Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթում հավելյալ գաղտնի մաս լինելու վերաբերյալ հարցի պատասխանը արդեն մեկ ամիս ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը փնտրում է, բայց չի գտնում․ ըստ Yerkir.am-ի՝ այս մասին նա ասաց մտավորականների ու մշակույթի գործիչների հետ Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ։
«Անընդհատ ինչ-որ բաներ են օրակարգ մտնում, որոնք մեզ համար անհասկանալի են և դրանց մասին իմանում ենք ադրբեջանցիներից և Ալիևից։ Սկսած նրանից, որ փաստաթուղթը նախատեսում էր «կոմունիկացիաներ» ռուսերենում, մեզ մոտ թարգմանվեց «հաղորդակցության ճանապարհ», հետո Ալիևը հայտարարեց, որ առնվազն երկու ճանապարհի մասին է խոսքը և երկաթգծի»,-հիշեցրեց Աշոտ Մելքոնյանը։
Նա խնդրեց Վազգեն Մանուկյանին՝ լինի ՌԴ դեսպանի հետ հանդիպում, թե Մոսկվայում հանդիպումներ, պարզել այս հանգամանքը։
«Որովհետև մենք կույր-կույր գնում ենք մի տեղ, երբ չգիտենք՝ ինչ դավեր են նյութվել մեր թիկունքում։ Ես կասկածներ ունեմ, որ այդ փաստաթուղթը ունի գաղտնի հավելյալ մաս։ Մեր իշխանությունների հավաստիացումները ինձ չեն բավարարում։ Ես ում ասես դիմել եմ և հստակ պատասխան չեմ ստացել»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Վազգեն Մանուկյանին, որ այս դժվարին պայմաններում պատրաստ է այդ խաչը տանել։
Բոլոր այն մարդկանց, որոնք մանիպուլյացիա են անում, թե՝ հինը նորից եկել է, Աշոտ Մելքոնյանը հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը մեր պետության ստեղծման ակունքներում կանգնած մարդ է, 1960-ականների՝ ազգային այլախոհության ակունքներում, և ասաց, որ համոզված է՝ 90-ական թվականների սկզբին հայոց պետականություն ստեղծելը շատերին թվում էր մի հեքիաթ, բայց դա դարձավ իրականություն, եթե թվում էր, թե Արցախն ազատագրելը դարձյալ հեքիաթի ժանրից է, դարձավ իրականություն։
Այնպես որ, նա ևս մեկ հարց ուղղեց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ այն ժամանա՞կ էր դժվար ու անհավատալի, որ կլուծվեն խնդիրները, թե՞ հիմա, որ այս դժվարին գործը ստանձնում է։
Հիմա շատ ավելի դժվար է՝ վստահեցրեց Վազգեն Մանուկյանը։
«Հա՛մ շատ բան կոտրվեց, հա՛մ էլ կարևոր է հոգեբանությունը․ այն ժամանակ ոգևորություն կար և հավատք կար՝ ժողովրդին ինչ-որ մի բանի հասնելու, հիմա այս պատերազմը այդ ոգևորությունը ջարդեց։ Առանց հոգեբանության վերականգնման հնարավոր չէ առաջ գնալ, առանց առաջ գնալու՝ հնարավոր չէ հոգեբանությունը բարձրացնել։ Նենց որ՝ շատ ավելի դժվար է հիմա»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Ինչ վերաբերում է փաստաթղթին՝ ասաց, որ դեսպանի հետ ինքը չի խոսել, բայց ում հարցրել է՝ այդ թվում Մոսկվա այցի ժամանակ, բոլորն ասում են՝ այդպիսի հավելված չկա։
«Եթե իրենք ճիշտ են, նշանակում է՝ կախված է նրանից՝ ով ոնց կմեկնաբանի։ Մերոնք լռում են, Ադրբեջանը ոնց ուզում է՝ մեկնաբանում է, միգուցե դա է»,-պատասխանեց Վազգեն Մանուկյանը։
Ավելի վաղ ներկայացրել էինք ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանի խոսքը վարչապետի թեկնածուի հետ հանդիպման ժամանակ։
Մանրամասն՝ տեսանյութում: