Մարդը և պատերազմը նույն տարիքի են: Մարդկության պատմությունը նախ պատերազմների պատմություն է: Չկա մարդկության պատմության մի շրջան, որ արյունով գրված չլինի:
Իր արարման օրվանից մարդը պատերազմել է հանուն իր գոյության, հանուն իր ազատության: Անցնելով հասարակական զարգացման տարբեր աստիճաններով և անընդհատ վերելք ապրելով՝ մարդը ոչ միայն չի դադարել պատերազմելը, այլև կատարելագործել է դրա արվեստը: Եվ սա արվել է ոչ թե որովհետև մարդը պատերազմասեր է, այլ որովհետև մարդու տեսակի գոյության միակ գրավականը կամ պատերազմն է, կամ պատերազմին պատրաստ լինելը:
Պատերազմին պատրաստ լինելու համար մարդը պետք է գործադրի իր հանճարը, տաղանդը և աշխատասիրությունը ամբողջական նվիրումով: Եթե չի գործադրել բավարար ներուժ, մարդը պարտվել է պատերզամում. որքան քիչ ներուժ, այնքան ծանր պարտություն:
Պատերազմին պատրաստվելը միայն զինվելը կամ այդ զենքին տիրապետելը չէ: Պատերազմին պատրաստվելը խանդավառությամբ զինվելն ու խանդավառությամբ զենքին տիրապետելն է: Եթե պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո չկա հաջորդ պատերազմի պատրաստվելու հոգևոր-բարոյական խանդավառություն, ուրեմն մարդը զիջել է անգամ շահած պատերազմը:
Այդպիսին է նաև ՀԱՅ մարդը, այդպիսին է նաև պատերազմը ՀԱՅ մարդու համար:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՈԳԻՆ
Պատերազմը յուրօրինակ քննություն է, թե մարդն ինչպես է դրսևորում իր կազմակերպական ՈԳԻՆ: Պատերազմում հաղթելու համար պետք է ամեն ինչ ներդաշնակորեն կազմակերպված լինի: Միայն ոգու առկայութայն պայմաններում է, որ ներդաշնակությունը կատարյալ կլինի, իսկ դա պարտադիր պայման է վերջնական հաղթանակի համար:
Պատերազմում զինվորի ցուցաբերած հերոսությունը, զորահրամանատարի ռազմական տաղանդը, թիկունքի անմնացորդ աջակցությունը պետք է ներդաշնակեցնել կազմակերպական ՈԳՈՎ: Պատերազմում կլինեն նաև դավաճանության, հրամանատարական սխալների, թիկունքի անտարբերության դեպքեր, բայց դրանք հեշտ սրբագրելի են, եթե կա կարգապահություն: Կարգապահությունը պիտի դառնա թթվածնին համազոր անհրաժեշտություն:
Պատերազմում ցուցաբերված բազմաթիվ առասպելական հերոսություններ արդյունք չեն տվել կարգապահության բացակայության պատճառով: Իսկ կարգապահությունը թույլ կլինի, եթե նրան հետևող հրամանատարը ապիկար է:
Պատերազմի քննությունը մարդը բարեհաջող կհանձնի, եթե կարգապահ է և կազմակերպված: Պատերազմի արդյունքով է չափվում մարդու կազմակերպական ոգին:
Հայը իր մղած պատերազմում հաղթել է, երբ հերոսության ու նվիրումի կողքին և դրանցից առավել եղել է կազմակերպված:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՂԹԵԼՈՒ ԿԱՄՔԸ
Պատերազմը կամքի դրսևորման ասպարեզ է: Կամք է անհրաժեշտ չվախենալու, փախուստի չդիմելու, չգաղթելու, չհանձնվելու, մինչև վերջ պայքարելու և հաղթելու համար:
Պատերազմում վախը սարսափելի հետևանքներ է թողնում: Վախը բնական երևույթ է, որը հատուկ է յուրաքանչյուր գիտակից մարդու: Կամք է անհրաժեշտ գիտակցելու համար, որ վախը մարդուն կդարձնի կենդանի դիակ: Վախը սպանում է մարդու մեջ հավատը հաղթանակի հանդեպ, խիղճը պարտականության առջև, սերը զինակցի հանդեպ:
Հիմնականում վախով են պայմանավորված պատերազմի մյուս արգահատելի երևույթները՝ փախուստի դիմելը, գաղթը, թշնամուն հանձնվելը: Հնարավոր է, որ չվախենաս, բայց գաղթես: Կամք է պետք նաև չգաղթելու համար: Այդ զարհուրելի երևույթը ոչ միայն բարոյապես կոտորում է գաղթողին, այլև զինվորին: Մի բան է, երբ զինվորը կռվում է՝ իր թիկունքում զգալով բնակչի շնչառությունը, մի այլ բան, երբ տեսնում է գաղթի քարավանը: Կամք է պետք պատերազմի ժամանակ չգաղթելու և զորություն՝ թշնամուդ գաղթ պարտադրելու համար:
Պատերազմում մինչև վերջ անվարան կռիվը և հաղթելու անսակարկ կամքը հաջողություն նախապայմաններ են: Հաղթական տրամադրությունը, հաղթանակին հոգեբանորեն պատրաստ լինելը որակներ են, որոնք կոփում են հաղթելու կամքը. այլապես մարդը պարտվում է:
Հայը հաղթել, երբ պատերազմել է հաղթելու կամքի դրսևորմամբ: Պարտվել է դրա բացակայության պատճառով….
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԶՈՐԱՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ
Պատերազմում պարտվում են նախ զորահրամանատարները: Զորահրամանատարը առաջնորդ է, ով պարտավոր է տիրապետել հաղթանակի հասնելու բոլոր լծակներին: Նրա միտքը պետք է սթափ և կշռադատված լինի, յուրաքանչյուր քայլը՝ հաշվարկված և անսասան, խոսքը՝ պարզ և զորավոր:
Առաջնորդ բառն ինքը հուշում է, որ նա պետք է առջևից գնա: Առաջնորդը համարձակության, անվեհերության, ինքնազոհության խորհրդանիշ պետք է լինի: Զորահրամանատարի ամենանանշան թերացումն անգամ հանգեցնում է համընդհանուր խախտումի, շփոթի և վերջում՝ նաև խուճապի: Որքան էլ զորահրամանատարը տաղանդավոր լինի, նա պետք է զարգացում ապրի. պատահական զորահրամանատարները չեն գիտակցում ոչ հաղթանակի իրական քաղցրությունը, ոչ էլ պարտության իրական դառնությունը:
Զորահրամանատարի կերպարի մեջ է ամփոփված ամբողջ բանակը՝ յուրաքանչյուր զինվորի անհատական կարողություններով և առանձնահատկություններով, ֆիզիկական և մտավոր ներուժով, սոցիալ-հոգեբանական նկարագրով, հասարակական ու քաղաքացիական գիտակցությամբ:
Զորահրամանատարը հաղթանակ ապահոված ռազմարվեստի կրողը պետք է լինի: Նա միաժամանակ և պատմություն է, և ներկա, և ապագա: Կտրեց այս տրամաբանական շղթայի որևէ օղակ, ուրեմն տապալել է ամեն ինչ:
Որքան որ զորահրամանատարի դրական կերպարը ոգևորում է զորքին, նույնքան և ավելի նրա թերացումը հիասթափություն է առաջ բերում: Ուժեղ զորահրամանատարի բանակում դասալիքներ չեն լինում: Ուժեղ զորահրամանատարի խոսքն ու հրամանը դառնում են աղոթքին համազոր և չեն քննարկվում:
Պատերազմում հաղթելու համար պետք է նախ ուժեղ զորահրամանատար ունենալ:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԶԻՆՎՈՐԸ
Պատերազմում զինվորը կռվում է հաղթելու, բայց նաև՝ չզոհվելու համար: Պատերազմին մասնակցող զինվորը ակամայից առերեսվելու է մահվան հետ: Այս առերեսման ժամանակ զինվորի համար անհրաժեշտություն է մահն արհամարհելը: Միայն մահն ահրամարհելով, մահվան սարսափը հոգու խորքում մեռցնելով է հնարավոր հաղթել թշնամուն և ապրել:
Սակայն հեշտ չէ զինվորին պատերազմի նախապատրաստելն ու մահվան աչքերին անսասան նայել սովորեցնելը:
Ինչպես երեխայի համակողմանի և ներդաշնակ զարգացման համար է անհրաժեշտ ընտանիքում ջերմ և հաշտ մթնոլորտի առկայությունը, այնպես էլ զինվորի համար է անհրաժեշտ գաղափարական-բարոյական առողջ մթնլորտի առկայությունը հայրենիքում և բանակում՝ հատկապես պատերազմի ժամանակ:
Զինվորը պետք է գիտակցի, որ ինքն ամենթանկ մարդն է հայրենիքի համար, իսկ հայրենիքը պետք է գործով ապացուցի, որ դա այդպես է: Պատերազմում զինվորի անմնացորդ նվիրումով է ապահովվում հաղթանակը: Իսկ զինվորի այդ նվիրումն ու ինքնազոհաբերումը հասունանում է նախքան պատերազմը: Որքան առողջ և բարոյական եղավ այն միջավայրը, որտեղ պատրաստվում է ապագայի զինվորը, այքան հեշտ է լինելու զինվորի գործը պատերազմի ժամանակ:
Հայ զինվորին պատերազմի պատրաստելու համար պետք է ամենայն պարզությամբ մատուցել նրա ստանձնելիք հանձնառությունները, որոնք հստակ ձևակերպել է 5-րդ դ. պատմիչ Փավստոս Բյուզանդն իր «Հայոց պատմության» Ե դպրության 20-րդ գլխում.
1. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն անկախ Հայաստան աշխարհին, երկրին ու թագավորությանը։
2. Ասպետական պատվի և համարումի («քաջի անվան») անբիծ պահպանում, հարկ եղած դեպքում՝ նաև կյանքի գնով։
3. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի պետական համակարգի ամենակարևոր նվիրագործված հաստատությանը՝ Հայաստանի թագավորին (Արշակունի «բնիկ տերերին»)։
4. Հավատարմություն և անձնուրաց ծառայություն Հայաստանի ժողովրդին, բոլոր բնակիչներին անխտիր՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և դիրքից։
5. Քրիստոնեական հավատի և ազգային եկեղեցու նկատմամբ բարեպաշտ վերաբերմունք և դրանց անձնուրաց պաշտպանություն։
6. Նվիրվածություն ընտանիքին։
7. Նվիրվածություն տոհմակիցներին։
8. Հավատարմություն զինակիցներին։
Շուրջ 1600-ամյա այս վարքականոնը պետք է դաջված լինի հայ զինովորի հոգու և գիտակցության մեջ նաև այսօր՝ թե պատերազմի, թե խաղաղ օրերին:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
Պատերազմի ժամանակ ժողովուրդն է ամենածանր զրկանքներ կրողը: Ժողովրդինն են թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը: Պատերազմում հաղթելու համար առաջնորդները նախ ժողովրդին են դիմում կոչերով:
Ժողովուրդը պարտավոր է պատերազմի ժամանակ լինել և կարգապահ, և համախմբված, և համբերատար, և զոհաբերող:
Հատկապես այս չորս հատկանիշները պետք է վերածվեն բնազդի: Առանց սրանց առկայության թե զորահրամանատարը, թե զինվորը ծանր կացության մեջ են հայտնվում: Առանց կարգապահ, համախմբված, համբերատար և զոհաբերող թիկունքի բանակի հաղթականկի հավանականությունը կիսով չափ կրճատվում է:
Շատ կարևոր է նաև հավաքական վտանգի գիտակցումը: Վայ այն ժողովրդի, ով զուրկ է դրանից։ Ցուցաբերված կարգապահությունը, համբերատարությունը, թիկունքի համախմբված աշխատանքն ու զոհաբերությունը վայրկենապես ջուրը կլցվեն, եթե չլինի այն պարզ գիտակցությունը, որը սահամանին ապրող բնակչի տունը քանդվելիս քանդվում է նաև մայրաքաղաքի կենտրոնում ապրողի տունը: Հավաքական վտանգի գիտակցումով է, որ ոչ միայն սահմանին ապրողը պետք է համաժողովրդական միջոցներով ապահով գետնապաստարան ունենա, այլ մայրաքաղաքում ծնված պատանին ձգտի զինովորական դառնալ, պատերզմում հաղթանակը հեշտացնելուն միտված կրթություն ստանալ:
Պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, պատերազմից հետո ժողովուրդը պետք է առաջնորդվի հավաքական վտանգի գիտակցումով և, անկախ վտանգից, հավաքական գիտակցությամբ դիմագրավի նրան: Այլապես ձախողումը անդառնալի կարող է լինել:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքակրթություններին պետք է նայել պատերազմների պրիզմայով: Ազգը պատերզմում է նաև իր քաղաքակրթությունը տարածելու և հաստատելու համար:
Քաղաքակրթության ներկայիս ընկալումը նույնպես ուղղակիորեն կապված է պետարզմի հետ: Խաբկանքից ազատ մարդն է, որ օգտվում է քաղաքակրթության բարիքներից: Պատերազմի ժամանակ ամենամեծ խաբկանքը քաղաքակիրթ լինելն ու քաղաքակիրթ մարդկությունից ակնկալիք ունենալն է:
Պատերազմի ժամանակ ազգը քաղաքակրթությունը պետք է ծառայեցի իր կենսական շահերին, իսկ եթե չի ստացվում, պետք է ոտնակոխ անի այդ քաղաքակրթությունը:
ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ինչպես արդեն նշվեց, մարդկության պատմությունը նախ պատերազմների պատմություն է: Հետևաբար պատերազմից անմիջապես հետո պետք է նախապատրաստվել հաջորդ պատերազմին:
Պատերազմի ժամանակ առաջադրված նպատակների իրականացմանը զուգահեռ ճշգրտվում են հաջորդ պատերազմի ռազմավարական և մարտավարական խնդիրները: Պատերազմը մղում են ոչ միայն հաղթանակի հասնելու, այլև հաջորդ պատերազմում դիրքային առավելություն ունենալու համար: Կարճմտություն է պատերազմի նպատակը սահմանափակել միայն այդ պատերազմի առաջադրած խնդիրներով: Եթե ընթացող պատերզմում, թեկուզ հաղթական, չես առաջնորդվում նաև հաջորդ պատերազմում հաղթելու տրամաբանությամբ, ուրեմն կատարյալ չէ քո հաղթանակը նաև ընթացող պատերազմում:
Եվ հիշենք․ որքան էլ կորստաբեր, ծանր ու դաժան լինի պատերազմը, այն անխուսափելի է: Պատերազմում հնարավոր կորուստներից կարելի է խուսափել, բայց պատերազմից՝ երբեք: Եվ ուրեմն՝ պատրաստվել է պետք հաջորդ պատերազմին, որքան շատ պատրաստվածություն, այնքան քիչ կորուստ, որքան քիչ կորուստ, այնքան շատ ձեռքբերում:
Խաչատուր Ստեփանյան Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյան