Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Սենատի կողմից երեկ ընդունված բանաձևը կարող է վարակիչ օրինակ դառնալ և շատ հնարավոր է, որ Եվրամիության առաջատար երկրի այդ քայլին հետևեն այլ երկրներ ևս։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց Արցախի ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։
«Սա նոր դուռ է բացում նաև դիվանագիտական դաշտի համար։ Բանաձևը, բացի հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ռազմական ագրեսիան փաստելուց, նաև արձանագրում է, որ Արցախի հարցում նշաձող իջեցնելու ոչ մի պահանջ չկա։ Այն Ֆրանսիայի Խորհրդարանի ստորին և վերին պալատների որոշումների շարունակությունն է և կրկին փաստում է Արցախի հիմնախնդրի առկայության, լուծված չլինելու մասին, որքան էլ որ Ադրբեջանը հայտարարի, թե հարցը փակված է և փորձի հասնել նրան, որ Արցախի կարգավիճակի հարցը փակվի»,-ասաց Բալայանը։
Արցախի ԱԺ պատգամավորը չի բացառում, որ տեսանելի ապագայում Ֆրանսիան Արցախում իրոք, հումանիտար գրասենյակ փորձի բացել։
«Եթե Ֆրանսիական կողմը վճռականություն ցուցաբերի, ապա գրասենյակ էլ կարող է բացվել։ Համենայդեպս, տպավորություն կա, որ Ֆրանսիան տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու հավակնություններ առանձնապես չունի և այս տեսանկյունից չի հակադրվում Ռուսաստանին, ինչ-որ տեղ անգամ լրացնում է խաղաղության պահպանմանն ուղղված ծրագիրը։ Ըստ այդմ՝ կարծում եմ, որ ռուսական կողմից հակադրություն չի լինի»,-նշեց Բալայանը։
Չթերագնահատելով դիվանագիտական աշխատանքի դերը Սենատի այդ բանաձևի ընդունման հարցում՝ մեր զրուցակիցը շեշտում է հնարավոր բոլոր ոլորտներում միջազգային գործընկերների հետ աշխատանքն ակտիվացնելու կարևորությունը։
«Արցախի Խորհրդարանում բարեկամական խմբեր են գործում մի շարք երկրների հետ․ Ֆրանսիայի հետ դեռևս տարիներ առաջ է ստեղծվել նմանատիպ խումբ, որն, ավելի շուտ, շրջանակ է, որում բացի խորհրդարանականներից, ընդգրկված են նաև մտավորականներ, հասարակական գործիչներ։ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք միմյանց հետ ու դեռ ավելի ակտիվ ու նախաձեռնող պետք է լինենք։
Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ասպարեզներն ու հնարավորությունները։ Ի դեպ, Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքների հետ Արցախն ունի քույր քաղաքներ։ Դա ևս սերտացնում է Արցախ-Ֆրանսիա կապը»,-եզրափակեց Վահրամ Բալայանը։