|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Վրաստանի տարածքով ռազմական բեռների տարանցում չի իրականացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի համար:
Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի սկսվելուն պես Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Վրաստանի ցամաքային և օդային ճանապարհով՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ: Նա ասել է, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Փոխնախարարի խոսքով՝ Վրաստանում առկա փաստաթղթերի համաձայն, Վրաստանի օդային տարածքով իրականացվող թռիչքները կրում են միայն հումանիտար և քաղաքացիական բնույթ և լիովին համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին:
Փոխնախարարը հավելել է, որ, միևնույն ժամանակ, Վրաստանը շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտավորությունները հումանիտար և քաղաքացիական, այդ թվում ՝ առևտրային բեռների փոխադրման առումով: Դա արվում է միջազգային իրավունքի նորմերին, ներառյալ՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին լիովին համապատասխան:
Լաշա Դարսալիան նշել է, որ, այնուամենայնիվ, լրատվամիջոցներում ակտիվորեն շատացել են շահարկումները, թե Վրաստանի տարածքով ռազմական բեռների փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական ավիաթռիչքների միջոցով: Նա ընդգծել է, որ կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պարտականությունն է լիովին պահպանել միջազգային իրավունքի նորմերը և չչարաշահել հումանիտար միջանցքները:
«Խախտումների հայտնաբերման և հստակ ապացույցների առկայության դեպքում Վրաստանը պատշաճ կերպով կպատասխանի, և խախտողները պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի համաձայն, այդ թվում՝ նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) առջև»,- նշել է Վրաստանի ԱԳ փոխնախարարը: