կարևոր
1405 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-06 17:39
Քաղաքական

Ազգային, մարդկային տարրական արժանապատվություն ունեցող ղեկավարը կհրաժարվեր ցանկացած բանակցությունից, քանի դեռ 1 գերի կա Բաքվում

Ազգային, մարդկային տարրական արժանապատվություն ունեցող ղեկավարը կհրաժարվեր ցանկացած բանակցությունից, քանի դեռ 1 գերի կա Բաքվում

«Հրապարակ»-ի զրուցակիցն է հրապարակախոս, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

- 2 օր առաջ ազատ արձակեցին գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ով արդեն 8 ամիս կալանքի տակ էր։ Տնային կալանք սահմանեցին նաեւ Արագած Ախոյանի նկատմամբ։ Ինչպես եք մեկնաբանում այս քայլերը։

- 2018 թվականի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո անխտիր բոլոր ընդդիմադիր գործիչների դեմ առաջադրված մեղադրանքները պատվերով, շինծու քրեական գործեր են` սկսած Մանվել Գրիգորյանից, Ռոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից։ Ուշադրություն դարձրեք, այս 5 տարիների ընթացքում, չի եղել որևէ դատավճիռ։ Միայն օրերս, հանրահայտ պատվեր կատարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց արդեն հանգուցյալ Մանվել Գրիգորյանի դատավճիռը։ Նույն 2018 թվականին գաղտնազերծված վարչապետ-ՀՔԾ պետ- ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսազրույցներից, այնուհետև 2022 թվականին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան, նույնպես բացահայտված, երկխոսությունից հետո ցանկացած ողջախոհություն ունեցող մարդ կհասկանար, որ ընդդիմադիր գործիչների դեմ առաջադրված բոլոր մեղադրանքներն ու քրեական գործերը պատվերի շրջանակներում են։ Գագիկ Ջհանգիրյանը բացահայտ, թրքահայհոյական բառով ասում է, որ այդ քրեական գործերը կեղծ են։ Իրականում, նույնիսկ հպատակեցված դատավորների համար շատ բարդ է այդ կեղծ մեղադրանքներով որոշումներ ընդունել։ Պատվերով հարուցված քրեական գործերով կալանքը կիրառվում է որպես պատիժ, իսկ կալանքի ժամանակաչափը որոշվում է ըստ տվյալ գործչի նկատմամբ վարչապետ կոչեցյալի կատաղության չափի։ Այնպես որ, ես կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալը բավարարվել է Գրիգորի Խաչատուրովի ամիսներ անազատության մեջ մնալու ժամանակով։

-Նոր նախաձեռնություն կա` «Զանգ» անունով, այն հաջողություն կունենա՞, արդյոք շանս ունի դառնալ այն նոր ընդդիմությունը, որի մասին երկար ժամանակ խոսում են։ Ոստիկանությունը բերման է ենթարկել շարժման 13 մասնակցի։ Սա՞ էր ժողովրդավարության բաստիոնը։

-Դժվարանում եմ ասել։ Չկասկասկածելով շարժման ազնիվ մղումների մեջ, այնուամենայնիվ, նրանց հարց ունեմ. իսկ ու՞ր էին մինչ այժմ, ինչո՞ւ չէին միանում մինչ այդ եղած դիմադրության շարժումներին։ Ի դեպ, նույն հարցը վերաբերում է բոլոր ընդդիմադիր նախաձեռնություններին՝ «Մայր Հայաստան», «Հայաքվե», «Միասնություն», «Կոմիտե», «Որդիների կանչ» և այլն։ Իմ տպավորությամբ, իշխանության հաջողության գրավականը ոչ թե ոստիկանությունն է, այլ ընդդիմադիր դաշտի անմիաբանությունը։ Իմ համոզմամբ, եթե ողջ ընդդիմությունը մի կողմ դնի իր նեղ կուսակցական և անձնական հավակնությունները, միավորվի և անցնի վճռական գործողությունների, ապա մարդկանց մեջ նորից կարթնանա պայքարի ոգին։

-Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման 13 մասնակցի։ 

-Հենց ընդդիմության անմիաբանության մեջ է պետք փնտրել «Զանգ» շարժման 13 մասնակիցների բերման ենթարկելը։ Քանի դեռ չկա ընդդիմության միասնություն, պերմանենտ ունենալու ենք բերման ենթարկվածներ և նոր քաղբանտարկյալներ։ Ի դեպ, Հայաստանը ոչ թե ժողովրդավարական երկիր  է, այլ քայլ առ քայլ վերածվում է «ժողովրդա-դեմոկրատական» բաստիոնի, ինչպիսին է Հյուսիսային Կորեան՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետություն։

-ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս իշխանությունները բացարձակապես չեն զբաղվում Արցախի իշխանության գերեւարված ներկայացուցիչներով ու ՀՀ իշխանությունների նման պահվածքն անբարոյական է։

-Իսկ ինչո՞ւ միայն Արցախի գերեվարված ներկայացուցիչներով, բա՞ 2020 թվականի Բաքվի բանտերում տառապող գերիների մասին ինչ կասեք։ Իսկ հազարավոր զոհերն ու անհետ կորածնե՞րը։ Այս իշխանություններն, իրենց վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, բացարձակապես զուրկ են մարդկային տարրական հատկություններից՝ բարություն, գթասրտություն, կարեկցանք մերձավորի, հայրենակցի հանդեպ։ Մի քանի առիթով ասել եմ, նորից կրկնեմ` ազգային և մարդկային տարրական արժանապատվություն ունեցող երկրի ղեկավարը կհրաժարվեր ցանկացած բանակցություններից, քանի դեռ նույնիսկ մեկ գերի մնացել է Բաքվի զնդանում։ Իսկ իրականում հայկական կողմը ոչ միայն չի հրաժարվում բանակցություններից, այլև ծնկաչոք խաղաղություն  է աղերսում։ Իսկ  Ադրբեջանը, բոյկոտելով բոլոր ձևաչափերը, բնականաբար առաջ է քաշում նոր տարածքային պահանջներ։ Ի՞նչ անուն տաս սրան, բացի ազգային խայտառակությունից։

-Կենտրոնում ավտոկայանման համար ուզում են սահմանել տարեկան 160.000 դրամ ու դա պատճառաբանում են Կենտրոնը բեռնաթափելու ցանկությամբ։ Իրականում ինչ կլինի, եթե նախագիծն ընդունեն։

-Ի՞նչ իրականության մասին եք խոսում։ Այսօր վարչապետ կոչեցյալի համար գոյություն ունի միայն մեկ իրականություն՝ սեփական իշխանությունը, որի պահպանման համար նա պատրաստ է զոհաբերել Արցախը, հազարավոր երիտասարդների կյանքեր, մի խոսքով ամեն ինչ։ Իսկ այդ իշխանության հենարանը, ոչ թե ժողովուրդն է, այլ իրեն հավատարիմ պաշտոնյաները, ոստիկանությունը, իրավապահ մարմինները, որոնց նա առատորեն վարձատրում է։ Եթե նրան չեն հետաքրքրում Բաքվի զնդաններում տառապող մեր գերիները, ապա ի՞նչ եք կարծում, նրան պետք է անհանգստացնի մարդկանց սնանկացո՞ւմը։ Եվ քանի որ  խայտառակ պարտությունից հետո, այս 3 տարիների ընթացքում, ընդդիմությունն անընդհատ ձախողվել է, վարչապետ կոչեցյալն ավելի է ցինիկացել, վստահ լինելով, որ լուրջ դիմադրություն չի լինի։

-Ամանորին ընդառաջ կրկին ծակում են Հանրապետության Հրապարակի՝ պատմա-մշակութային ժառանգություն հանդիսացող շենքերը՝ լուսավորություն անցկացնելու համար, որի համար տրամադրել են 202 միլիոն ՀՀ դրամ։ Ու սա Արցախում ցեղասպանությունից հետո, երբ հազարավոր արցախցիներ պատսպարվել են դուռ ու պատուհան, երբեմն տանիք չունեցող հյուղակներում։

-Իմ տպավորությամբ վարչապետ կոչեցյալն ու նրա հպատակները ոչ թե սգում են, այլ հրճվում  և բավարարված են Արցախի ցեղասպանությունից։ Տեսնելով, թե ինչպիսի պահվածք դրսևորեցին իշխանությունները, հայ ժողովրդի գլխին եկած այս սարսափելի ողբերգությունից հետո, համոզվում  ես, որ նրանք նույնպես մասնակից են եղել այդ ամենին։ Ի դեպ, սեպտեմբերի 19-ի հարձակման մասին ադրբեջանական կողմը զգուշացրել է Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Այդ մասին ասաց Ադրբեջանի արտգործնախարարը։ Այնպես որ նրանք ոչ թե սգում են Արցախի կորուստը և հոգում տեղահանված արցախցիների մասին, այլ ցնծում և տոնում այդ ամենը, որպես իրենց հաղթանակ և իշխանության ամրապնդում։ Նման իշխանություն ունենալու դեպքում ո՞ր երկիրը կամ միջազգային կառույցը լուրջ կվերաբերվի Հայաստանին։