կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-03 12:46
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավալի է, որ մեր գործընկերները ևս ներգրավված են լարված այս թակարդում․ Աշոտ Մելքոնյանը՝ պատմության ուսուցման նոր չափորոշիչների մասին

Սա հերթական լարված թակարդն է, որի մեջ, ցավոք սրտի, հայտնվեցինք և մեզ համար ցավալի է, որ մեր գործընկերները ևս ներգրավվել են այդ գործում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը «Հանրակրթական դպրոցի պատմության ծրագրերի նախագծերի, դրանց հետևում կանգնած ուժերի գործունեության և հարակից հարցերի մասին» թեմայով ասուլիսի ժամանակ։

Նա վստահեցրեց, որ ամեն ինչ արվել է գաղտնիության պայմաններում, ոչ մեկը չի իմացել, որ հայ պատմաբանները կապի  մեջ են թուրքերի հետ․ արդյունքում՝ ունենք  երկու գիրք, որոնցում հենց հայկական կողմը հայերին մեղադրում է ռազմաշունչ պահվածքի, ֆեմինիզմի և այլ անհեթեթությունների համար։ Այդ գրքերում հայ և թուրք պատմաբանները խորհուրդներ են տալիս՝ ինչպես պետք է գրվի հայոց պատմությունը, ինչպես՝ Թուրքիայի պատմությունը, որ հաշտվենք և խնդիրներ չունենանք։

«Մենք հաշտվելու խնդիր չունենք, խաղաղասեր ենք եղել և շարունակում ենք մնալ, բայց պետք է զգույշ լինենք, որ ծուղակի մեջ չհայտնվենք»,-ասաց Աշոտ Մելքոնյանը։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը ուշադրություն հրավիրեց թուրքական կեղծարարության վրա, որով տարիներ շարունակ զանազան ծրագրերի գործադրմամբ փորձել են  մոռացության մատնել Ցեղասպանության թեման և «հաշտեցնել կողմերին»։

«Եթե Գերմանիան իր մեջ ուժ գտավ ճանաչելու հրեաների Ցեղասպանությունը և տարիներ շարունակ միլիարդների գումարներ է վճարում, իսկ հրեաները դեռ պնդում են, որ դա քիչ է, ապա ինչո՞ւ պետք է հայերը մոռանան ու հաշտվեն»,-նշեց Աշոտ Մելքոնյանը։

Նա նկատեց, որ վերջին 50 տարվա թուրքական պաշտոնական շրջանակների քաղաքականությունը ծուղակների շարան է։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի համար ցավալի է, որ Սևրի դաշնագրի 100-ամյակի մասին խոսելու փոխարեն, որը լրանում է օգոստոսի 10-ին, այս թեման է շրջանառվում։ Պատմության ինստիտուտը միջոցառումներ նախաձեռնել է և տոնելու է դաշնագրի 100-ամյակը, քանի որ եթե Սևրի դաշնագիրը կյանքի կոչվեր, Հայաստանը տարածաշրջանում կլիներ ուժեղագույնը՝ ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի հրապարակումից հետո, որով բացահայտվում է, որ «պատմություն» և «հասարակագիտություն» առարկաների չափորոշիչները մշակող հանձնաժողովի անդամները արտասահմանյան դրամաշնորհային ծրագրեր են իրականացրել՝ Թուրքիայի հանդեպ թշնամու կերպարը վերացնելու ուղղությամբ և երկու աշխատություն հրապարակել այս թեմայով, լայն հանրությունը անվստահության է հայտնում հանրակրթության չափորոշիչները այդ ոգով շարադրելու գործընթացին։ Մասնագետները արձանագրում են չափորոշիչների հակահայկական կոնկրետ դրսևորումներ։ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը այս հարցի վրա է հրավիրել ԱԱԾ ուշադրությունը։

Մանրամասն՝ տեսանյութում․