կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-05 14:45
Քաղաքական

Սասուն Միքայելյանը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է. Դավիթ Շահնազարյան

Սասուն Միքայելյանը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է. Դավիթ Շահնազարյան
Տեղեկացրել էինք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել էր ԱԱԾ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սասուն Միքայելյանի` իր արած հայտարարությանը պատասխանին, թե Օմարի լեռնանցը, մինչև ինքը հասել է այնտեղ, արդեն հանձնված էր, նա նշեց, որ Միքայելյանը ստախոս է, ճիշտ այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Շահնազարյանի խոսքով` այդ հարցի պատասխանը չէր կարող Միքայելյանը տալ, քանի որ, եթե տար, պետք է ասեր, որ ինքն է ճողոպրել Օմարից, ինչպես երեկ Փաշինյանը ճողոպրեց իրենից: 
 
«Միքայելյանը զանգահարել էր ինձ, զանգահարել էր` արդարանալու, ինչ-որ մարդու անուն էր տալիս, սակայն ես ասացի` դա քո պրոբլեմն է, ու անջատեցի հեռախոսը: Ես կոչ եմ անում Հրազդանի և շրջակա տարածքների բնակիչներին` քվեարկել ՀՀԿ-ի օգտին, քանի դեռ այդտեղ Սասունը ճորտատիրական կարգեր չի հաստատել»,- ասաց Շահնազարյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ Շահնազարյանը հայտարարել էր. «Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում գնդակահարել Վազգեն Սարգսյանը, և ովքե՞ր համոզեցին, որ նա դա չանի: Ես չեմ պատմելու: Այստեղ կա նաև երկրորդ հարցը՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որ վերադարձրեցին այդ դիրքերը: Գործողությունն իրականացնում էր Ասկերանի գունդը, որին կցված էին այլ ստորաբաժանումներ, այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, իսկ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը` Արշավիր Ղարամյանը: Եվ վարչապետը, երբ սկսել էր իր հարձակումը Ղարաբաղի հերոսների վրա, նաև այս երկու գեներալներին նկատի ուներ»: