կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 13:31
Հասարակություն

Պետք է քննարկում լինի, հետո որոշում կայացնեն. Աշոտ Մելքոնյանը` գիտության ոլորտում օպտիմալացումների մասին

Պետք է քննարկում լինի, հետո որոշում կայացնեն. Աշոտ Մելքոնյանը` գիտության ոլորտում օպտիմալացումների մասին

Կառավարության` նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում հարց կար՝ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի շինություններից որոշները վերցնել և վարձակալությամբ տրամադրել մասնավոր ընկերությունների: Կենտրոնում գիտական 3 կառույց է ընդգրկված՝ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը, Օրգանական քիմիայի ինստիտուտը և Մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրման կենտրոնը:

Նշենք, որ ոչ միայն այդ բնագավառի գիտնականներն են բողոքում օպտիմալացման դեմ:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ մեկ ընդհանուր հայագիտական ինստիտուտ ստեղծելու կամ ակադեմիական ինստիտուտները հայագիտական համալսարանին միացնելու վերաբերյալ որոշումը, իսկ նման լուրեր շրջանառվում են, կարող է աղետալի հետևանքներ ունենալ հայագիտության զարգացման համար: Մելքոնյանի խոսքով`նման քայլ անել` նշանակում է վերադարձ 1935-ի իրավիճակին, երբ գոյություն ուներ մեկ ընդհանուր ինստիտուտ` պատմության ինստիտուտի հիմքի վրա, որը հետագայում սկսեց տրոհվել, և առաջացան ակադեմիական մյուս հայագիտական ինստիտուտները:

«Ինչպես կարելի է հնագիտության կամ արևելագիտության ինստիտուտներ չունենալ, երբ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ Արևելքի երկրների հետ հարաբերվելու խնդիր կա: Այնպես որ` առայժմ դեռ որոշում, այո,  չկա, բայց դա չի նշանակում, որ օպտիմալացումը չի կարող ներառել նաև ակադեմիական այդ հիմնարկները: Մենք մտավախություն ունենք, թե հանկարծ չստացվի այնպես, որ, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, մեզ փաստի առաջ կանգնեցնեն: Մենք կողմնակից ենք, որ անպայման մեր կարծիքը հաշվի առնեն, քննարկում լինի, հետո նոր միայն որոշումներ կայացնեն»,- ասաց Մելքոնյանը:

Նա նշեց նաև, որ ինքը իր` օպտիմալացումից բողոքող գործընկեր գիտնականների կողքին է, քանի որ դա մեր գիտությանը կարող է լուրջ հարվածներ հասցնել: Մելքոնյանի խոսքով` պատճառաբանությունը, թե տարածքներ չունենք և դրա պատճառով պետք է ինստիտուտներն օպտիմալացնենք, նշանակում է, որ այդ քայլով մեր երկրի զարգացման հեռանկարի մասով լուրջ սխալ արած կլինենք: «Չունենալով ռեսուրսներ, օգտակար հանածոներ` մեր ռեսուրսը թերևս միայն գիտությունն է, որը Հայաստանին կարող է դուրս բերել առաջնակարգ դիրքեր: Օպտիմալացումը մեզ մոտ բացասական իմաստով է ընկալվում, քանի որ շատ դեպքերում բարեփոխումը չարեփոխում է նշանակում. անում ենք մի քայլ ու հետո զգում դրա ծանր հետևանքները: Տարիներ առաջ, երբ Ղազախստանի և Վրաստանը գիտությունների ակադեմիաները դարձրեցին ՀԿ-ներ, ակադեմիական ինստիտուտները կցեցին տարբեր հաստատությունների, մասնավորապես` համալսարանների, և հիմա ի՞նչ: Այժմ իրենք փորձ են անում վերադարձնել դրանք, սակայն գիտական անձնակազմը կորցրել են և չեն կարողանում այդ խնդիրը լուծել: Մեր ռուս և ղազախ գործընկերները միշտ երանի են տալիս մեզ, որ մենք չհրաժարվեցինք ակադեմիական այս կառուցվածքից, որի ակունքներում գերմանական և ռուսական ակադեմիաների օրինակն է»,- ասաց Մելքոնյանը:

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը նշեց, որ Հայաստանում ցավալիորեն հաճախ բերում են միայն ԱՄՆ-ի օրինակը, որտեղ ի սկզբանե գիտությունը համալսարանական է եղել, ակադեմիական հաստատություններ չեն եղել, սակայն այդպես էլ չեն նշում, որ, օրինակ, Ֆրանսիայում, Գերմանիայում, Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում գիտությունների ակադեմիաներ կան, որոնք զուտ գիտական աշխատանք կատարելու համար են ստեղծված: «Հիմա մեզ մոտ այդ հաստատությունները վերացնելով` ի՞նչն ենք մենք բարելավում, օպտիմալ դարձնում: Գիտությունը մինչև հիմա Հայաստանում այնքան է ֆինանսավորվել, որ կարողանա գոնե կադրերի վերարտադրություն ապահովել: Բազմիցս ակադեմիայի նախագահն ասել է` որպեսզի տվյալ երկրում գիտությունը բուռն զարգացում ապրի և կարողանա արդյունավետ լինել, նաև` տնտեսությանն օգնելու իմաստով, նախ պետք է մինչև 3 տոկոս ֆինանսավորում ունենա: Հայաստանում, ցավոք, մոտ 0.2 տոկոսով ենք ֆինանսավորում գիտությունը: Նման պայմաններում, բնական է, որ գիտության զարգացում հնարավոր չէ ապահովել»,- խոսքն ամփոփեց Մելքոնյանը: