Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը հանգամանորեն վերլուծում է աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումները, այդ համատեքստում Արցախյան նորօրյա պատերազմի վերսկսման պատճառները, իրավիճակի ձևավորման ներքին գործոնները և այն ռազմավարությունը, մեխանիզմներն ու ընթացիկ քայլերը, որոնք կապահովեն Հայաստանի և Արցախի հաղթանակն ու տարածաշրջանում հայկական գործոնի ամրապնդումը։
-Պարոն Մեսրոբյան, մեր զրույցի առաջին մասում Դուք խոսեցիք ներկա իրավիճակի ստեղծման արտաքին գործոնների մասին։ Այժմ խոսենք ներքին պատճառների և նաև սխալների մասին, որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցրին պատերազմի վերսկսմանն ու ներկա իրավիճակին։
-Արտաքին գործոններից, առավել ևս՝ Մեծ Թուրանի թուրքական ծրագրից, բխում է, որ պատերազմն անխուսափելի էր: Այլ բան է, թե մենք ինչ չափով դրան պատրաստ կարող էինք լինել՝ կախված նաև ներքին գործոններից: Մի հին ասացվածք կա․ «Բերդի դարպասները ներսից են բացում»։ Ցանկացած կառավարման համակարգ, իսկ պետությունը ամենաբարդ համակարգերից մեկն է, պետք է իր ներքին վիճակով կուռ լինի, չպետք է ունենա վտանգավոր ներքին բաժանարար գծեր, որպեսզի դիմակայի արտաքին մարտահրավերներին։ Մեր այսօրվա պրոբլեմներն ունեն մի վտանգավոր արմատ, այն է՝ մեր հասարակությունը և մեր բոլոր ժամանակների իշխանությունները, այնուամենայնիվ, զուրկ են պետական մտածելակերպից։ Երևի թե պատճառն այն է, որ մենք 7 դարից ավելի չենք ունեցել պետականություն, և մեր վերնախավերը դարեր շարունակ զրկված են եղել պետականաստեղծ գործունեությունից, հետևաբար՝ պետականամետ մտածելակերպից։ Կարելի է ասել, որ մենք չունենք պետական մտածելակերպով օժտված վերնախավ, սակայն առանձին անձեր, իհարկե, ունենք:
Ներկա իրավիճակի ստեղծման ներքին պատճառները խորքային են։ Պետութան կառուցումը, ամրացումն ու զարգացումն ունեն մի շարք պայմաններ։ Նախ՝ մեր պես երկրները պարտադիր առաջին հերթին ուշադրություն պետք է դարձնեն բանակին։ Դա պետք է լինի մեր թիվ մեկ շարունակական խնդիրը։ Շվեյցարիան, որը գտնվում է Եվրոպայի կենտրոնում, ամենամիլիտարիզացված երկրներից մեկն է աշխարհում։ Կամ հաճախ ենք սիրում գովաբանել Սինգապուրը, Սինգապուրի տնտեսական թռիչքը։ Բայց մոռանում ենք, որ երբ Սինգապուրի հրաշքի կնքահայրը Լի Կուան Յուն եկավ իշխանության, նախ սկսեց զբաղվել Սինգապուրի բանակով, հետո միայն՝ տնտեսությամբ։ Նույնն էլ Իսրայելը՝ երկիր, որն ի սկզբանե առաջնային ուշադրությունը դարձրել էր իր զինված ուժերին։
Նույն տրամաբանությամբ պետք է շարժվեր նաև Հայաստանը, այնինչ մեր անկախության սկզբնամասում այն ժամանակի իշխանության շրջանակում տարածված էր այն մոտեցումը, որ մեր ուժը մեր թուլության մեջ է և, հետևաբար, մեզ բանակ պետք չէ: Իսկ վերջին տարիներին թափ հավաքեցին տարատեսակ խաղաղության քարոզ և կոչեր։ Սա պետական մտածելակերպի իսպառ բացակայության մասին է վկայում։ Մենք, փաստորեն, զարկ էինք տալիս կեղծ խաղաղասիրությանը, իսկ Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի մեծ ուշադրություն էր դարձնում իր զինված ուժերին, վերջին տարիներին էլ բացահայտ պատրաստվում էր պատերազմի, ուժեղացնում իր ռազմական համագործակցությունը Թուրքիայի ու Իսրայելի հետ։ Ինչու՞ էինք մենք խաղաղասեր աղավնու դեր վերցրել, երբ նման պայմաններում, նման աշխարհագրական դիրքում գտնվող պետության համար դա ուղղակի կործանարար է։ Սա, կարելի է ասել, մեր ամենամեծ սխալներից մեկն էր։
Ընդհանրապես ես կարծում եմ, որ Արցախյան պատերազմի հաղթանակից հետո մենք պարտավոր էինք ընթանալ Իսրայելի, Շվեյցարիայի և Սինգապուրի ճանապարհով, երբ ռազմական ուժերում բոլորը պարբերաբար մասնակցում են զորահավաքների։ Օրինակ, Շվեյցարիայի բանակը 2-3 օրվա ընթացքում պատրաստված պահեստազորայինների շնորհիվ կարող է դառնալ շուրջ 2 միլիոնանոց բանակ։ Եվ դա այն դեպքում, որ Շվեյցարիայի բնակչությունը 2019 թվականի դրությամբ կազմում էր մոտ 8.5 միլիոն: Մինչդեռ մենք ներկա պատերազմից 1 ամիս անց կոչ ենք անում ձևավորել կամավորական ջոկատներ ու գնալ կռվելու։ Սա նշանակում է՝ բանակից վերադարձ դեպի ֆիդայական շարժում։ Այնինչ 1991 թվականին մենք պատերազմը սկսեցինք ֆիդայական շարժմամբ, բայց ավարտեցինք կանոնավոր բանակի ստեղծմամբ։
Մենք պատմականորեն թույլ ենք նաև համակարգային մտածելակերպի հարցում։ Մեր պետությունը շարժվում է ռեակտիվ մոտեցմամբ, այսինքն արձագանքում է իրավիճակին և ոչ մի կերպ չի կարողանում ակտիվ, նախաձեռնողական կառավարում իրականացնել, կանխել վտանգները մինչ դրանց առաջացումը։ 1988 թվականից հետո մեզ մոտ պետք է ընթանային լայնածավալ աշխատանքներ պետության ռազմավարական զարգացման ծրագրի մշակման ուղղությամբ, բայց, ցավոք, մինչ օրս նման ծրագիր չունենք և, որպես հետևանք, չունենք պետական ռազմավարություն։ Դա էր պատճառը, որ ես այս տարվա հունվարին հայտարարեցի պետական կառավարչի հոգեբանությամբ օժտված մարդկանց հավաքագրման և կազմակերպման նախաձեռնության մասին: Իսկ հուլիսից սկսվեցին պետության զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները, և այսօր արդեն պատրաստ է այդ ծրագրի տեսլականը:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դիվանագիտական դաշտում։ Ի՞նչ բացթողումներ ենք ունեցել այս տարիներին, և արդյո՞ք այսօր հնարավոր է դիվանագիտական ջանքերով հարցը կրկին բերել քաղաքական դաշտ։
-Առհասարակ, ես բավականին վատ եմ գնահատում մեր դիվանագիտական աշխատանքը 1994 թվականի զինադադարի ստորագրման պահից սկսած։ Ցավոք, դիվանագիտական իմաստով մեր հաղթանակը չկապիտալիզացվեց, և հաջորդած տարիներին էլ մենք չգնացինք հաղթանակի կապիտալիզացման ուղղությամբ։ Մեծ բացթողում էր, որ Արցախը դուրս մնաց բանակցային պրոցեսից, այն դեպքում, երբ զինադադարը ստորագրող կողմերն էին Հայաստանը, Ադրբեջանը և Արցախը։ Սա ևս պետական ռազմավարության բացակայության հետևանքն է: Ավելին, դեռ նախորդ իշխանությունների օրոք համառորեն շրջանառվում էր փոխզիջման մոտեցումը, և դա այն դեպքում, երբ Մեծ Թուրանի ձևավորման պայմաններում դա պարզապես հղի էր մեր կործանմամբ:
Ապրիլյան պատերազմից հետո մենք որոշակի դիվանագիտական հաջողություններ ունեցանք, սակայն նոր իշխանությունները չօգտվեցին այդ դրական ժառանգությունից։ Ընդհանրապես, ցանկացած նոր իշխանություն պետք է օգտվի նախորդի դրականից և չշարունակի բացասականը։ Բայց ստացվեց այնպես, որ նոր իշխանությունները ջնջեցին նաև նախորդների դրական ձեռքբերումները։ Եթե մենք հասկանայինք, որ Ապրիլյան պատերազմն Ադրբեջանի կողմից նախաձեռնվեց մարտի դաշտում ուսումնասիրելու համար մեր պետության և բանակի ուժեղ և թույլ կողմերը, ինչից հետո սկսվեց ադրբեջանական բանակի ուժեղացման նոր փուլ՝ Թուրքիայի և Իսրայելի ներգրավմամբ, մեր այսօրվա վիճակը շատ ավելի բարենպաստ կլիներ:
