կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 20:29
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ակցիաները մի հանգրվան ունեն՝ տկար իշխանությունների հրաժարականը․ Տարոն Ղազարյան

Այս իշխանությունները հայրենիքի մի մասը վաճառեցին և փորձում են վաճառել մեր հպարտությունը, մեր արժանապատվությունը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը դաշնակցական երիտասարդների նախաձեռնած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ժամանակ, որը Արամ Խաչատրյանի արձանի մոտից ձգվեց մինչև Հանրապետության հրապարակ, ապա ցուցարարները եռագույն դրոշ պարզեցին հրապարակի կենտրոնում։

«Մենք բազմիցս ականատես ենք եղել անցած 2,5 տարվա ընթացքում, որ Նիկոլ Փաշինյանի խոսքի և գործի մեջ կա էական անհամապատասխանություն։ Ինքն ուզում է պնդել, որ օրակարգում հրաժարականի խնդիր չկա, բայց ես վստահաբար կարող եմ պնդել, որ լինելու է։ Վստահ եմ, որ վախվորած՝ ինքն ամեն օր ուղիղ եթերներով դիտում է մեր երթերը, բողոքի ակցիաները։ Այս ակցիաները մի հանգրվան ունեն՝ դա տկար իշխանությունների հրաժարականն է՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, սա մեր միակ առաջնահերթ հրամայականն է»,-ասաց Տարոն Ղազարյանը։

Ցուցարարների համար ընդունելի են բոլոր օրինական գործիքները, որոնք հասցնելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ վստահեցրեց նա, այս պատճառով էլ ավագ ընկերների նախաձեռնած հանրահավաքային պայքարին միացրել են իրենց երթերը։

«Այս ակցիաները բաց են բոլորի համար․ բոլոր նրանց, ում հուզում է մեր հայրենիքի էական հատվածի՝ 10 հազար կիլոմետրի կորուստը և ՀՀ սահմանների վտանգումը, կարող են միանալ մեր ակցիաներին։ Ինքս վստահ եմ, որ տասնյակ հազարավոր քաղաքացիների է հուզում այս հարցը․ կարող ենք դուրս գալ, այցելել խանութներ, նստել տաքսիներ, բոլորը պնդում են, որ թուրքի առաջ վիզ ծռած Փաշինյանը անելիք չունի մեր երկրում։ Մենք չենք հանդուրժի նման ղեկավարի գոյությունը»,-ասաց Տարոն Ղազարյանը։

Վստահեցրեց, որ ակցիաների մասնակիցների տրամադրվածությունը անխախտելի է՝ կպայքարեն, մինչև հաջողության հասնեն՝ դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Մանրամասն՝ տեսանյութում․