն աղտոտվի՝ աշխատանքն ու աշխատատեղերն էլ են պետք։ Եթե կաշխատի՝ առանց շրջակա միջավայրին վնաս տալու՝ մեզ ձեռնտու է, որ մեր համայնքի բնակիչներն այնտեղ աշխատեն։ Ամեն դեպքում, սերունդների բարեկեցությունը մեզ համար ավելի առաջնային է, քան որևէ գումար, դրա համար էլ մեր կարգախոսում ներառել ենք «առողջ սերունդ» արտահայտությունը»,-ասաց Ազատ Հովակիմյանը։
Առողջարանային քաղաք Ջերմուկում նոր հյուրանոցներ, առողջարաններ սարքելը կնպաստեր, որ հյուրերին ավելի բարձր մակարդակով ընդունեին՝ Ջերմուկն իր հեղինակությունը ոչ միայն չգցեր, այլև ավելի բարձրացներ՝ վստահ է թեկնածուն։ Պետք է բարելավել ենթակառուցվածքները, մաքուր պահել քաղաքը։
Ջերմուկ խոշորացված համայնքը ներառում է 3 բնակավայր՝ Ջերմուկ քաղաքը և 2 գյուղ՝ Կեչուտն ու Գնդեվազը։ Վաղվանից սկսվում է քարոզարշավը․ ավագանու ընտրություններում պայքարելու է 3 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ապրելու երկիրը», «Մեր համայնքը» դաշինքը։
Ազատ Հովակիմյանն ասաց՝ քարոզարշավն անցկացնելու են հիմնականում բնակիչների հետ հանդիպումներով, բուկլետներ բաժանելով։ Պաստառների մեծության վրա շեշտադրում այնքան էլ չեն անելու, մտածում են՝ մարդկանց հետ խոսելն ավելի արդյունավետ է, նրանք անմիջականորեն տեսնում են՝ ում են ընտրելու, ուղղում հետաքրքրող հարցերը, լսում լուծումները։
Դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ համայնքներում։
Աննա Բալյան