Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպեց Նուբարաշեն համայնքի բնակիչների հետ: Ինչպես բոլոր հանդիպումներում, այս անգամ եւս խնդիրներ ունեցող բնակիչները շատ էին, ովքեր Տարոն Մարգարյանին իրենց խնդրի մասին պատմելու առիթը բաց չէին թողել:
Հանդիպման ժամանակ մի ուշագրավ դեպք եղավ, բնակիչներից մեկը լրագրողներին հայտարարեց, որ ցանկանում է Տարոն Մարգարյանին ավելի բարձր պաշտոնում տեսնել: Դիտարկմանը, թե նախագահի պաշտո՞նն է տեսնում նրա համար, քաղաքացին գոհ-գոհ պատասխանեց. «Խի չէ»:
Բնակիչների հետ զրույցից հետո, երբ Yerkir.am-ը Տարոն Մարգարյանին փորձեց փոխանցել նուբարաշենցու այդ ցանկությունը եւ հետաքրքրվել` եթե այս ընտրություններում ավելի շատ ձայն հավաքի, քան Սերժ Սարգսյանը` նախագահական ընտրություններում, հնարավո՞ր է մտածի 2018թ.-ին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, առավել եւս, որ այդքան մեծ վարկանիշ ունի, գործող քաղաքապետը, ի զարմանս, հայտարարեց, որ չի կարող պատասխանել մեր հարցերին:
«Ինձ թվում ա` Դուք խանգարում եք, եթե բնակիչ եք, հարցերին պատասխանեմ: Տենց շտապ հարցեր ունեք, դիմեք շտաբ` համապատասխան պատասխանատուին»,- հայտարարեց նա:
Որքան էլ համառեցինք, որ հարցը շատ կարճ է, շատ ժամանակ չի խլի, միեւնույն է, Տարոն Մարգարյան անհողդողդ մնաց եւ շարունակ կրկնում էր, որ հարցերով դիմենք ՀՀԿ շտաբ: «Դիմեք կենտրոնական շտաբ, թող պատասխանեն: Դուք ինձ խանգարում եք, մեկս մեկին եկեք հարգենք, մի' խանգարեք ինձ»,- բարկացած հայտարարեց Տարոն Մարգարյանն ու հեռացավ:
Նշենք, որ դեռ երեկ Yerkir.am-ի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրեցին, որ Տարոն Մարգարյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ արված հայտարարությունը (ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարության, թե Տարոն Մարգարյանն ընդամենը համակարգի խամաճիկն է, Տարոն Մարգարյանը խորհուրդ էր տվել նրան հայելու մեջ նայել, հետո խոսել) ՀՀԿ վերնախավում չի ողջունվել: Ավելին` գործող քաղաքապետին հորդորել են ավելի զուսպ արտահայտվել եւ որքան հնարավոր է խուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց` կիքսերից խուսափելու եւ ժողովրդի զայրույթն ավելի չբորբոքելու համար: