Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք՞ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի ազատ, թափանցիկ և արդար, և եթե այն արդար ու թափանցիկ չանցկացվի, ի՞նչ դիրքորոշում կունենա ՀՅԴ-ն:
Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ, ընտրությունների հետ կապված, Դաշնակցության դիրքորոշումը վաղուց է հայտնի` ՀՅԴ-ն պահանջում է ազատ, արդար և թափանցիկ հանրաքվեի անցկացում:
«Բնական է, որ մենք կողմ ենք, որ քարոզարշավը երկու կողմերի` թե\' «ոչ»-ի, թե\' «այո»-ի համար լինի հավասար, հանրաքվեի մասին օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Շատ կարևոր է, որ հանրաքվեն իսկապես անցկացվի ազատ, արդար ու թափանցիկ, և որ դա վստահության մթնոլորտում տեղի ունենա: Իհարկե, միշտ կլինեն մարդիկ` ասելով, որ ազատ, արդար չի եղել, բայց հանրաքվեն պետք է անցնի ազատ ու արդար: Եթե այդպես չլինի, մենք մեր գնահատականը կտանք»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչպե՞ս է անցկացնելու ՀՅԴ-ն սահմանադրական փոփոխությունների «այո»-ի քարոզարշավը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այս ամբողջ ընթացքում Դաշնակցությունը ներքին աշխատանքներ է տարել, հանդիպում-քննարկումներ իրականացրել 50 կոմիտեությունների հետ, և երկու հավաք է մնացել՝ Տավուշում ու Սյունիքում, որը կիրականացնեն մոտակա օրերին:
«Մենք «այո»-ի առանձին քարոզչություն ենք անելու, որևէ միասնական շտաբի չենք մասնակցելու: Մենք ունենք փաստարկներ ու ապացույցներ` սահմանադրական փոփոխությունների «այո»-ն համոզելու համար: Ունենք քարոզչական խումբ` հայտնի դաշնակցական քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ունենք գրաֆիկ ու ժամանակացույց, և հանրապետությունով մեկ մենք կիրականացնենք «այո»-ի քարոզարշավը»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչո՞ւ չեն ցանկանում միանալ միասնական «այո»-ի քարոզչությանը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ չեն ծրագրում միանալ «այո»-ի միասնական որևէ շտաբի այն պատճառով, որ խորապես համոզված են, որ այդ հարցում Դաշնակցությունը պետք է քարոզի զուտ Դաշնակցության տեսակետները, փաստարկներն ու ապացույցները:
«Մենք պրոուժ չենք եղել, մոռացեք դրա մասին, մենք քարոզելու ենք մեր ճշմարտությունը: Երբ մենք քառյակում էինք, մենք առաջ էինք տանում խորհրդարանական կառավարման համակարգի գաղափարը: Այս հարցը եղել է Դաշնակցության սկզբունքային հարցը, և մենք իրավունք ունեն մեր ճշմարությունը փոխանցելու»,- ասաց նա:
Լրագրողները հարցրեցին` իսկ ինչպե՞ս են տոնելու, եթե հանրաքվեով սահմանադրական փոփոխություններն ընդունվեն: «Իսկ ինչպե՞ս պետք է տոնենք: Երկու օր առաջ էլ գրվեց, թե Դաշնակցության խմբակցությունում քեֆ-ուրախություն էր: Լրատվամիջոցները աղոտ պատկերացում ունեն քեֆ-ուրախության վերաբերյալ: Եթե սեղանին դրվել է մեկ շիշ կոնյակ ու միրգ, ու մարդիկ շնորհավորել են մարդու ծննդյան տարեդարձը, դա դեռ քեֆ-ուրախություն չէ»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, իհարկե, կնշեն այդ փաստը, բայց դա չի արվի համազգային տոնախմբությամբ: