կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-09 09:20
Քաղաքական

Հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, իսկ իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը. «Փաստ»

Հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, իսկ իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

«Հայ-ռուսական հարաբերություններում անորոշ վիճակը շարունակվում է։ Ճիշտ է՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՌԴ նախագահ Պուտինի՝ երկար սպասված այցը Հայաստան, սակայն դա հիմքեր չի տալիս հուսալ, թե հայ-ռուսական հարաբերություններում առկա անվստահության մակարդակը նվազել է։

Դեռևս անցյալ տարի ՀՀ վարչապետ Փաշինյանը Պուտինին հրավիրել էր Հայաստան, սակայն հոկտեմբերի 1-ին Պուտինի՝ ընդամենը մի քանի ժամով այցը ուղղակի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակ էր հետապնդում։ 

Եվ եթե ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը տեղի ունենար ոչ թե Երևանում, այլ ԵԱՏՄ անդամ երկրներից որևէ մեկի մայրաքաղաքում, ապա դժվար թե ակնկալիքներ լինեին, որ Պուտինը այս տարի կարող է Հայաստան այցելել։

Վարչապետ Փաշինյանը ինչպես նախկինում, այս անգամ ևս ՌԴ նախագահի հետ շփումներից հետո փորձեց հանրությանը ներկայացնել, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն մակարդակի են, սակայն այդ հավաստիացումները կասկածով են ընդունվում հանրության կողմից։ 

Պուտինի՝ Հայաստան այցելության ժամանակ Փաշինյանը նրա հետ երկու անգամ կարճ հանդիպում ունեցավ, սակայն հանդիպումներից հետո տարածված հաղորդագրություններից պարզ էր դառնում, որ բացի երկկողմ բարեկամության մասին հավաստիացումներից, որևէ բովանդակային հարց չի քննարկվել։

Կամ գուցե «թեժ» հարցեր լրջորեն քննարկվել են, սակայն այնպիսի թեմաների շուրջ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Բացի այդ, դժվար է ակնկալել, որ նման կարճատև հանդիպումներում հնարավոր է որևէ լուրջ հարց լուծվի՝ չնայած որ վարչապետի խոսնակը հայտարարեց, թե Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների կողմից քննարկվել է նաև գազի գնի հարցը։ 

Եթե հայ-ռուսական հարաբերություններում իրոք դրական տեղաշարժ լիներ, ապա Պուտինը ընդամենը մի քանի ժամով չէր ժամանի Երևան, նաև իր հետ կբերեր մեծ պատվիրակություն, այդ թվում՝ գործարարների, իսկ պատվիրակության անդամները Երևանում բարձր մակարդով պաշտոնական հանդիպումներ կունենային և այլն։

Ըստ էության, Պուտինի՝ Երևան այցելությունը որևէ գործնական հետևանք չունեցավ, ավելին՝ ռուսական կողմում ՀՀ իշխանությունների նկատմամբ անվստահության դրսևորումները շարունակվում են, ինչի մասին են վկայում նաև ռուսական լրատվամիջոցների շարունակվող անդրադարձները Փաշինյան-Պուտին հանդիպումներին այն տեսանկյունից, թե դրանք ուղղակի արարողակարգային բնույթ են ունեցել։

Ուշագրավ է նաև, որ օրերս Սոչիում ընթացող «Վալդայ» համաժողովին Փաշինյանը ներկա չէր, ու համաժողովին ներկա Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ միայն փորձեց օգտագործել այդ հարթակը Ադրբեջանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, այլև խիստ հակահայկական հայտարարություններ արեց, իսկ Հայաստանի կողմից համաժողովում ներկայացուցիչ չկար, որ տեղում պատասխաներ Ալիևին։

Ինչպես տեսնում ենք, հայ-ռուսական հարաբերություններում առկա անորոշությունը ոչ միայն խնդիրներ է ստեղծում երկկողմ ձևաչափում, այլև իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը։ 

Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվացնեն իրենց ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու և գործնական հարթություն տեղափոխելու ուղղությամբ, այլապես իրադրությունը դասավորվում է ոչ Հայաստանի օգտին»