կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 11:52
Քաղաքական

Ինչպե՞ս կանդրադառնան պատերազմի հետեւանքները Հայաստանից միգրացիոն հոսքի վրա. փորձագետների կարծիքը

Ինչպե՞ս կանդրադառնան պատերազմի հետեւանքները Հայաստանից միգրացիոն հոսքի վրա. փորձագետների կարծիքը

Երկրում ստեղծված իրավիճակը կարող է ժողովրդագրական աղետի հանգեցնել, եւ այդ ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղեկալ, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա նկատեց, որ ինչպես 1990-ական թվականների սկզբին, շատերը մտածում են արտագաղթի մասին, եւ շարունակվող անորոշությունը մեծացնում է այդ ցանկությունը: «Բնականաբար, տնտեսության եւ աշխատատեղերի կրճատումը եւս մարդկանց ստիպում է մտածել»,-հավելեց Ավետիսյանը: Փորձագետը որպես օրինակ նշեց Սոթքի հանքը, որտեղ աշխատում է մոտ 1,5 հազար մարդ: «Այդ աշխատատեղերի կորուստը մարդկանց կստիպի հնարավորություններ փնտրել՝ ապահովելու իրենց նվազագույն պահանջներն այլ վայրերում,օրինակ՝ արտասահմանում: Անհրաժեշտ է հաշվի առնել կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում աշխատատեղերի կորուստը»,-նշեց նա:

Ավետիսյանն ընդգծեց, որ Հայաստանում միգրացիոն տրամադրություններին զուգահեռ երկրներում, որտեղ Հայաստանից միգրացիոն հոսք կնկատվի, կաճի արտասահմանյան աշխատուժի պահանջարկը: Տնտեսագետը նկատեց, որ 2,5 տարում իշխանությունները փաստացի չեն իրականացրել ոչ մի համապարփակ ծրագիր ժողովրդագրական խնդիրները լուծելու համար:

«Ապագա իշխանությունների համար առաջնահերթ խնդիր կլինի տարբեր մեխանիզմներով եւ գործիքներով միգրացիոն հոսքը նվազեցնելը, իսկ հնարավորություն դեպքում՝ դադարեցնելը: Հակառակ դեպքում Հայաստանում բնակչությունը՝ չնայած Փաշինյանի հայտարարությանը, թե 2050 թվականին բնակչության թիվը կհասնի 5 միլիոնի, կարող է ընդհանրապես անհետանալ»,-հայտարարեց Ավետիսյանը:

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը NEWS.am-ի զրույցում պարզաբանեց, որ միգրացիայի վրա կազդի երկու հիմնական գործոն՝ ներգաղթի վիճակը եւ արտագաղթի վիճակը երկրում: «Եթե դիտարկենք Հայաստանի եւ Ռուսաստանի օրինակները, ապա ՌԴ-ում իրավիճակը, կարծում եմ, չի փոխվի, եւ մոտ ապագայում ներգաղթյալների աշխատանքի պահանջարկը չի աճի»,-հավելեց նա: Նրա խոսքով՝ փակ սահմանների հետ կապված արտագաղթի հնարավորությունները դեռ սահմանափակ են:

«Այդ առումով ժամանակը Հայաստանի օգտին է աշխատում, քանի որ հետագայում որոշ պայմանների դեպքում երկրից հեռանալու ցանկությունը կարող է թուլանալ: Ներգաղթի հետեւանք կլինեն անշարժ գույքի շուկայում փոփոխությունները, սակայն մասշտաբները գնահատելը դեռ վաղ է»,-եզրափակեց Միքայելյանը: