Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան հնարավոր չէ դաշնակից համարել, որովհետև տակավին հայատյաց քաղաքականություն է վարում, Ադրբեջանը նույնպես՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ Հայաստանի հետ Թուրքիայի խաղաղասիրական մտադրությունները համեմատելով Սիրիայի բացասական փորձի հետ։
«Նախքան սիրիական պատերազմը Թուրքիան փորձեց բարեկամական հարաբերություններ հաստատել Սիրիայի հետ և հաջողեց։ Սիրիան այդ դռները լայն բացեց Թուրքիայի դիմաց, այնքան հարաբերությունները լավ էին, որ նույնիսկ անցագրային դրույթը վերցվեցավ շրջան մը՝ ազատորեն կերթևեկեին Սիրիա-Թուրքիա սահմանով։ Բայց այս բոլոր խաղաղասիրական մոտեցումը Սիրիայի պետության կողմից Թուրքիան լավապես օգտագործեց և լավապես սերտեց Սիրիայի ներքին տկար կետերը և օգտագործեց նրա դեմ պատերազմ հրահրելու, ներքին դրվածքը քայքայելու, նույնիսկ տնտեսությունը քայքայելու համար»,-ասաց Զարմիկ Պողիկյանը։
Նա վկայեց, որ իրենք ականատեսը եղան Հալեպի գործարանների քանդվելուն և փոխադրվելուն Թուրքիա, հյուսիսային շրջանի մեջ քրդերի դեմ պատերազմելու պատրվակով Թուրքիան գրավեց տարածքները, հանքային հարստությունները գողացավ, այս բոլորն արեց այն Թուրքիան, որը նախքան պատերազմը Սիրիայի հետ բարեկամական հարաբերություններ մշակած երկիր էր։
«Ասել կուզեմ, որ խաղաղասիրական կոչերին այնքան էլ պետք չէ հավատալ, պետք է մեկնել երկրի ազգային շահերից և պատմությունից միշտ դասեր քաղել»,-ասաց Զարմիկ Պողիկյանը։
Թուրքիան տարիներ ի վեր ոչ մի ձևով չի փորձել Հայաստանի՝ անգամ նվազագույն իրավունքները ճանաչել, նույնն էլ Ադրբեջանը, ասաց նա, մենք գիտենք, թե Ադրբեջանում ինչպիսի հայատյաց քաղաքականություն էր վարվում նախքան պատերազմը և այս օրերին։ Այնպես որ, նրա համոզմամբ, Հայաստանի ազգային շահերից ելնելով՝ պետք է Իրանի, Հունաստանի, Հնդկաստանի, այլ դաշինքների հետ հարաբերությունները սերտացնել և այդ դաշինքները կազմել։
«Անշուշտ սա չի նշանակում, որ Թուրքիայի հետ հարաբերություններ պետք չէ ստեղծել, փակել այդ դուռը բոլորովին, ոչ, բայց այդ հարաբերությունները պետք է լինեն Հայաստանի շահերը նկատի առնելով, ազգային, պետական շահերը նկատի առնելով, և ոչ թե ամենը ոտնակոխ անելով»,-ասաց նա։
Զարմիկ Պողիկյանն ընդգծեց, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի կարող միջնորդի կամ խաղաղարարի դեր կատարել Արցախյան հակամարտությունում, ասաց՝ Արցախի պատերազմում Թուրքիան դերակատարություն է ունեցել և Ադրբեջանի կողքին է կռվել, զինյալ ահաբեկիչներ է Սիրիայից տեղափոխել Արցախ։
«Սիրիայում մեզ համար հստակ էր, թե ինչպես է Թուրքիան վճարում ահաբեկիչներին, քանի որ նա դերակատարություն է ունեցել այդ պատերազմում, չի կարող միջնորդի դեր կատարել»,-ասաց նա։
Սյունիքով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք տրամադրելու հեռանկարն էլ նրա համար հուսադրող չէ, ընդգծում է, որ միջանցքին զուգահեռ Ադրբեջանը խոսում է նաև սահմանների փոխադարձ ճանաչման, իր տարածքային ամբողջականության ճանաչման մասին։
«Սա նշանակում է, որ իր նպատակը միայն միջանցքը չէ, այլ իր տարածքային ամբողջականության ճանաչումը, որի հետևանքով էլ ամբողջովին կկորցնենք Արցախը, կկորցնենք Հայաստանի սահմանամերձ շրջաններից տարածքներ»,-ասաց նա։
Հայստաանի այսօրվա վիճակը համեմաելով Սիրիայի հետ, Զարմիկ Պողիկյանն ասաց, որ համաշխարհային ուժերը փորձեցին ամեն գնով քայքայել Սիրիան, տարածքներ գրավեցին, որոշ շրջաններ եղան, որ Սիրիայի պետության գերիշխանության տակ եղած տարածքները շատ քիչ էին։ Բայց աստիճանաբար, հակառակ բոլոր ճնշումներին և ներքին պառակտումներին, Սիրիայի պետությունը վարեց ազգային քաղաքականություն, ամեն գնով իր շահերը պաշտպանեց՝ լինի դիվանագիտական հարաբերություններ ստեղծելով, բանակն ուժեղացնելով, տարբեր դաշինքներ հիմնելով իր շահերին համընկնող երկրների հետ, հստակերեն ճշտելով իր թշնամիները, ինչը չենք տեսնում Հայաստանի պարագայում։
«Սիրիան պատերազմոլով իրավունք ձեռք ձգելու հանդգնությունը ունեցավ, բանակը զինեց, երկրի առաջին պաշտպանողը միշտ բանակն էր, և աստիճանաբար կարողացավ հաղթահարել բազում դժվարությունները։ Եթե նախկինում 70/100-ի հարաբերակցությամբ տարածքները պետական վերահսկողության տակ չէին, ապա այսօր կարող ենք ասել 20/100-ի հարաբերակցությամբ, աստիճանաբար զինյալները հանձնեցին իրենց զենքերը»,-ընդգծեց Զարմիկ Պողիկյանը։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․