կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-19 15:11
Քաղաքական

Հայկակ Արշամյանը հիմնադրամի միջոցներով պարգևավճար տալու մասին լուրերը մանիպուլյացիա է համարում

Հայկակ Արշամյանը հիմնադրամի միջոցներով պարգևավճար տալու մասին լուրերը մանիպուլյացիա է համարում

Պատերազմի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցած գումարները ծախսելու ուղղությունները հստակ ամրագրված են պայմանագրով: Lրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ հիմնադրամը չի կարող, բացի իր կանոնադրական նպատակներից, այլ ծախսեր անել: 

«Մենք ռազմական ծախսեր չենք կարող անել: Կառավարությանը փոխանցած գումարները օգնել են պետությանը, որպեսզի առողջապահական, սոցիալական համակարգեր պահվեն և այն գումաները, որոնք պետք է ուղղվեին այդ համակարգերին, ուղղվել են այլ հրատապ ծախսերի: Դա է եղել ամբողջ տրամաբանությունը: Մենք հստակ պայմանագիր ունենք որտեղ նշված են ուղղությունները: Երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը մանրամասն կներկայացնի գնումների հաշվետվությունը, ապա դա կդնենք կայքում, բոլորը կտեսնեն: Հիմնադրամի միջոցներով չի տրվել ոչ աշխատավարձ, ոչ պարգևավճար, դա սովորական մանիպուլյացիա է: Երբ դու պայմանագրով ֆիքսում ես թե քո ծախսերն ուր պետք է գնան, հետևաբար չեն կարող գումարներն այլ նպատակի համար ծախսվել: Դրանք պետք է մնան պայմանագրի շրջանակում: Ես խնդրում եմ բոլորին մի քիչ համբերատար լինել, այդ բոլոր հաշվետվությունները կստանանք նախարարությունից, կդնենք մեր կայքում: Ես ինքս կխոսեմ դրա մասին, մենք բաց ճակատով ենք, պարզ ու թափանցիկ: Գոնե վերջին երկու տարում հիմնադրամն այդպես է աշխատել: Մենք չենք պատրաստվում դրանից շեղվել»,-ասաց Հայկակ Արշամյանը:  

Նա պարզաբանեց այն գործընթացը, ըստ որի, հիմնադրամը որոշ գումար է տվել կառավարությանը պատերազմի ընթացքում: Նա նախ հիշեցրեց, որ այս դրամահավաքը տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի կառավարությունների խնդրանքով, որպեսզի երկիրը կարողանա դիմակայել արհավիրքին: Այնուհետև, Հայկակ Արշամյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, հատկապես հոկտեմբերին, երբ թեժ շրջան էր, բավական շատ էին Արցախի պահանջները: Բազմաթիվ ուղղություններով գնումների անհրաժեշտություն կար: Հիմնադրամը կատարել է մեծաքանակ գնումներ: Մասնավորապես, դիզելային գեներատորներ, շտապ օգնության մեքենաներ, բժշկական սարքավորումներ, բժշակական պարագաներ, կենցաղային առաջին անհրաժեշտության իրեր, մեծ քանակությամբ մարտկոցներ, լամպեր, մահճակալներ, շարժական լիցքավորման կայաններ, որոնք սնվում են արևային էներգիայով, հսկայական քանակությամբ վառարաններ, շարժական գազօջախներ և այլն: Չնայած դրան, պահանջներն ու կարիքներն օրեցօր ավելանում էին, դրան զուգահեռ ավելանում էր պահանջվող գնումների թիվը, սակայն հիմնադրամը մեծ հնարավորություն չի ունեցել այդքան ծավալի գնումների գործընթացի մեջ մտնելու: 

«Եվ մենք պատվիրակել ենք Հայաստանի Հանրապետությանը, համաձայնեցրել ենք բոլոր ծախսերը, որոնք պետք է կատարվեն այդ շրջանակներում: Մեր հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել, որ գումարների մի հատված փոխանցվի կառավարությանը գնումներն ավելի արագ և օպտիմալ կատարելու համար: Գնումները վերաբերում են փախստականներին, առողջապահության, սոցիալական համակարգին և այլն: Պատերազմ է, ֆորսմաժորային իրավիճակ է, Հայաստանը, կազմակերպությունները երբեք նման իրավիճակում չեն եղել: Ասեմ, որ դա հիմնադրամի գործադիր մարմնի գործառույթը չի եղել, հոգաբարձուների խորհուրդն էլ քվեարկել է կողմ այդ որոշումներին: Ի դեպ, ոչ ոք դեմ չի քվեարկել»,-ասաց նա: 

Հայկակ Արշամյանը հիշեցրեց, որ հոգաբարձուների խորհրդում ոչ միայն պետական այրերն են, այլև սփյուռքի կազմակերպությունները: Բազմաթիվ բարերարներ, որոնք տարիներ շարունակ աջակցել են հիմնադրամին, ներգրավված են հոգաբարձուների խորհրդում: Նրա խոսքով, այդ որոշումը նույնպես կարելի է բնութագրել կոնսեսուսային, որովհետև դեմ քվեարկող չի եղել: 

Հարցին, թե հաշվարկներ կա՞ն` որքան գումարներ են անհրաժեշտ Արցախին, և հիմնադրամի ունեցած գումարը որքանո՞վ կփակի այդ ծախսերը, Հայկակ Արշամյանը նշեց, որ այս պահին ամբողջական հաշվարկներ չկան: 

«Այդ հաշվարկների կատարումն ընթացքի մեջ է, սակայն հիմնադրամն ընթացքում պետք է աշխատի փակել այն բացերը, որոնք չի հասցնում փակել Արցախի կառավարությունը: Ես ամեն օր նամակներ եմ ստանում Արցախի ղեկավարությունից, որտեղ խնդրում են կոնկրետ կարիքների բավարարման համար գնումներ կատարել: Այնքան մեծ են այդ կարիքները, մարդիկ անտուն են, նրանց մի մասը Հայաստանում է: Նորից եմ կրկնում սա ֆորսմաժորային իրավիճակ է, սա բերում է նրան, որ հրատապ որոշումեր կայացնելու խնդիր է առաջանում»,- հավելեց հիմնադրամի գործադիր տնօրենը: