|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Պետական եկամուտների կոմիտեն տուգանքներ է կիրառել այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը: Հաշվի առնելով հանգամանքները, մենք վարչարարությունն ու վերահսկողությունը մասամբ տեղափոխել ենք գրասենյակային դաշտ՝ հեռահար և աննկատ եղանակով: Ավելի շատ իրականացվում է վերլուծական աշխատանք: Հարկ եղած դեպքում իրականացրել ենք նաև ստուգողական աշխատանքներ, արձանագրել տուգանքներ: Դրանք կիրառվել են հատկապես այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից, շահարկել այն»,- նշեց Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տնտեսավարողները տպագրում են ՀԴՄ կտրոններ, դաշտում կան խնդիրներ, և վերահսկողությունը մշտական բնույթ է կրում:
«Այդ ամենն իրականացվում է մինչև հարկ վճարողների մոտ կարգապահության մակարդակն ու համապատասխան մշակույթը վերջնական ձևավորվեն: Հատկապես շրջանառության հարկ վճարողների մասով այս վարքագծում խնդիր ունենք»,- ասաց Հովհաննիսյանը: