Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Վիգեն Սարգսյանը քարոզարշավի ընթացքում պատրաստ է բանավիճել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին նա հայտարարեց ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Ես ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանն էլ եկել է այդ համոզմանը: Ես անցյալ ընտրությունների ժամանակ առաջարկել եմ, բայց ցավոք սրտի, շատ ուժեր մերժեցին այդ առաջարկը»,- ասաց նա և հավելեց, որ իրենք երբևէ չեն խուսափել բանավեճից:
Հարցին՝ եթե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների նման հայտարարի՝ եթե ուզում եք հեղափոխությունը վերջնական հաղթանակի հասնի, ընտրեք ՔՊ-ին, դա կլինի արդա՞ր խաղի կանոն, Սարգսյանը պատասխանեց, որ դա բացարձակ խաղի կանոնների խախտում չի լինի:
«Տարօրինակ կլինի, որ վարչապետը որպես իշխող ուժի ղեկավար որևէ այլ բան հայտարարի: Նա պարտավոր է գնա և քարոզի ՔՊ համար որքան հնարավոր է ինտենսիվ, պետք է փորձի առավելագույն քվեները ստանալ, դա նաև վստահության քվե է իր հանդեպ»,- ասաց նա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ իրենց մնում է փորձել հասկանալ, թե տակը մնացող ձայների քանի՞ տոկոսը կարող է վերցնել ընդդիմադիր հիմնական ուժ լինելու հայտ ունեցող կուսակցությունը: Սարգսյանի խոսքով՝ այսօր արդեն շատ այլընտրանքներ թողնված չեն: «Ցավոք սրտի, կա երկու ուժ և այդ երկու ուժի մեջ պետք է հասարակությունն ընտրություն կատարի»,- ասաց նա:
Հարցին էլ՝ այլ ընդդիմադիր ուժ չի՞ տեսնում, Սարգսյանն արձագանքեց. «Ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է թաքուն ինչ-որ ուժերի սատարել, որ ունենա իրեն ավելի հարմար ընդդիմություն խորհրդարանում: Սակայն վեճը միայն մի բանի մասին է՝ մենք ունենալո՞ւ ենք մեկ բևեռ խորհրդարանում, թե՞ ունենալու ենք բանավեճ»:
Սարգսյանը միևնույն ժամանակ հայտարարեց, որ եթե նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր՝ նոր Հայաստան կառուցելու ձգտման մեջ, մենակ մնալով քվեախցիկում, քվեարկելու է ՀՀԿ օգտին: «Որովհետև բացի ՀՀԿ-ից որպես այլ ընդդիմադիր իրեն չպետք է տեսնի ապագա խորհրդարանում: Եթե նա դա չանի, ուրեմն ուզում է ունենալ գրպանային ընդդիմություն»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել, և ցուցակը գխավորելու է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ ընտրված Վիգեն Սարգսյանը: