կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 17:30
Սփյուռք

Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պետք է քվեարկի բանաձևը

Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պետք է քվեարկի բանաձևը

lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:

-Ֆրանսիայի Սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճաnաչող բանաձևը, որին հետևեց երկրի ԱԳՆ-ի պարզաբանումը այդ բանաձևի վերաբերյալ: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Ֆրանսիան իր կարծիքը հայտնում է ԱԳՆ-ի միջոցով, թե կարող ենք հաջորդ փուլերում բոլորովին այլ արդյունք ունենալ: Մասնավորապես, ԱԺ-ում երբ է հարցը քննարկվելու և արդյոք հնարավոր է այնպես աշխատել, որ ԱԺ-ում էլ հաջողություն գրանցենք:

-Մենք կազմակերպեցինք Սենատի կողմից քվեարկությունը, որպեսզի խորհրդարանական իշխանությունը կոչ անի գործադիր իշխանությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Երկու օրից Ֆրանսիայի Ազգային ժողովը պետք է քվեարկի մի բանաձև, որտեղ նշվում է, որ ԱԺ-ն կողմ է, որ Արցախը ճանաչվի որպես անկախ հանրապետություն: Հետևաբար Ֆրանսիայի երկու հաստատությունները, որոնք ներկայացնում են Ֆրանսիայի ժողովրդին, իրենք կողմ են Արցախի անկախության ճանաչմանը: Մենք աշխատանքներ ենք տանում նաև կապ հաստատելով Ֆրանսիայի նախագահի հետ, ասելու համար, որ պետք է անպայման հստակ լինի Ֆրանսիայի դիրքորոշումը դեպի Արցախի ճանաչում, որովհետև Ֆրանսիան չի կարող այլ կեցվածք ունենալ: Ֆրանսիան այն պետությունն է, որը ուզի-չուզի, պետք է ճանաչի Արցախի անկախությունը, որովհետև դա արձանագրված է ոչ միայն իր պատմության մեջ, այլև Ֆրանսիայի էության մեջ: Ֆրանսիան, լինելով ժողովրդավարություն, ազատություն ներկայացնող պետություն, մարդկանց իրավունքների պաշտպան պետություն, չի կարող այդ պայմաններում իրավունք տալ ադրբեջանական կողմին, այլ պետք է բնականորեն դիրքորոշվել դեպի Արցախի ճանաչում: Այս հարցը դեռևս հստակ չէ, բայց հստակ է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական կուսակցությունները մեզ հետ են և կողմ են, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը: Սա շատ կարևոր է, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեջ Ֆրանսիան պարտավոր է պաշտպանել Արցախի անկախության գաղափարը:

Փաստորեն, կապ չունի՞, որ Մակրոնի կուսակցությունը ԱԺ-ում մեծամասնություն է և կարող է ձեռնպահ լինել այդ բանաձևին՝ հաշվի առնելով, որ Սենատում նրանք հենց ձեռնպահ քվեարկեցին:

-Այո, մեր նպատակն այն է, որ բանաձևը քվեարկվի Ազգային ժողովում: Եթե քվեարկությունը լինի առանց Մակրոնի կուսակցության մասնակցության, դա պրոբլեմ չէ մեզ համար: Մենք նպատակ ունենք, որ քվեարկվի բանաձևը, որովհետև եթե քվեարկվի, կնշանակի, որ այն Ազգային ժողովի բանաձև է: Այսինքն Սենատից հետո ԱԺ-ն ևս հաստատեց, որ Ֆրանսիայի ժողովրդի ներկայացուցիչները, պատգամավորները կողմ են Արցախի անկախությանը: Հիմա մենք կարող ենք հասկանալ, որ Ֆրանսիան շարունակում է մասնակցել Մինսկի խմբի համանախագահությանը և այս գաղափարը պետք է տանի այնտեղ: Ես կարող եմ ասել, որ Ֆրանսիան կողմ է Արցախի անկախությանը, բայց միաժամանակ տեսնում ենք այն աշխատանքները, որ տանում է Թուրքիան, որպեսզի չեզոքացնի Ֆրանսիայի մասնակցությունը, հայտարարելով, որ Ֆրանսիան՝ կողմ լինելով Արցախի անկախությանը, պետք է դուրս գա Մինսկի խմբի համանախագահությունից: Այս հարցն էլ պետք է ուշադիր քննել, և պետք է արձանագրել, որ Թուրքիան որևէ իրավունք չունի խոսելու, որովհետև ինքն անձամբ մասնակցել է պատերազմին, հետևաբար նաև մեղսակից է Ադրբեջանի հետ միասին, հետևաբար որևէ իրավունք չունի որևէ պահանջ ներկայացնելու Արցախի հարցի լուծման մեջ:

-Վերջնարդյունքում Ֆրանսիայի նախագա՞հը պետք է Արցախը ճանաչելու որոշումը կայացնի:

-Այո, բայց սա օրենք չէ, միայն բանաձև է, որն ուղղված է երկրի կառավարությանն ու նախագահին: Վերջին խոսքը, իբրև Ֆրանսիայի ներկայացուցիչ, անշուշտ նախագահինն է: Նախագահը կարող է հաշվի չառնել Սենատի ու ԱԺ-ի բանաձևերը, բայց կարող է նաև հաշվի առնել, և կարծում եմ, որ հաշվի կառնի: Երբ խորհրդարանի երկու թևերը նույն ուղղությամբ տեքստի օգտին քվեարկեն, նախագահը ստիպված է հաշվի առնել դա, չի կարող հաշվի չառնել: Հաշվի առնել նշանակում է հասկանալ, որ Ֆրանսիան կողմ է Արցախի անկախության ճանաչմանը և այդ գաղափարը նախագահ Մակրոնը պետք է միջազգայնացնի:

-Իսկ նախագահ Մակրոնի տրամադրվածությունն ինչպիսի՞ն է ըստ ձեզ:

-Ես խորապես համոզված եմ, որ Մակրոնը կողմ է Արցախի անկախության ճանաչմանը: Ես վստահ եմ, որ ինքը աշխատանք կտանի, որպեսզի ոչ միայն Արցախը ճանաչվի, այլ նաև վերաշինվի, որպեսզի վերադառնա ժողովուրդը, ուժեղ ու ամուր պետություն կառուցվի: Մենք գիտենք, որ այս նոր վիճակը, որ ստեղծվեց Արցախում, բավական դժվար է: Մենք պետք է մեր շուրջը ունենանք մի շարք պետություններ, միջազգային հաստատություններ, որոնք կօժանդակեն, որպեսզի Արցախը վերագտնի իր տեղը և իր ժողովրդին:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