Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
lragir.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը
-Լիբանանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Քաղաքական և տնտեսական ճգնաժամի լուծմանը միտված ի՞նչ քայլեր են իրականացվում:
-Այո, ցավոք ճիշտ եք նկատում․Լիբանանում կացությունը շարունակվում է մնալ գերլարված և շատ անորոշ, ճգնաժամային հանգամանքների կուտակում է։ Համավարակի տարածականությունը արագ է, ֆինանսական կոլապս՝ լիբանանյան արժույթի կտրուկ գահավիժման իրողությունով պայմանավորված և իբրև այդ երկուսի արդյունք՝ բազում սոցիալական խնդիրներ՝ սկսած հիվանդանոցների գերծանրաբեռնվածությունից մինչև կարիքավոր աղքատ խավի մեծ ծավալներով ընդլայնում։ Սրան պետք է ավելացնել կառավարություն կազմելու համար անհրաժեշտ համաձայնության չկայացումը։ Հետևաբար խոչընդոտների հաղթահարման համար օպերատիվ գործողություններ չկան։
-Հայ համայնքում կա՞ արտագաղթի տրամադրություն:
-Նախ պետք է ասել, որ անհեռանկարայնությունն ու ֆինանսատնտեսական սուր ճգնաժամը բնականաբար արտահոսքի տրամադրությունների զանգվածայնացման տեղիք կտան։ Սա ընդհանուր տեսություն է և վերաբերում է նաև աշխարհում նման իրավիճակներում հայտնվող ցանկացած երկրի, այդ թվում Լիբանանին։ Լիբանանյան հասարակության մոտ զարգանում են մեկնելու տրամադրություններ, և աճում է այդպիսի ծրագրեր կազմողների թիվը։ Խնդիրը սակայն ներկա պայմաններում դժվար հանգամանքներ է պարզում. բանկային համակարգը սառել է, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հաշիվներից։ Չկա գումարային տեղաշարժ, ինչը հատկանշում էր լիբանանյան տնտեսությունը իբրև ճկուն բանկային համակարգահեն երկիր։ Սառել է նաև անշարժ գույքի առքուվաճառքը, իսկ երկրից արտահոսքը ենթադրում է միջոցներ, որոնք բացակայում են քաղաքացիների համար:
-Որքանո՞վ լուծելի է ճգնաժամը Լիբանանում, համայնքն արդյոք մասնակցո՞ւմ է տեղի ունեցող ցույցերին:
-Լիբանանը ենթարկվում է տնտեսական շրջափակման իբրև քաղաքական նախապայմանների ճնշամիջոց։ Երեք հիմնական հանգուցակետեր կան, որոնք իբրև նախապայման բարձրաձայնվել են։ Առաջինը Հեզբոլլահ կուսակցության զինաթափումը կամ չեզոքացումը պետական կյանքից, երկրորդը ընդծովյա էներգիայի շահագործման համար Իսրայելի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկը և երրորդը՝ Լիբանանում ապրող պաղեստինցի բնակչությանը լիբանանյան քաղաքացիության շնորհում, այսինքն՝ նրանց Պաղեստին վերադարձի պահանջից հրաժարում։ Դա նշանակում է, որ խնդիրները արտաքին ուժերի հետ են կապված, և դրանք չկատարելու դեպքում գործում են տնտեսական պատժամիջոցներ՝ այս դեպքում տնտեսական շրջափակում ֆինանսական բնույթով։ Մնացյալը՝ կառավարության կազմում, կոռուպցիայի վերացում, բարենորոգումների ձեռնարկում, ածանցյալ խնդիրներ են, արտաքին ուժերի կամ տարածաշրջանային գլխավոր խաղացողների համար։ Քաղաքացիական պոռթկումները հասկանալի են․ մարդիկ ուզում են քաղաքացիական իրավունքները վերականգնել, բարեկարգումներ տեսնել և համայնքային համակարգը փոխարինել քաղաքացիական պետության ձևավորումով։ Հայ համայնքը պաշտոնապես չի մասնակցում նման բողոքի ակցիաներին, բայց իհարկե, կան Լիբանանի հայ անհատ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել փողոց բողոքելու նման ծանր իրավիճակի դեմ։
– Հայաստանի ներքաղաքական զարգացումները որքանո՞վ են ազդեցություն ունենում համսյնքի տրամադրությունների վրա:
-Լիբանանահայերը միշտ էլ ոչ միայն հետևել են հայաստանյան իրադարձություններին, այլ նաև գործնապես մասնակցել հայրենաշինության զանազան բնույթի աշխատանքներին։ Կապերը բազմաոլորտ են։ Վերջին շրջանում, նախքան պատերազմը, կտրուկ աճել էր նաև ՀՀ քաղաքացիություն ստացողների թիվը։ Բազմաթիվ լիբանանահայեր բնակարաններ էին գնել Հայաստանում, ունեին բանկային հաշիվներ, սկսել էր աճել երիտասարդների հետաքրքրությունը ՀՀ-ում բարձրագույն ուսում ստանալու հարցում։ Լիբանանյան ավիաուղիները առայսօր իրականացնում է կանոնավոր թռիչքներ դեպի Երևան։ Բնական է, որ արցախյան պատերազմի հետևանքները՝ հողատարածքների կորուստ, հազարավոր զոհեր, միակողմանի զիջողական հայտարարության ստորագրություն, բացասական ազդեցություն գործեցին արդեն լիբանանյան առումով ծանր իրավիճակում հայտնված լիբանանահայերի վրա։ Լիբանանահայությունը դասական Սփյուռքի ամենակազմակերպված համայնքն է, որը նաև Թուրքիայի դեմ պահանջատիրական պայքարի առաջին հորիզոնականներում է։ Հետևաբար շատ զգայուն է նաև Թուրքիայի հասցեին այսօր հնչող հայտարարությունների կամ մոտեցումների մեջ շտկումներ մտցնելու մասին կատարվող բարձրաձայնումների նկատմամբ: