Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը, որը, հղում անելով նոյեմբերի 10-ի հայտարարությանը՝ասել էր, որ «Նախիջեւանի միջանցքը» առաջիկայում կբացվի։ Մանե Գեւորգյանի մեկնաբանությունը ստորև․
«ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա: Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու:
Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով: Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:
Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում: Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը: Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին: Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում:
Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին»։