կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-14 21:07
Առանց Կատեգորիա

Բումերանգի էֆեկտը կամ բարոյականության սահմանագիծը

Բումերանգի էֆեկտը կամ բարոյականության սահմանագիծը

Երևի բոլորն արդեն տեղյակ են «Հիմնադիր խորհրդարան»-ի հրապարակած՝ ապրիլյան պատերազմին վերաբերող այն տեսանյութի մասին, որով փորձ է արվում ապացուցել, որ չնայած հակառակորդի կողմից մեծ քանակով հարձակման մասին նախապես ունեցած տվյալներին, դիրքապահ զինվորներին ժամանակին չի տրվել նրանց առաջխաղաղումը կասեցնելու հրաման:  Չնայած տեսանյութն ակնհայտորեն վերաբերում է կոնկրետ մեկ դիրքից արված նկարահանմանը, սակայն այն տարածելու նպատակն առավել քան հասկանալի է. մեկ օրինակով ցույց տալ, որ այդ օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին իրականացվել է դավադրություն, և որ թե դիրքային և թե մարդկային զգալի կորուստների պատասխանատվությունն անմիջականորեն կրում է բանակի հրամանատարությունը:

Ոմանք սա համարում են դավաճանություն՝ շեշտելով, որ չի կարելի մատնել, թե որ դիրքերում կա նման տեխնիկական միջոցներով սահմանի վերահսկողություն իրականացնելու հնարավորություն, կամ փորձել դրանով անվստահություն սերմանել  դիրքեր պահող շարքային զինվորների և սպայակազմի ու հրամանատարության միջև: Դրանում, իհարկե, կա ճշմարտության հսկայական բաժին:

Ոմանք էլ ու հատկապես «Հիմնադիր խորհրդարան»-ի համախոհներն ու դրա փաստացի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցները, պնդում են, որ առանց նման հրապարակումների հնարավոր չէ բացահայտել իրականությունը, և որ իբր, իրականության բացահայտումն անհրաժեշտ է`ճիշտ հետևություններ անելու և գուցե ստիպելու համար, որ ոչ միայն սխալներն ուղղվեն, այլև թույլ տրված ճակատագրական թերացումների պատասխանատուները կրեն արժանի պատիժ: Այստեղ էլ, իհարկե, կարելի է գտնել ճշմարտության հատիկ: Մանավանդ հաշվի առնելով ոչ վաղ անցյալի այն տխուր փորձը, որ իսկապես, առանց նման խնդիրների մասին բարձրաձայնելու, դրանց շուրջ հանրային աղմուկ բարձրացնելու` իշխանությունը սովորաբար ձգտում է թաքցնել շատ իրողություններ ու փաստեր: Դեռ թարմ է ԼՂ հյուսիսարևելյան և հարավային ուղղություններով հայկական կողմի ունեցած տարածքային կորուստների իրական չափերը թաքցնելու իրողությունը, երբ միայն Ժիրայր Սեֆիլյանի կողմից 700 հեկտար տարածքի մասին հայտարարությունից հետո ՀՀ նախագահը հաստատեց, որ իրականում կորուստն այդքան է, դեռ մի փոքր էլ ավելի:

Սակայն խնդիրը բացարձակապես այդ տեսանյութը հրապարակելու իրավունքի հարթությունում չի գտնվում: Ժամանակակից տեխնոլոգիական զարգացումն այնպիսին է, որ ցանկացած ոք կարող է նման կարգի տեսագրություններ անել սովորական բջջային հեռախոսով և դնել համացանցում: Էլ չենք խոսում այն մասին, որ ըստ անհրաժեշտության, կարող են սոցիալական ցանցերում տեղադրվել նաև արբանյակներից արված տեսագրություններ: Այս իմաստով փաստերի հանրայնացումը գործնականում դարձել է անվերահսկելի:

Խնդիրը մի կողմից այդ տեսագրության տարածման շարժառիթներն են և դրա բարոյական կողմը: «Հիմնադիր խորհրդարանը» կարող էր իրեն իրավունք վերապահել՝  հիմնավորելու հայկական բանակի հրամկազմի ապաշնորհությունը, հանցավոր անգործությունը: Բայց միանշանակ է, որ առանձին վերցրած դիրքի, առավելևս առանձին դիրքից արված տեսագրության միջոցով հնարավոր չէ դա անել: Այն պարզ պատճառով, որ նախ դրանից չես կարող հետևություն անել՝ ինչ իրադարձություններ են նախորդել կամ հաջորդել այդ տեսագրության մեջ արձանագրվածին, առավելևս՝ չես կարող հետևություն անել, թե ինչպիսի է եղել իրավիճակը հարձակման ենթարկված այլ դիրքերում:

Սա նույնն է, որ մարդուն տեսագրես ինչ-որ առանձին վերցրած իրավիճակում՝ առանց պատճառահետևանքային կապը ներկայացնելու, ապա հրապարակես այն՝ նրա մասին հանրային կարծիք ձևավորելու համար: Այլ կերպ ասած՝ գործ ունենք պարզ, բայց եւ, մեղմ ասած, ոչ բարոյական մանիպուլյացիայի հետ: Եթե այդ տեսանյութը հրապարակողը ոչ թե վարկաբեկելու, սևացնելու, բանակի ու հատկապես նրա սպայակազմի նկատմամբ հանրային վստահությունը անթույլատրելիորեն խաթարելու նպատակ չունենար, ապա նվազագույնը, որ պետք է աներ, տեսագրության նպատակները պարզաբանող մեկնաբանություն կցելը պետք է լիներ կամ գոնե հնարավորինս ամբողջական պատկեր ապահովող համակողմանի հետաքննություն կատարելը: Այդ դեպքում հասարակությունը գուցե շնորհակալ կլիներ նման նախաձեռնություն ցուցաբերողին:

Ամենայն հավանականությամբ «Հիմնադիր խորհրդարանը» իր այս քայլը համարում է ճիշտ և բարոյական: Եթե այդպես է, ապա նույն տրամաբանությամբ նա պետք է բարոյական ու ճիշտ համարի «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի 12.06.2016թ.-ի թողարկման մեջ ղարաբաղյան պատերազմում Ժիրայր Սեֆիլյանի գործունեության առանձին դրվագին վերաբերող ռեպորտաժը: Վերջինս, հիշեցնենք, թալիշցի ոմն Արարատ Սարգսյանի հետ անցկացրած հարցազրույցի միջոցով փորձ է անում ներկայացնել, թե ինչպես է Առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ռազմի դաշտում վիրավոր թողնում իր մարտական ընկերոջը, իր զինվորին և նահանջում: Ակնհայտ է՝ այս դեպքում էլ նպատակն առավել քան պարզ է` վարկաբեկել Սեֆիլյանին և նսեմացնել ղարաբաղյան պատերազմում նրա դերակատարությունը: Որքան էլ ենթատեքստը նողկալի է, դրանից Սեֆիլյանը չպետք է նեղանա, նեղսրտի: Որովհետև «Արմենիան» նրա հանդեպ կիրառել է այն նույն տեխնոլոգիան, ինչ իր ղեկավարած «Հիմնադիր խորհրդարանը»՝ բանակի հանդեպ:

Մեր տեսանկյունից երկուսն էլ նույնքան անընդունելի են: Բայց գուցե  երբեմն արժե բումերանգի հարվածն ստանալ՝ որոշ բաներ վերարժևորելու  ու վարքագծի որոշ ձևերից խուսափելու համար:

Գեւորգ Դարբինյան