Այսօր մենք պետք է հստակ դիվանագիտական ազդակներ հղենք այն պետություններին, որոնք մեր բնական դաշնակիցներն են՝ Ռուսաստան, Իրան, Հունաստան, Չինաստան, ինչու չէ՝ նաև Սիրիա։ Ընդհանրապես, վերջին տարիներին մեր վերաբերմունքը հատկապես Ռուսաստանի և Իրանի նկատմամբ 100%-ով սխալ էր։ Իսկ Ռուսաստանը թե՛ պաշտոնատար անձանց հայտարարություններով, թե՛ հանրային քննարկումներում փորձագետների միջոցով անընդհատ հասկացնում էր, որ իրենք լարված են ընդունում մեր արևմտամետ քաղաքականությունը, նույնը նաև Իրանը։ Այսինքն, մենք մեր պոտենցիալ դաշնակիցների հետաքրքրություններին և շահերին հակառակ էինք գործում։ Եվ այսօր մենք պետք է օր առաջ շտկենք այդ քաղաքականությունը ու կարողանանք համոզել կամ լուրջ երաշխիքներ տալ, որ մենք վստահելի գործընկեր ենք։
Վերջին շրջանում, հատկապես նոր իշխանությունների օրոք, նոր թափ էր հավաքել հակառուսական քարոզչությունը։ Արդարության համար պետք է նշեմ, որ հակառուսական որոշ պրոցեսներ արդեն իսկ տեղի էին ունենում նախորդ բոլոր իշխանությունների օրոք, երբ շատ կոնկրետ նպատակներ հետապնդող օտարերկրյա հիմնադրամներից ֆինանսավորվող տեղական գրանտային կազմակերպություններն ակտիվանում էին, և դրանց դեմ ոչինչ չէր արվում։ Այս առումով ես բազմիցս ասել եմ, այդ թվում և նախորդ իշխանություններին, որ մեզ մոտ անհրաժեշտ է օր առաջ ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենք (FARA), որը դեռևս 1930-ական թվականներին ընդունել էր ԱՄՆ-ն ու հետագայում ավելի էր խստացրել այն։ Դա նշանակում է, որ եթե ԱՄՆ-ում որևէ քաղաքացի կամ կազմակերպություն ֆինանսավորվում է դրսից կամ գտնվում է դրսի որևէ ուժի կամ պետության տիրապետության և ազդեցության տակ, ապա սկսում է գործել շատ ավելի կոշտ դաշտում և ուժեղացված պետական վերահսկողության ներքո, իսկ ֆինանսական բոլոր հոսքերը գտնվում են մանրադիտակի տակ։
Հակառուսական տրամադրություններ սերմանելուց հետո միայն այսօր է մեր վարքագիծը 180 աստիճանով սկսել փոխվել, ընդհուպ ԱՀ նախագահի երեկվա նամակը՝ ուղղված ՌԴ նախագահին։ Բայց դա նորմալ չէ, դա նույնպես նշանակում է, որ մենք չունենք պետական մտածելակերպ և որպես հետևանք՝ պետական ռազմավարություն, որի ամենակարևոր հատկանիշներից են վստահությունը, կայունությունը և կանխատեսելիությունն արտաքին աշխարհի համար:
Հաջորդ կոպիտ սխալը կապված է մեր կրթական համակարգի հետ։ Այս ոլորտում անհրաժեշտ էր ուժեղացնել մրցունակ հայրենասիրական դաստիարակությունն ու գիտելիքները կրթական համակարգում՝ մշակելով տարբեր բնագավառներում սեփական ուսումնական ծրագրեր՝ որպես մեկ ամբողջական համալիր։ Մինչդեռ, հատկապես վերջին տարիներին, մեր կրթական համակարգում տեղի էին ունենում կամ առաջարկվում էին նորարարություններ, որոնք, ըստ իս, անընդունելի էին, որովհետև ակնհայտ էր, որ դրանք թուլացնում են ազգային ինքնագիտակցությունը մեր երեխաների և երիտասարդների շրջանում։ Այսինքն, մեր հակառակորդը պատրաստվում էր պատերազմի, իսկ մենք խաղաղասիրության քողի տակ ջլատում էինք մեր ինքնությունը։
Ներքին սխալներից մեկն էլ վերաբերում է տնտեսական ոլորտին։ Մենք այդպես էլ չձերբազատվեցինք օլիգարխիկ տնտեսությունից։ Եվ քանի որ չունենք երկրի զարգացման ռազմավարական ծրագիր, մեծ իմաստով տնտեսությունն էլ տապալեցինք։ Նախորդ համակարգից, որի դեմ պայքարում էինք, գրեթե ոչինչ չի փոխվել։ Պարզապես փոխվել է ընդունելի օլիգարխների ցանկը։ «Յուրայիններ և ոչ յուրայիններ» մոտեցումը նույնպես նախորդ իշխանություններից անցել է նոր իշխանությանը։
Համակարգային անվտանգության ապահովման հարցում նույնպես բացթողումներ ունենք՝ սկսած զինամթերքի և զինտեխնիկայի արտադրությունից, վերջացրած պարենային անվտանգությամբ։
Այնուամենայնիվ, ես վստահ եմ, որ նույնիսկ այս իրավիճակում հնարավոր է դրությունը շտկել և հաղթել։ Այդ հաղթանակի կերտման ռազմավարության, մեխանիզմների և ընթացիկ քայլերի մասին կխոսենք հաջորդիվ։
Շարունակելի․․.
Առաջին մասը՝ այստեղ: