կարևոր
3970 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-24 14:46
Քաղաքական

Փաշինյանն արդեն ընդունել է արևմտյան տարբերակը, Ռուսաստանում հանդիպումը ձևական է․ Yerevan.Today

Փաշինյանն արդեն ընդունել է արևմտյան տարբերակը, Ռուսաստանում հանդիպումը ձևական է․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․

«Արդեն շուրջ 20 օր է, ինչ բացահայտվել է այն գաղտնի ու խիստ վտանգավոր փաստաթուղթը, որը Նիկոլ-Ալիև-Արևմուտք բանակցությունների հիմքում է և որը ստացել է «խաղաղության պայմանագիր» անունը։ Իշխանությունները, որ հազար ու մի խողովակներով հերքում են այն ամենը, ինչ իրենց դուր չի գալիս, այս փաստաթղթի որևէ տող չեն հերքել, ինչը նշանակում է, որ իրական է։

Փաստաթղթի ամենավտանգավոր կետը, սահմանագծումից ու սահմանազատումից առաջ, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է․ Արցախի մասին գրված է հետևյալը․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, ով կաշխատի համանման ներկայացուցչի հետ՝ նշանակված ԼՂ-ի Հայկական էթնիկ համայնքի կողմից՝ ԼՂ - ի բնակիչների իրավունքների և անվտանգության քննարկումեր անցկացնելու համար: Ներկայացուցիչները կապահովեն իրենց քննարկումների թափանցիկությունը միջազգային հանրությանը: Կողմերը կշարունակեն դիտարկել միջազգային դիտորդի հնարավոր կարգավիճակը, առանց Ադրբեջանի ինքնիշխանություն միջամտության՝ նպատակ ունենալով ապահովել վստահություն ԼՂ- ում ապրող ազգային փոքրամասնության խմբերի պաշտպանության նկատմամբ»: 

Արցախն այս կետով ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին. Ըստ էության, դա չեն էլ քննարկում, այլ քննարկում են, որ որպես Ադրբեջանի քաղաքացի՝ էթնիկ փոքրամասնություն, պետք է  Արցախի բնակիչները ընտրեն ներկայացուցչի, որը կբանակցի իրենց իրավունքների համար։

Այս պաշտոնական փաստաթուղթը քննարկել ու ընդունել շտապում են թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը․ վերջինս, ինչպես երևում է, ավելի է շտապում, քանի որ ինքն է առաջարկել նոյեմբերին կայանալիք հաջորդ հանդիպումը տեղափոխել հոկտեմբեր ամիս։

Սակայն ամեն ինչ այդքան էլ հարթ չէ․ այդ բանակցությունների ու փաստաթղթի մասին, վստահաբար, քաջատեղյակ է Ռուսաստանը․ հենց ռուսական տելեգրամյան ալիքները գաղտնազերծեցին այն՝ հավանաբար նպատակ ունենալով հայ ժողովրդին տեղեկացնել, որ մեր թիկունքում Փաշինյան-Ալիև-Արևմուտք գործարք է գնում։ Սակայն Հայաստանում ու Արցախում հանրության քար անտարբերությանն արժանացավ այդ վտանգավոր բանակցային թուղթը։

Ռուսական ալիքները հայտնում են, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ կվարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ և միջնորդությամբ։ Հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում կամ Սոչիում, հնարավոր է՝ հոկտեմբերի 31-ին։

Ռուսաստանը, բնականաբար, գոհ չէ այսօրվա բանակցային թղթից, որով «Ղարաբաղը ամբողջությամբ Ադրբեջան է և վերջ»․ նա իր շահերն ունի, որն այս պահին նաև համընկնում է Հայաստանի ու հատկապես արցախցիների շահերին։ Ռուսաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այս «խաղաղության պայմանագիր» կոչված իրականում վերջնական կապիտուլյացիայից հետո պետք է զորքերը դուրս բերի Արցախից։ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ կազմակերպած այս հանդիպումը պետք է դիտել այդ համատեքստում։

Հնարավոր է՝ Ռուսաստանը ևս մեկ անգամ ներկայացնի խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որը, համաձայն տարբեր գաղտնազերծումների, նվազ կորուստներով է, քան արևմտյան տարբերակը։

Բնականաբար, Նիկոլն էլ, Ալիևն էլ կգնան ՌԴ նախագահի առաջարկած հանդիպմանը, կմասնակցեն, սակայն հատուկ բան չեն պայմանավորվի, քանի որ արդեն իսկ պայմանավորվել են Պրահայում և Նիկոլ Փաշինյանն ինքն է խնդրում արագ հասցնել ավարտին։

Այնուհետև կգնան Բրյուսել ու կստորագրեն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու շուրջ պայմանագիրը։ Իհարկե՝ այնտեղ ոչ ոք չի մտածում Արցախի ժողովրդի անվտանգության, իրավունքների, ինքնորոշման մասին, ոչ ոք չի մտածում՝ սկսած Փաշինյանից, վերջացրած Արևմտյան «բոսերով»։ Իրենք իրենց աշխարհաքաղաքական հարցերն են լուծում, ու դա լինելու է մեր ժողովուրդների տառապանքի, արյան հաշվին։

Անգամ հայտնի չէ, թե Ղարաբաղն Ադրբեջանին թողնելուց հետո Հայաստանից ինչ են հանձնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ «Հավաստի աղբյուրի» անվան տակ թաքնվելով՝ Նիկոլ Փաշինյանն իր թերթում գրել է, որ բանակցում են 1919-20 թվականների քրտեզների շուրջ, որով Հայաստանի տարածքը զգալիորեն փոքրանում է։

Այսպիսով, «խաղաղության» արդյունքում Հայաստանը ոչ միայն դուրս է գալիս անդառնալի կորուստներով, նաև փոխում է արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք։ Սա նշանակում է վերջ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությանը, վերջ ԵԱՏՄ-ում Հայաստանի գործունեությանը, վերջ Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներին՝ իրենց բոլոր վտանգավոր հետևանքներով։ Բոլորն են հասկանում, որ այսօր Հայաստանի սահմանների զգալի մասը պաշտպանում են ռուսները, Հայաստանը պարզապես չունի այդ հնարավորությունը՝ թե՛ ռազատեխնիկական, թե՛ մարդուժի առումով, և եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ապահովագրված ենք Ադրբեջանի ու Թուրքիայի սադրանքներից, չարաչար սխալվում է։

Հիշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը պատգամավորական գործունեության առաջին իսկ օրից դեմ է հանդես եկել թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ԵԱՏՄ-ին ու անգամ նախագծեր է բերել այդ կազմակերպություններից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։ Վարչապետ դառնալով՝ ստիպված էր այլ բան ասել պաշտոնապես, սակայն «տակից» նա կարողացավ աշխատել և հասնել իր և ավելի շուտ՝ իրեն գործուղողների նպատակին, իհարկե՝ Արցախի հանձնելու ու Հայաստանի անվտանգությունը թուլացնելու գնով։ Նա կանգ չառավ ոչ մի միջոցի առաջ ու արդյունքում ստացանք աղետ։ Մեկ այլ աղետ սպասվում է արդեն մոտ ապագայում՝ առաջիկայում։

Ստորև տեղադրում ենք գաղտնազերծված փաստաթուղթը, որի շուրջ հենց տեղի են ունենում բանակցությունները»: