կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-08 16:52
Քաղաքական

15 տարի առաջ այս օրերին 4 ժամանոց բանակցությունից Ալիեւը դուրս եկավ ճմրթված. yerevan.today

15 տարի առաջ այս օրերին 4 ժամանոց բանակցությունից Ալիեւը դուրս եկավ ճմրթված. yerevan.today

Yerevan.today-ը գրում է.

«Ուղիղ 15 տարի առաջ, Ֆրանսիայում, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ռամբույեում, փետրվածի 10-ին Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացքում գրանցվեց թերեւս ամենից լարված, նաեւ՝ տեւական բանակցային փուլը: Հիմա Հայաստանի անկախության վերականգնումից հետո եղած տասնամյակները մեծ ոգեւորությամբ «զրոյացնող» ճամարտակներից շատերը այն ժամանակ երեւի դեռ մանկապարտեզի սեղանի տակ էին խաղում, ուստի ավելորդ չէ թեթեւակի հիշեցնել, թե ինչ էր տեղի ունենում 15 տարի առաջ բարեկամական, բայց հեռավոր Ֆրանսիայում:

Եվ այսպես. 2006-ի փետրվարի 10-ին սկսվեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հիշողները նաեւ կմտաբերեն, իսկ տարիքային եւ այլ օբյեկտիվ պատճառներով (ի վերջո, 15 տարի է անցել) չմտաբերողներին հիշեցնենք, որ Ռամբույեի բանակցային մարաթոնից հետո կրտսեր Ալիեւը բավականին տառապած, եթե կարելի է ասել՝ ճմրթված տեսք ուներ: Երեւում էր՝ նեղված է բանակցությունների ընթացքից, ճնշման տակ է եղել։ Եվ հակառակը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ առույգ, վստահ կեցվածքով էր:

Հարցն այն է, որ բանակցությունները, ի մասնավորի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը երբեք էլ դյուրին ընթացք չի ունեցել, խնդիրները միշտ էլ բարդ են եղել: Ավելին, աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոններ, լինեն դա ԱՄՆ-ը, Արեւմուտքը, թե Ռուսաստանը, միշտ էլ ճնշումներ գործադրել են՝ ձգտելով հասնել կարգավորման համաձայնության հանգուցակետի:

Բայց խնդիրն այն է, որ հիմա ոմանց, ավելին՝ ակնհայտորեն անարժան սուբյեկտների կողմից այդքան վատաբանվող «նախկինում» Հայաստանը ներկայացնում էին գործիչներ, որոնք կարողանում էին հստակ ու ընկալելի ներկայացնել մեր պետության դիրքորոշումը, կարողանում էին առավել քան բավարար որակով ու մակարդակով պաշտպանել մեր պետության ու մեր ժողովրդի շահերը: Այսինքն՝ էականն այն է, թե ո՛վ է մեր կողմից գլխավոր բանակցողը, ինչպիսի դիրքավորում ունի եւ ինչ դիրքերից է հանդես գալիս, ինչ կեցվածքով:

Ի դեպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք եւ ազատություն» հուշագրության մեջ այդ առումով բավականին խոսուն վկայություն կա՝ Ժակ Շիրակի հետ դեռեւս 1997-ի դեկտեմբերին (Ռոբերտ Քոչարյանն այն ժամանաը ՀՀ վարչապետն էր), ունեցած հանդիպման եւ հենց Արցախի խնդրի կարգավորման թեմայի շուրջ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկման մասին:

Ընդհանրապես, Ֆրանսիայի նախագահի հետ հաստատած հարաբերությունները ճիշտ օրինակ են երկրների միջեւ ամուր կապի։ Այդ հարաբերությունները միայն փոխադարձ այցելությունները չեն։

Դատելով նաեւ նրանից, թե ինչպես տարիների ընթացքում հաստատած կապերը քանդվեցին, կարող ենք ասել, որ ճիշտ չեն պատկերացումները, որ ղեկավարները չեն կարող ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը խաթարել։ Ֆրանսիայի նախագահն այսօր, ըստ տարբեր հրապարակումների, հայտարարում է, որ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Այնինչ, մինչ Փաշինյանը, կար փոխադարձ ջերմություն ու վստահություն։

Փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես պետության ղեկավար, բանակցային գործընթացում հանդես էր գալիս միջնորդ-տերությունների համար ընկալելի, կառուցողական, ի լրումն՝ հաստատուն եւ ուժեղ դիրքերից՝ դրա համար ձեւավորելով նաեւ արտաքին-քաղաքական, ռազմաքաղաքական, պաշտպանական եւ սոցիալ տնտեսական կայուն ու շահեկան հիմքեր: Ու, պետք է ընդգծել, հնարավորինս արդյունավետ պաշտպանում էր Հայաստանի, բնականաբար՝ Արցախի ու մեր ժողովրդի շահերը:

Ու հենց այդ հավասարակշռված ու ընկալելի մոտեցումն էր նաեւ, որ հնարավորություն չէր տալիս Ադրբեջանին պատերազմական զարգացումների հասնել։ Իսկ հակառակորդի ագրեսիվությունն ստանում էր այնպիսի հակահարված, որ նույն այդ հակառակորդը դեռ երկար ժամանակ վերքերն էր լիզում ու նաեւ՝ «ճմռթված» եւ անտրամադիր հեռանում բանակցային հերթական հանդիպումից:

Շեշտենք՝ հույսը ոչ միայն դիվանագիտությունն էր, այլեւ բանակի, կար ուժերի ճիշտ հավասարակշռում, որ թշնամին չկարողանա սադրանքի գնա։ Դիվանագիտությունը չէր պարտվում, որ սկսվեր պատերազմ եւ միաժամանակ՝ բանակը թույլ չէր, որ դիվանագիտության մեջ խեղճացած Ալիեւը ապավինի զենքին։ Խոսքը, բնականաբար, միայն Ռամբույեի բանակցությունների մասին չէ։

 Երկրորդ նախագահի կառավարման շրջանում բանակցային երկարատեւ գործընթացը տարբեր փուլերով է անցել, եղել է սրված՝ լարված իրավիճակ, հանգիստ իրավիճակ, բայց անգամ սրված պայմաններում թշնամու մտքին պատերազմը չի եղել, որովհետեւ հասկացել է՝ կռվի դաշտում էլ է ճմրթված լինելու։ Մարտական կորուստների մասին վիճակագրությունն ամեն ինչ ասում է։

Ավելին, Ռոբերտ Քոչարյանը կարողացել է հմտորեն մանեւրել նաեւ այնպիսի ծանր իրավիճակներում, երբ Հայաստանի ներսում ոմանք հատուկ հրահրում էին իրավիճակներ, որոնք դրսի ուժերին հնարավորություն էին տալիս հավելյալ ճնշում գործադրել մեր պետության այն ժամանակվա իշխանությունների վրա: Սա էլ արժե չմոռանալ:

Նշենք, որ մինչ այս իշխանությունը, Հայաստանի բանակցային դիրքերը թույլ չեն եղել, ընկալվում էր որպես կառուցողական բանակցող, ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ լավ գիտեր բանակցություններում իր տեղը եւ նեղացած արձագանքում էր, որ իրեն պարտադրվում է ճանաչել Արցախը։

Բնականաբար, մեծ է ներկայի հետ զուգահեռներ տանելու, համեմատելու գայթաղությունը: Բայց կներեք, ի՞նչը համեմատես: Ներկայում պետք է համեմատելու ենթակա բան լինի, որ զուգահեռ տանես: Հաղթական եւ ուժեղ դիրքերից բանակցող, պատվախնդիր ու հաստատակամ պետական գործչին եւ նրա գորունեությունը ինչպե՞ս համեմատես Արցախը թշնամուն հանձնած, բանակը ծանր կորուստների մատնած, պետությունն ու ժողովրդին աղետի մեջ նետածի հետ: Բացի այն, որ մարդկայնորեն վիրավորական է, առարկայական իրողություններն ու դրանց բովանդակության օբյեկտիվ տվյալներն են անհամեմատելի: Մի կողմում՝ կայուն, հետեւողական զարգացում, առաջընթաց եւ արտաքին վտանգներին արդյունավետ դիմակայում, մյուս դեպքում՝ բացարձակ կապիտուլյացիա եւ պարտվողականություն՝ բոլոր ուղղություններով:

Պարտվողականություն, որի պատկերային խորհրդանիշը ճմռթված ու ծուռվիզ Փաշինյանն է՝ ինքնագոհ մեծամտությամբ քթի տակ ժպտացող Ալիեւի դիմաց: Թույլերն ու տկարները միշտ արդարացումներ են փնտրում: Իսկ կամային եւ ուժեղ անհատները ստանձնում են պատասխանատվությունը, փնտրում են առկա խնդիրները լուծելու հնարավորություններ եւ, որպես կանոն, կարողանում են հասնել հաջողությունների: Ու, հաճախ նաեւ հենց հաջողությունների հասնելու պատճառով է, որ այդպիսիք դառնում են թույլ ու տկարների աչքի փուշը»։