կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 18:32
Առանց Կատեգորիա

Տարոն Մարգարյանին չի հետաքրքրում Սերժ Սարգսյանի կարծիքը

Տարոն Մարգարյանին չի հետաքրքրում Սերժ Սարգսյանի կարծիքը

Երեւանում տրանսպորտի գինը կբարձրանա: Այս մասին նախ համարձակություն ունեցավ հայտնելու Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` ԱԺ-ում ընթացող բյուջեի քննարկումների ժամանակ: «Բայց ո՞վ ասաց, որ տրանսպորտը չպետք է թանկանա»,- լրագրողներին հակադարձել էր Տարոն Մարգարյանի տեղակալը:

 

Դրանից արդեն մի քանի օր անց ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերից հետո, ի զարմանս լրագրողների, Տարոն Մարգարյանը մի քանի անգամ ՀՀԿ կենտրոնական գրասենյակի պատուհանից ծիկրակելուց հետո համարձակությունը հավաքել եւ իջել էր ներքեւ, լրագրողների հետ ինքնակամ զրուցել:

 

Երիտասարդ քաղաքապետը նախ հիշել էր 90-ական թվականները ու ակնարկել` տեսեք, որպեսզի նույն խնդրի առջեւ չկանգնենք, տրանսպորտի գինն անպայման պետք է բարձրացնենք: (Թե ի՞նչ կապ ունի 90-ականների` առանց վառելիքի, առանց էլեկտրասնուցման մնացած քաղաքն ու դրա տրանսպորտը 2013-ի հետ, 35-ամյա քաղաքապետը չէր բացատրել): Հետո, վերադառնալով մեր օրերը, Տարոնը, ըստ էության, «սպառնացել էր» այդ օրը Հալաբյան փողոցում տեղի ունեցած խոշոր վթարով, երբ բախվել էին 3-4 երթուղային տաքսիներ: «Այսօր անվտանգ երթեւեկություն չի իրականացվում, եւ բոլորս ենք տեսնում մեր տրանսպորտի վիճակը: Հալաբյան փողոցի խոշոր վթարը՝ պարզ եւ ցավալի օրինակ: Իրականում բոլորս ենք տեսնում, որ մեր տրանսպորտը վտանգավոր վիճակում է գտնվում»,- ասել էր նա:

 

Իսկ ամենաուշագրավ հայտարարությունը Տարոնը վերջում էր թողել, որ լավ մարսվի: Նրա բավական համարձակ հայտարարությունը մտածելու տեղիք է տալիս: Լրագրողի հարցին, թե` տրանսպորտի գնի բարձրացման վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որոշումը ստացե՞լ է, երիտասարդ քաղաքապետը, ոչ ավելի, ոչ պակաս, վերցրել ու պատասխանել է. «Սա քաղաքային իշխանության լուծելու խնդիրն է, դրա համար հանձնաժողով ենք ստեղծել ու մենք ինքնուրույն մեր աշխատանքները կատարում ենք»:

 

Տարոն Մարգարյանն ուզում է ասել, որ ի՞նքն է մայրաքաղաքի տերն ու ի՞նքն է որոշումներ կայացնում: Լավ է` գոնե հարց տվող լրագրողին չի մեղադրել ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ: Հիմա հարց է առաջանում` Մաշտոցի պուրակն է՞լ քաղաքային իշխանության լուծելու խնդիրն էր, ու Տարոնն ինքնուրո՞ւյն էր:

 

Արդեն պարզ է, որ այս անգամ Սերժ Սարգսյանը Տարոնի մեջքին կկանգնի, երբ քաղաքապետարանի մոտ ակտիվիստները բղավեն` Տարո'ն, իջի խաղանք, բայց թե ինչո՞ւ է Տարոնն իրեն «հզոր տղու» տեղ դրել, մտածելու տեղիք է տալիս: Կարո՞ղ է ակտիվիստներն ու քաղաքապետը տրանսպորտի սակագնի հարցում բարիշեն «Տարոն ջան, սիրուն չի» օպերացիայի շրջանակներում:

 

Բ. Գասպարյան