|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։
Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։
ՊԵԿ-ի այս ակտիվությունը ուշագրավ է հատկապես բենզինի գների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Հայաստանում տարբեր վաճառքի կետերում բենզինի որոշ տեսակների գինը հասնում է շուրջ 600-800 դրամի, և տարիներ շարունակ հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջնական գինը, և որքանո՞վ են դրա բոլոր բաղադրիչները թափանցիկ։
Բենզինի և դրա հավելանյութերի համար գործում են ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ կարգավորումներ, ուստի ՊԵԿ-ի ստուգումների շրջանակը կարող է ընդգրկել ոլորտի ամբողջ հարկային շղթան։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար այս պահին վաղ է խոսել վերջնական թվերի և կոնկրետ տնտեսվարողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության չափերի մասին։ Սակայն արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։
Հետևաբար, առաջիկայում բենզինի շուկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։