Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ելումուտ էին անում նաեւ ՀՀԿ-ական մարզպետերը. նրանք եւս մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ջանք ու եռանդ չեն խնայելու ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու համար: Այս թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ:
- Պարո'ն Շահգալդյան, առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են: Նախ ուզում եմ հարցնել` Դուք ե՞ւս ձայներ եք բերելու Տարոն Մարգարյանի համար:
- Վերջապես` մենք Հանրապետական կուսակցության անդամ ենք, իսկ այստեղ Տարոն Մարգարյանի խնդիրը չի, մեր կուսակցությունն է մասնակցում, բա մեր կուսակցության համար մենք չպե՞տք է պայքարենք: Բնականաբար, պետք է պայքարենք:
-Իսկ կոնկրետ ի՞նչ աշխատանքներ եք տանում:
-Որ ասեմ կոնկրետ մի աշխատակարգ ենք ձեւավորել եւ կոնկրետ այդ աշխատակարգով շարժվում ենք, այդպես չէ: Մեր հարազատներին, մտերիմներին, համախոհներին խնդրելու ենք, բացատրելու ենք, հասկացնելու ենք, որ գնան ՀՀԿ-ին ձայն տան:
-Շտաբ արդեն բացե՞լ եք Երեւանում:
-Ոչ:
-Բայց մտադրություն, փաստորեն,կա՞:
-Չէէ (մտածելով), ի՞նչ իմաստ ունի:
-Ուզում եմ հասկանալ Ձեր կուսակցության համար ձայներ ապահովելու աշխատանքներն ինչպե՞ս եք համակարգելու:
-Ենթադրենք` ես ունեմ մի քանի հարազատ: Հորդորել պետք չի, ուղղակի պետք է զանգեմ հիշեցնեմ, որ մայիսի 5-ին Երեւանու ավագանու ընտրություններ են, նրանք էլ գիտեն, որ ես ՀՀԿ անդամ եմ եւ պետք է գնան ձայն տան ՀՀԿ-ին: Մայրաքաղաքում ապրող իմ բարեկամների, հարազատների մեծ մասը պետական համակարգում էլ են աշխատում, ՀՀԿ անդամ էլ են, օրինակ` իմ աղջիկները ՀՀԿ անդամ են` իրենց ամուսիններով ու երեխաներով: Էլ ո՞ւմ պետք է ձայն տան:
-Ճնշումներ կա՞ն մարզպետարանում` Ձեր աշխատողների վրա:
-Ի՞նչ եք խոսում, էէէ:
- Իսկ Երեւանի Ձեր հեռավոր բարեկամները չե՞ն նեղանում, որ փորձում եք նրանց ուղղորդել:
- Հեռավոր բարեկամներ ես չունեմ Երեւանում: Եղբայրս է այստեղ, աղջիկներս, վերջ:
- Եվ այսպես` որքա՞ն ձայն կկարողանաք ապահովել ՀՀԿ-ի համար:
- Դեռեւս չեմ հաշվել:
-Տասնյակների՞ մասին է խոսքը, հարյուրավո՞ր, հազարավո՞ր...
-Հազարնե՞ր... Ինչի՞ մասին է խոսքը, երեւի` հարյուրի հասնող:
-Իսկ ի՞նչ եք կարծում, Տարոն Մարգարյանը կհաղթի՞:
-Ես չգիտեմ, ընտրարշավից է կախված ընտրությունների հաջողությունը: Ընտրարշավը կավարտվի, կդիմեք, ճշգրիտ կկանխատեսեմ:
-Ի դեպ, Դուք է՞լ եք կարծում, որ Երեւանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:
-Բայց ես երեւանցի չեմ, որ ասեմ: Հետո նման վիճակագրություն էլ չունեմ:
-Բայց, մյուս կողմից, երեւանցի չլինելու հանգամանքը Ձեզ չի խանգարում` Տարոն Մարգարյանի համար ձայներ բերել:
-Տարոն Մարգարյանի անձը թողեք մի կողմ:
-Դե, եթե ՀՀԿ-ն հաղթի, Տարոն Մարգարյանը քաղաքապետ կդառնա` դա նկատի ունեմ Տարոն Մարգարյանի անունը անընդհատ շեշտելով:
-Ես չգիտեմ:
-Այսինքն` հնարավո՞ր է ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում նա չդառնա քաղաքապետ:
-Ես չգիտեմ, ճիշտ խոսենք:
Զրուցեց Ագնեսա ԽԱՄՈՅԱՆԸ