կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-10 15:28
Տնտեսական

Տոհմային երինջներ գնած ու վճարումներն ուշացրած ֆերմերների նկատմամբ տույժ-տուգանքներ դեռ չեն կիրառվի

Տոհմային երինջներ գնած ու վճարումներն ուշացրած ֆերմերների նկատմամբ տույժ-տուգանքներ դեռ չեն կիրառվի

Տավարաբուծության զարգացման` 2007-2015 թթ. ծրագրով հանրապետություն ներկրված տոհմային երինջներ ձեռք բերեած ֆերմերային տնտեսություններից որոշները հայտնվել են դժվար կացության մեջ:

 

Հարցն այն է, որ այդ երինջներից ձեռք բերած ֆերմերային տնտեսությունները պետք է դրանց դիմաց վճարեին տարաժամկետ վճարման պայմաններով, բայց եղել են այնպիսի ֆերմերներ,  ովքեր ուշացրել են այդ վճարումները, եւ նրանց նկատմամբ տույժեր-տուգանքներ են կիրառվել, որովհետև պայմանագրերով նախատեսված է նաև 0.05 տոկոսի կարգի տույժ-տուգանք: Վճարումներն ուշացնելու կապակցությամբ կազմվել են համապատասխան գործեր ու  ներկայացվել դատարաններ' այդ գումարները վերականգնելու համար:

 

Սակայն ֆերմերային տնտեսությունները, ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ իրավիճակը ներկայացրեց գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը,  դիմել էին նախարարությանը' կառավարությանը, և խնդրել, որ այդ տույժ-տուգանքները վերանայվեն ու չկիրառվեն:

 

«Որովհետև ֆինանսական ծանր վիճակում են հայտնվել և ստիպված են անասունների մի մասը մորթել ու դրանով այդ գումարները փակել: Նախարարությունը, անձնապես ես, գտնում ենք, որ այդ տույժ-տուգանքները չպետք է կիրառվեն նրանց նկատմամբ, որպեսզի մենք հետագայում անասնապահության ոլորտում վնասներ չունենանք»,- նշեց Սերգո Կարապետյանը' հավելելով, որ գումարների չափը մոտ 50-51 միլիոն դրամի կարգի  է:

 

Նիստը վարող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի ԺՊ Արմեն Գևորգյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ պետք է արվի այդ առումով: Սերգո Կարապետյանը պատասխանեց, թե իրենք արդեն նամակ են գրել կառավարությանը' խնդրելով կառավարության որոշմամբ այդ տույժ-տուգանքները չկիրառել:

 

Արմեն Գևորգյանը հայտարարեց, որ իրենք ոչ մի քայլ չեն ձեռնարկում` մինչև կառավարությունը վերջնական որոշում չընդունի: