Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ելումուտ էին անում նաեւ ՀՀԿ-ական մարզպետերը: Նրանք եւս մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններում ջանք ու եռանդ չեն խնայելու ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու համար:
Yerkir.am-ը Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ երեկ փորձեց զրուցել Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունների մասին, սակայն նա հրաժարվեց խոսել` հայտարարելով, որ դա իրեն բացարձակապես չի հետաքրքրում: «Ինձ բացարձակ հետաքրքիր չի այնտեղի իրավիճակը: Որեւէ հետաքրքիր բան այդտեղ չեմ տեսնում: Երեք-չորս հազար մարդ, բնական է` դժգոհ կլինի: Դուք արտասահմանյան բաները չեք տեսնում` ամեն օր գործադուլներ, հացադուլներ, ցուցադուլներ: Հիմա որ այնտեղ 3 հազար մարդ հավաքվեց, դա ի՞նչ ա նշանակում»,- նշեց մարզպետը:
Հարցին` գուցե Երեւանի ավագանու ընտրություննե՞րն են իրեն հետաքրքրում եւ այդ մասին կցանկանա խոսել, մարզպետը գոհունակությամբ պատասխանեց. «Իհարկե»:
- Գիտեմ, որ մայիսին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններին Դուք էլ եք պատրաստվում, ի՞նչ փուլում են այդ աշխատանքները:
- Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, չէ՞: Որ ժամանակն եկավ, անպայման աշխատելու եմ իմ կուսակցության համար, անպայման հորդորելու եմ իմ բարեկամներին, ընկերներին, մտերիմներին, խնդրելու եմ, բացատրելու եմ:
-Իսկ չե՞ն նեղանում, որ փորձում եք ուղղորդել:
-Չէ, չէ, իրենք այնքան են ուրախանում, որ ես կոնկրետ Տարոն Մարգարյանի համար եմ ասում:
-Իսկ մարզպետարանի աշխատողներին, վարչության պետերին, մարզի դպրոցների տնօրեններին...
-Չէ, չէ նման բան չկա, մենք հիմա վարուցանով ենք, գարնանացանով ենք զբաղված: Այսօր էլ հավաքվել, քննարկում էինք, դիզվառելիքը բաժանել ենք մարզում, վաղվանից արդեն սերմացուները պետք է ներկրենք: Հիմա շատ զբաղված ժամանակահատված է մարզում:
-Փաստորեն, ձայներ բերելու հարցում հույսը դրել եք միայն Ձեր ու Ձեր բարեկամների վրա՞:
-Այսօր ցանկացած կուսակցական պարտավորվածություն ունի կուսակցության առջեւ` դա կլինի համայնքի ղեկավար, դա կլինի դպրոցի տնօրեն, դա կլինի շարքային քաղաքացի:
- Հրահանգ կա՞, այսինքն:
- Ոչ, ոչ, հիմա ինձ պետք է հրահանգ տա՞ն, բացատրե՞ն, որ ես ՀՀԿ անդամ եմ ու պետք է գնամ ընտրեմ ՀՀԿ-ին: Դա բացատրելո՞վ է լինում:
-Դուք Երեւանո՞ւմ եք ապրում, պարո'ն մարզպետ:
- Իհարկե, արդեն 4 տարի, բայց շաբաթ-կիրակի գնում-գալիս եմ:
- Իսկ դա չի՞ խանգարում, որ մարզի կյանքով ապրեք:
- Ոչ, ոչ: Երեխաներիս խաթեր համար եմ եկել Երեւան, աղջիկներս ուսանող են, ստիպված եկել եմ իրանց հետ եմ ապրում, չեմ ուզում թողնեմ մենակ, բայց մենք ամառվա երեք ամիսը գյուղում ենք ապրում, շաբաթ-կիրակի պարտադիր գնում ենք: Մեր բնակության հասցեն այնտեղ է, բայց դե ստիպված` հանգամանքների բերումով եկել ենք Երեւան:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀԿ-ն կհաղթի՞ Երեւանի ավագանու ընտրություններում եւ Տարոն Մարգարյանն էլ կդառնա՞ քաղաքապետ:
-Դա կերեւա ընտրություներից հետո, ընտրություններից հետո պարզ կլինի, բայց որ Տարոնը հրաշալի մարդ է, հրաշալի ղեկավար, Երեւանի հրաշալի քաղաքացի, Երեւանի հոգսերով մտահոգվող, դա փաստ է: Այս կարճ ժամանակահատվածում Տարոն Մարգարյանը կարողացավ ճանապարհներ վերանորոգել, 50-60 զբոսայգի բացել:
-Իսկ Մաշտոցի պուրակի պատմությո՞ւնը. Աստված գիտի` ինչ կլիներ, եթե նախագահը չգնար ու ասեր` սիրուն չի...
-Դե հիմա մի հարցը չվերցնենք, դարձնենք մատի փաթաթան, 50 հատ լավ գործի մեջ մի հարց, որ վերջնական փուլում չի եղել, պետք չի մատնանշել:
-Ի դեպ, Դուք է՞լ եք համամիտ Էդուարդ Շարմազանովի հետ, որ Երեւանի վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:
-Ես բոլոր քաղաքապետերին էլ հարգում, գնահատում եմ, բոլորն էլ իրենց ժամանակներում աշխատանքներ կատարել են: Բայց եթե Շարմազանովն ասել է, ուրեմն հիմք ունեցել է:
- Որքա՞ն ձայն կբերեք ՀՀԿ-ին:
- Չեմ հաշվարկել, ճիշտն ասած: Հիմա որ ասեմ, նորից պետք է ապշեք: Անլուրջ բան է կոնկրետ թիվ խոստանալը: Մենք պետք է փորձենք աշխատել մեր հնարավորությունների չափով, բայց ասեմ, որ իմ հնարավորությունները շատ-շատ մեծ են: Այդ նույն հնարավորությունը դուք տեսաք ԱԺ, նախագահական, համայնքի ղեկավարների ընտրության ժամանակ: Շատ մեծ են իմ հնարավորությունները:
- Որոշ քաղաքական գործիչների լեզվով ասած` լավ էլ «պադերժկա» եք անելու Տարոն Մարգարյանին:
-Ոնց չեմ անելու, իմ համար դա շատ կարեւոր բան է` Երեւանի քաղաքապետ է ընտրվում, ոնց կարեւոր չէ, ամեն հայի համար է շատ կարեւոր:
Հ.Գ. Ի դեպ, մարզպետը նեղսրտած էր մեր նախկին հրապարակումից, որում գրել էինք, թե ապշել կարելի է մարզպետի հայտարարություններից: «Ինչի՞ եք ապշում, այսինքն, ՀՀԿ-ական լինելով, ես պետք է գնամ ա՞յլ կուսակցության համար աշխատեմ: Ի՞նչ կապ ունի, որ ես Արագածոտնի մարզպետն եմ, ես ՀՀ քաղաքացի եմ, սա մեր մայրաքաղաքն է, մեր ողջ հայության մայրաքաղաքը: Բա ինձ հետաքրքիր չի՞, ոնց պետք է ընթանան Երեւանի ընտրությունները»,- հայտարարեց մարզպետը: