կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-18 19:22
Քաղաքական

Տարոն Մարգարյանին եւ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

Տարոն Մարգարյանին եւ Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետին, Երեւանի նախկին քաղաքապետին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչեւ 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչեւ 2018թ. հուլիսի 9-ը՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու եւ կազմակերպելու, սահմանված կարգով Երեւանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի եւ սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաեւ իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու եւ Երեւանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչեւ 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես, Երեւանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երեւան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր եւ իր մերձավորների համար առանձնացնել եւ ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց եւ հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին եւ աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երեւան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երեւանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին եւ նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

Այնուհետեւ, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաեւ պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հետագայում, 575 քմ. եւ  863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երեւանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: