կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-01 08:35
Առանց Կատեգորիա

Բումերանգի էֆեկտը. իր իսկ կողմից «փորված փոսում». «Փաստ»

 Բումերանգի էֆեկտը. իր իսկ կողմից «փորված փոսում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 29-ի կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն: «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով»,-ընդգծել է նա: Իսկ արդյո՞ք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նոր են սկսվել: Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում: Իսկ ավելի ստույգ՝ նրան այդպես է պետք:

Օրինակներ. «Հայկական ժամանակ», 2007 թվական. «...Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստումն առաջին անգամ է փորձարկվում Հայաստանում... Հայաստանի բժիշկները ներքին կարգով իրենց ազգականներին ու մտերիմներին հուշում են չթույլատրել իրենց երեխաներին պատվաստել... Ժողովրդի մեջ խուճապ է տիրում... »: «Հայկական ժամանակ», 2009 թվական. «...2009 թ. հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները պատվաստվելու են հնգավալենտ պատվաստանյութով... Այս պատվաստանյութն առնվազն Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ, ու փաստորեն` երկու ամիսն էլ դեռ չբոլորած նորածինների դեպքում...»:

Շարքը կարելի է շարունակել... Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մյուս բոլոր ընդդիմադիրները «նախկին քրեաօլիգարխիկ հանցագործ ռեժիմի դեմ» պայքարել են բոլոր հնարավոր միջոցներով: Այսինքն, նման ռեժիմի պայմաններում հանրապետությունում բացառվում էր դրականը, մանավանդ, եթե դա ձրի է (օրինակ՝ պատվաստումները), և հետևաբար պետք է պայքարել դրա դեմ: Իսկ պատվաստումների թեման զգայուն հարց է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Հակաքարոզչությունը ունակ է զգալի իջեցնել պատվաստումների ընդգրկվածությունը, հավատը դրա արդյունավետության նկատմամբ կուտակվում է տարիներով, իսկ կասկած ներ առաջացնելը շատ հեշտ է : ԽՍՀՄ-ի ժամանակ ամեն ինչ հեշտ էր՝ չկար հակաքարոզչություն տեղեկատվական հարթակներից, կային միայն կենցաղային խոսակցություններ: Անկախ Հայաստանում ամեն ինչ փոխվեց: Նախ՝ տեղեկատվական դաշտի ընդլայնումը նպաստեց կենցաղային խոսակցությունների հանրայնացմանը:

Երկրորդ հերթին՝ պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստումների ներդրումը (2001 թվականի վերջից՝ ՎՀԲ, 2007 թվականի վերջին՝ կարմրուկ-կարմրախտ մասսայական պատվաստում, 2009 թվականի վերջից՝ ՀԻԲ, 2012 թվականի վերջից՝ Ռոտարիքս, 2017 թվականից՝ «չարաբաստիկ» Գարդասիլը) նոր լիցք հաղորդեց «դավադրությունների տեսությունների» ջատագովներին. «…Հայի գենը ոչնչացնում են… մեր վրա փորձարկումներ են անում…իրենց չծախվող ապրանքն են մեր վրա ցխում…հանցագործ պաշտոնյաները դրա վրա փող են աշխատում…»:

Երրորդ հերթին պետությունը ունակ չեղավ ինչ-որ կերպ պայքարել հակաքարոզչության դեմ, չընդունվեցին այն քրեականացնող օրենքներ, չպատժվեց ոչ մի հակաքարոզիչ՝ ներառյալ բժիշկները (ի դեպ, նման բժիշկների թիվը քիչ չէ), պատշաճ կերպով չիրականացվեց քարոզչական աշխատանք և այլն: Իհարկե, այդ ամենում մեղավորություն ունեն նաև նախկին իշխանությունները, բայց նրանք գոնե ներկայումս այնպիսի հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ իրականացրել են ներկայիս իշխանության ներկայացուցիչները: Նետած բումերանգը հետ վերադառնալու էֆեկտ ունի…

Կան ոլորտներ, որոնք, ինչպես Փաշինյանն է նշել, «երկրի որակի նշանն են», բայց նա ինքն է ժամանակին իջեցրել այդ որակը, ընդ որում, այնքան, որ անգամ երկու վարչապետական ժամկետն էլ չի բավարարի դրան հասնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում