Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջին հայացքից թվում էր, թե պատերազմում կրած պարտությունից հետո երկրում բուռն փոփոխությունների միտված քաղաքական զարգացումներ կընթանան, որոնք պայմաններ կստեղծեն պետության վերքերը բուժելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար, բայց, որքան էլ տարօրինակ է, այնպիսի մի իրավիճակում ենք հայտնվել, որ համընդհանուր հուսահատություն է պատել ժողովրդին։ Ի հակադրություն այս իրադրության՝ արժե դիտարկել 2018 թվականի իրադարձությունները, երբ մարդկանց մոտ էյֆորիկ տրամադրություններ էին տիրում, և նրանք մտածում էին, թե կարճ ժամանակ անց հրաշք է տեղի ունենալու, Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է երկիրը դնել զարգացման նոր ռելսերի վրա, որի արդյունքում իրենց կյանքը մեծապես բարելավվելու է։
Եվ հենց այստեղ է, որ առաջ են գալիս այն հիմնական հարցերը, թե ինչո՞ւ իրադարձություններն այնպես չգնացին, ինչպես ակնկալվում էր, և ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ ի վիճակի չեղավ (կամ՝ չցանկացավ) իր խոստումներն իրականություն դարձնել։ Այս հարցում առաջնային նշանակություն ունի քաղաքական գործընթացների տրամաբանության դիտարկումը։ Խնդիրն այն է, որ իշխանության ղեկը ստանձնելու պահից ի վեր Փաշինյանը փակուղի տանող քաղաքական մոտեցում որդեգրեց։ Վերջինս ոչ թե հանրությանը և քաղաքական ուժերին համախմբեց գործնական քայլերի օրակարգի շուրջ, այլ քաղաքական դաշտը սեգմենտավորեց՝ իր քաղաքական թիմին և իրենց համակիրներին առանձնացնելով հանրության մյուս հատվածից։ Քաղաքականության մեջ մրցակցությունը բնական և նույնիսկ անհրաժեշտ երևույթ է, որպեսզի քաղաքական ուժերը պայքարեն հանրության վստահությանն արժանանալու համար, սակայն գործնական տրամաբանությունից դուրս է, երբ քաղաքական դաշտի՝ «սևերի ու սպիտակների» բաժանման արդյունքում ողջ քաղաքական օրակարգը կառուցվում է ատելության գեներացման տանիքի ներքո։
Եվ պատահական չէ, որ Փաշինյանը փորձեց այնպես անել, որ քաղաքական մրցակցային դաշտ չձևավորվի ու հենց 2018 թվականի դեկտեմբերին գնաց արտահերթ ընտրությունների անցկացման քայլին, որպեսզի մյուս քաղաքական ուժերը հնարավորություն չունենան ընտրություններին պատրաստվելու համար, որի արդյունքում հանրային վստահության իրական պատկերը կձևավորվեր գաղափարական դաշտում։ Հապշտապ ընտրությունների արդյունքում ու էյֆորիայի մթնոլորտում Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմը կարողացավ ստանալ քվեարկողների գերակշիռ մեծամասնության քվեն՝ 70,43 տոկոս, և դառնալով խորհրդարանական մեծամասնություն՝ միանձնյա ձևավորել կառավարություն։ Թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ ընտրությունների մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների կեսից պակասը: Այդուամենայնիվ, էյֆորիայի ալիքի ներքո ստացած ձայները Փաշինյանին հիմք էին տալիս, առանց որևէ այլ քաղաքական ուժի հետ հաշվի նստելու, միահեծան կառավարում իրականացնել։
Եթե ընդդիմությունը հնարավորություն ունենար ավելի շատ ձայներ ստանալ, ապա իրավիճակն այլ կլիներ, և Փաշինյանը ստիպված կլիներ հաշվի նստել նրանց հետ տարբեր ուղղություններով քաղաքականության ընդհանուր ուղեգիծը որոշելու հարցում, այլ ոչ թե կձեռնարկեր այն, ինչ խելքին փչեր, ու կարճ ժամանակում իսպառ կտրվեր իրականությունից։ Նիկոլը կարող էր վտանգ զգալ իր իշխանության համար և դրա արդյունքում գործնական քայլերն առաջին պլան բերել, սակայն որևէ հակակշռի բացակայության պայմաններում Փաշինյանն աշխատանքի վրա կենտրոնանալու փոխարեն նոր դոզա հաղորդեց թշնամանքի ու ատելության մթնոլորտին։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ բացառապես բոլոր ուժերը կամ անհատները, որոնք քննադատում են Փաշինյանին ու իր գլխավորած ուժին, թիրախավորվում և պիտակավորվում են։
Նրանց նկատմամբ վարկաբեկման արշավ է սկսվում։ Իսկ սոցցանցերը դառնում են կեղծիքի, ստի ու հայհոյանքների տարածման հարթակ։ Թեպետ պետք է նաև նշել, որ Փաշինյանի այս գործելաոճը միայն վերջին երեք տարիներին չէ, որ արտահայտվում է, նա ստի, կեղծիքի ճանապարհով վարկաբեկելու գործելաոճ որդեգրել է իր գործունեության ողջ ընթացքում: Դրա արդյունքում է, որ մեր իրականության մեջ առանց այն էլ սաղմնային վիճակում գտնվող քաղաքական դիսկուրսի մշակույթը հողին հավասարեցվեց, գաղափարական և ծրագրային հարցերը հայտնվեցին լուսանցքից դուրս, իսկ քաղաքականությունը՝ որպես առանձին երևույթ, ուղղակի ոչնչացվեց, որին փոխարինելու եկավ ատելության և բռնության քարոզչությունը։ Եվ այս պարագայում բնականոն է, որ հասարակական տրամադրությունների ռադիկալացում է տեղի ունենում։ Իսկ հանրային բացասական էներգիան, որը լիցքավորել են Փաշինյանն ու իր թիմը այս երկուսուկես տարվա ընթացքում, շրջվում է դրանց հեղինակի՝ իրենց առաքելությունը ձախողած իշխանությունների դեմ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։