Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
1996 թվականի սեպտեմբերի 22-ին Հայաստանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնք համարվում են երկրորդ խայտառակ ընտրությունները 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս ընտրությունները դարձան բացառիկ օրինակ այն բանի, թե ինչպես կարելի է ընտրված նախագահին «չորով» չթույլատրել պաշտոնավարել։
Ընտրություրնից երկու տարի առաջ արդեն հայտնի էր, որ ժողովրդի տրամադրությունները հակաիշխանական են, չնայած որ Լևոն Տեր-Պետրոսյանը լիարժեք նախագահական իշխանություն ուներ, իսկ իր թիմը տիրապետում էր բոլոր ռեսուրսներին, բացի քաղաքացու վստահությունից։ 1995 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն էլ փաստել էին, որ խորհրդարանը չի արտացոլում հանրության տրամադրությունները։ Լայնամասշտաբ ընտրակեղծիքների արդյունքում, խորհրդարանը ձևավորվեց այնպես, ինչպես ուզում էր իշխող ՀՀՇ-ն՝ չնչին բացառություններով։
Նախագահական ընտրություններում առաջադրվել էին անկուսակցական Լենսեր Աղալովյանը, ՀԿԿ-ից Սերգեյ Բադալյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը և ՀՀՇ-ից՝ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինիս սատարում էին Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ն, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը։
Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում ձևավորվեց լայն դաշինք, որին մաս կազմեցին հիմնական ընդդիմադիր ուժերը և ընդհատակում գործող ՀՅԴ-ն։ Դաշինքը միասնական թեկնածու հայտարարեց Վազգեն Մանուկյանին, իսկ Պարույր Հայրիկյանը, Արամ Սարգսյանը, Լենսեր Աղալովյանը դուրս եկան մրցապայքարից։
Ընտրություններն անցան բուռն ընտրակեղծիքներով, իսկ երբ անգամ այդ պարագայում պարզ էր, որ հաղթել է Վազգեն Մանուկյանը, կեղծվեց ամբողջ արդյունքը։
Պաշտոնական արդյունքներն էին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 51.75%-ը: Վազգեն Մանուկյանը՝ 41.29%: Մնացած 7 տոկոսը մյուս երկու թեկնածուներն էին ու անվավեր ձայները։
Ընտրություններից հետո, երբ արդեն պարզ էր, որ տվյալները կեղծվել են, ընդդիմությունը պահանջեց վերահաշվարկ կատարել՝ պատահականության սկզբունքով բացելով քվեատուփեր բոլոր ընտրատարածքներից, և եթե լինեն տարբերություններ, նշանակել նոր ընտրություններ կամ գնալ երկրորդ փուլի։
23 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 25-ին, բազմահազարանոց հանրահավաք տեղի ունեցավ Երևանում: Քաղաքացիները հավաքվել էին ԱԺ շենքի դիմաց։ Խորհրդարանի շենքում էր գտնվում ԿԸՀ-ն։ Վերոհիշյալ պահանջը ներկայացնելու համար խորհրդարանի շենք մտավ Վազգեն Մանուկյանը՝ թիմակիցներին ասելով, որ եթե 20 րոպեից չվերադառնա, գնան հետևից։ Ժողովուրդն այդպես էլ արեց՝ կոտրելով ԱԺ դարպասները և մտնելով շենք։ Շենքի ներսում նրանց դիմավորեց Բաբկեն Արարքցյանը՝ արժանանալով ծեծի։
Այդ ժամանակ բանակը քաղաք մտցվեց, տանկեր, զինտեխնիկա և այլն, ու ճնշվեց ժողովրդի ցասումը։ Բանակը մտավ մայրաքաղաքի փողոցներ և միջամտեց քաղաքական գործընթացներին։ Ժողովուրդը, ընդդիմադիր առաջնորդների կոչով, գնաց Ազատության հրապարակ։
Այնուհետև ընդդիմադիր առաջնորդները ձերբակալվեցին, բերվեցին խորհրդարան, որտեղ զրկվեցին անձեռնմխելիությունից։ Նրանց մի մասը ծեծի ենթարկվեց հենց խորհրդարանի դահլիճում՝ պատգամավորների կողմից։ Մեկ ամսվա ընթացքում հերթով բաց թողնվեցին նրանք։
Ինքնահռչակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մոտ 1․5 տարի անց հրաժարական տվեց՝ հարկադրաբար։
Հետագայում մի շարք ՀՀՇ-ական գործիչներ խոստովանեցին կեղծիքները։ Վանո Սիրադեղյանը, որն այդ ընտրությունների ժամանակ ներքին գործերի նախարարն էր, խոստովանում է․ «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ…»:
1996 թվականի ընտրությունները դարձան այն ջրբաժանը, որից հետո մինչև հիմա պետությունը չի կարողանում խելքի գալ։
Ի դեպ, շեշտենք, որ 1996 թվականին պաշտոնապես 41 տոկոսից ավելի ձայն ստացած Վազգեն Մանուկյանը չհայտարարեց, թե ինքն ընտրվել է նախագահ, իսկ 2008 թվականին նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 21 տոկոս էր հավաեքել, դեռ մինչև արդյունքների հրապարակումն էր իրեն հռչակել նախագահ։
Ինչո՞ւ 1996 թվականին արյունահեղություն չեղավ՝ ի տարբերություն 2008-ի։ Կան մի քանի պատճառներ, որոնցից բերենք երկուսը՝ ընդիմությունը ցուցաբերեց բավականաչափ խոհեմություն և չտարավ բախումների, բացի այդ, ընդդիմության առաջնորդը ժողովրդի հետ էր, նրանց կողքին՝ ընտանյոք հանդերձ։ Ո՞ւր էր ընդդիմության առաջնորդը ու ընտանիքը 2008-ի մարտի 1-ին։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանն էր, որդին դուրս էր բերվել երկրից․․․ ասում են՝ ԱՄՆ։