Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ռուսաստանի հայ մեծահարուստները բոյկոտել են ու գումարներ չեն փոխանցել հեռուստամարաթոնի ընթացքում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ Ռուսաստանից նվիրատուներն անցած տարի ավելի շատ են եղել, սակայն այս տարի հիմնադրամը դեռ չի ավարտել դրամահավաքը: Ընդ որում, Արշամյանի խոսքով, այս տարի ավելի շատ գումար է ՌԴ-ից հիմնադրամին փոխանցվել, քան նախորդ տարի:
«Բոյկոտ չի եղել, տեսեք` Սամվել Կարապետյանն է մեծ գումար նվիրաբերել՝ 2․8 միլիոն դոլար, որը հիմնականում Արցախին է նվիրաբերվելու: Մեկ այլ նվիրատու էլ՝ Աշոտ Խաչատրյանը, 100 000 դոլար է նվիրաբերել, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 100 000 ռուբլի է նվիրաբերել: Դրամահավաքը, բնականաբար, սրանով չի ավարտվելու, և այս թվերն ավելանալու են, քանի որ աշխատելու ենք թե' Ռուսաստանի մեր հայրենակիցների հետ, թե' Ուկրաինա ենք փորձելու գնալ` հսկայական պոտենցիալ կա այնտեղ»,- ասաց Արշամյանը:
Եվս մեկ անգամ շեշտելով, որ որևէ բոյկոտ էլ չկա Ռուսաստանի հայ գործարարների կողմից, նա հավելեց, որ պետք է ոչ միայն խոշոր գործարարներին ներգրավել այս գործընթացում, այլև այնտեղ ապրող 2 մլն հայությանը:
Հիշեցնենք, որ Արշամյանը
հայտնել էր` որ այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարաթոնի ընթացքում հավաքված գումարի չափը կազմել է 14 115 940 դոլար: