կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-09 11:37
Հասարակություն

Փորձում են օգտվել քաղաքական իրավիճակից ու բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը

Փորձում են օգտվել քաղաքական իրավիճակից ու բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը

Տրանսպորտի վարձավճարը վաղուց բարձրացած կլիներ, եթե չլինեին վերջին ներքաղաքական զարգացումները, քանի որ դա անմիջականորեն կապված է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, փորձագետ Դավիթ Գևորգյանը: «Հիմա փորձում  են օգտվել քաղաքական իրավիճակից և «անցկացնել» այդ հարցը»,- ասաց նա:

 

Ըստ Գեւորգյանի` կարիք չկա մեծ գումարներ ծախսել և Եվրոպայից փորձագետներ հրավիրել, ովքեր մեզ կսովորեցնեն, թե ինչպիսին պետք է լինի մեր  տրանսպորտը: Նշենք, որ, միջազգային փորձագետների հաշվարկներով,  երևանյան տրանսպորտի ուղեվարձը հասնում է 200-250 դրամի:

 

«Ի՞նչն է փոխվել մեր տրանսպորտում: 200 դրամ պետք է վճարենք, որ վարորդները չհայհոյե՞ն»,- նշեց փորձագետը և հավելեց, որ իրենց հաշվարկներով`  ուղևորափոխադրման ինքնարժեքը 70 դրամ է: Այսինքն` հնարավոր է 30 դրամով տրանսպորտի որակը բարձրացնել: Ըստ նրա` թանկացումը պայմանավորված է մեր իշխանությունների` բյուջեն լցնելու քաղաքականությամբ: «Երբ որ այս դաշտը ստվերից դուրս գա, շատ մականունավոր գծատերեր կհայտնվեն փաստի առաջ»,- ասաց նա:

 

Իրավապաշտպան ակտիվիստ Անի Կաղինյանը ևս կարծում է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կապված է քաղաքական գործընթացների հետ: Անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի վերանայման համար ստեղծված հանձնաժողովին` ակտիվիստը նշեց, որ այնտեղ հասարակական սեկտորի ներկայացուցիչներից ոչ ոք ընդգրկված չէ: «Այդ հանձնաժողովը ստեղծված է քաղաքապետարանի շահերը պաշտպանելու համար»,- ասաց նա: