կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 18:58
Քաղաքական

(Մաս I) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում

(Մաս I) Արցախյան հիմնախնդի՞ր, թե՞ աշխարհի քարտեզի վերախմբագրում․ Հայաստանը՝ շահերի բախման էպիկենտրոնում

Անկախ-ի հետ զրույցում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանը հանգամանորեն վերլուծում է աշխարհում և հատկապես մեր տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գլոբալ վերադասավորումները, այդ համատեքստում Արցախյան նորօրյա պատերազմի վերսկսման պատճառները, իրավիճակի ձևավորման ներքին գործոնները և այն ռազմավարությունը, մեխանիզմներն ու ընթացիկ քայլերը, որոնք կապահովեն Հայաստանի և Արցախի հաղթանակն ու տարածաշրջանում հայկական գործոնի ամրապնդումը։

Քանի որ հարցազրույցը ծավալուն է, առաջին մասում ներկայացնում ենք ստեղծված իրավիճակի աշխարհաքաղաքական պատճառները։

560

-Պարոն Մեսրոբյան, արդեն ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ին բռնկված պատերազմը զուտ Արցախյան հակամարտության խնդիր չէ, այլ իր մեջ ներառում է աշխարհաքաղաքական շատ ավելի խորքային գործընթաց, որտեղ ակտիվ դերակատարում ունի հատկապես Թուրքիան։ Ի՞նչ աշխարհաքաղաքական վերադասավորումներ են տեղի ունենում և որքանո՞վ են դրանք կապված մեր տարածաշրջանի ու հատկապես հայկական երկու պետությունների հետ։

-Նախ ասեմ, որ այս նյութում ամեն ինչի մասին չէ, որ խոսվելու է՝ հաշվի առնելով պետական անվտանգության խնդիրները։ Բայց իհարկե կներկայացնեմ այն հիմնական արտաքին աշխարհաքաղաքական գործոնները, որոնք ուղղակիորեն կապված են մեր տարածաշրջանի և մեզ հետ։

Որպեսզի նյութն ընթեռնելի լինի, երկու սկզբունք պետք է ֆիքսենք, որոնք ամբողջ նյութում կարմիր թելի պես կանցնեն․ առաջին՝ մենք պետք է ի վերջո հասկանանք, որ գլոբալիզացիայի փուլը, որը մեկնարկեց դեռևս Ֆրանսիական հեղափոխության օրոք, ավարտվում է, դրան փոխարինելու է գալիս գլոկալիզացիոն փուլը, երբ ողջ աշխարհում այսօր տեղի են ունենում գլոկալիզացիոն գործընթացներ, տարբեր ոլորտներում հզորությունն Արևմուտքից դանդաղ անցնում է դեպի Արևելք։

Երկրորդ սկզբունքն այն է, որ եթե մենք ընդհանրապես ուզում ենք, որպեսզի թշնամին անի այն, ինչ մեզ պետք է, ապա մենք պարտավոր ենք իր համար ստեղծել այնպիսի իրավիճակ, որ դա չանելն իր համար ավելի վտանգավոր լինի։

Հիմա անդրադառնանք իրավիճակի ստեղծման արտաքին գլոբալ գործոններին։ Այս տարվա ապրիլի 3-ին ես հրապարակավ արձանագրել էի, որ մեր երկիրն անցնում է բիֆուրկացիոն կետը և մեզ սպասվում են արհավիրքներ։ Այսինքն, գարնան առաջին կեսին մենք ճգնաժամից սկսեցինք անցնել դեպի կատարյալ փոթորկի փուլ, ինչը նշանակում է, որ նույն վայրում միաժամանակ մի քանի ճգնաժամեր են ակտիվանում։ Հիմա մենք մոտենում ենք ավելի վտանգավոր կետի՝ կատարյալ փոթորկից անցնում ենք ֆորսմաժորին, որը նշանակում է անհաղթահարելի ուժի պայմաններ։ Եթե մենք այս փուլն էլ բաց թողնենք, ապա կկանգնենք պետության ոչնչացման վտանգի առաջ։

Աշխարհում տեղի են ունենում աշխարհաքաղաքական խորը տեկտոնիկ ճաքեր և վերադասավորումներ, իսկ մեր տարածաշրջանն աշխարհի մասշտաբով ամենազգայուն տարածաշրջանն է, որովհետև այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, և դա ձևավորվել է պատմականորեն։

Ես մի քանի արտաքին գործոններ կնշեմ, որոնք ուղղակի կապված են մեր տարածաշրջանում այդ խորքային վերադասավորումների հետ։

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջ աշխարհում արագացավ պետական կառավարման ճգնաժամը, քանի որ երկբևեռանոց աշխարհը դարձավ միաբևեռ, և պետական կառավարման համակարգերը չդիմացան այդ անկայուն վիճակին: Պատճառը շատ պարզ է՝ միաբևեռ համակարգերը չունեն հակակշիռներ, ինչը դարձնում է իրենց շատ անկայուն։ Որոշ ժամանակ անց սկսեցին առաջանալ նոր գլոբալ բևեռներ՝ Չինաստան, Ռուսաստան, իսկ հիմա նաև Հնդկաստան, ինչը բերեց ամբողջ աշխարհի վերադիրքավորման և վերաֆորմատավորման։ Եվ ինչպես արդեն նշեցի, այն, ինչ աշխարհում կատարվում է, առաջինն իր վրա զգում է աշխարհի ամենազգայուն տարածաշրջանը՝ Հարավային Կովկաս, Մերձավոր Արևելք։

Հիմա այս ֆոնի վրա բնական է, որ առաջացել են նոր կամ վերակենդանացել հին շահեր մեր տարածաշրջանում։ Որո՞նք են այդ շահերը, որոնք ազդում են մեր տարածաշրջանի վրա։ Առաջինը դա Մեծ Թուրանի գաղափարն է։ Քանի որ թուրքական աշխարհի զգալի մասը գտնվում է Խորհրդային Միության նախկին տարածքում և նաև ույգուրների մասով՝ Չինաստանում, Խորհրդային Միության փլուզումից հետո Թուրքիան վերակենդանացրեց Մեծ Թուրանի գաղափարախոսությունը, որովհետև շատ պատեհ առիթ էր։ Հենց այնպես չէ, որ վերջերս Էրդողանը հայտարարեց 6 պետություն, մեկ ազգ գաղափարի մասին (նախկինում ասում էր 2 պետություն, մեկ ազգ)։ Այսինքն, Թուրքիան արդեն ներխուժում է Կենտրոնական Ասիա, իսկ հետո նաև Չինաստան։ Այդ իսկ պատճառով Չինաստանը շատ է ակտիվանում նաև Կենտրանական Ասիայում: Բնական է, որ այս իրավիճակն անհանգստացնում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Չինաստանին և թե՛ Իրանին։ Մեծ Թուրանի գաղափարախոսությունը մեկ այլ հանգամանքով էլ է մեզ անդրադառնում․ Խորհրդային Միության փլուզումից հետո սկսվեց Արցախյան պատերազմը։ Եթե մինչ այդ Թուրքիան Նախիջևանի միջոցով չէր կարողանում աշխարհագրորեն միանալ Ադրբեջանին, որովհետև խոչընդոտում էր Հայաստանն իր Մեղրիի տարածաշրջանի շուրջ 40 կմ-ով, ապա Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի համար այդ անջրպետը է՛լ ավելի մեծացավ, և Մեծ Թուրանին խոչընդոտող տարածքը Արցախի շնորհիվ դարձավ շուրջ 200 կմ ավել։ Այսինքն, աշխարհագրորեն Թուրքիայի համար Մեծ Թուրանի կառուցումը դարձավ է՛լ ավելի խոցելի։

Դրա համար Թուրքիան փորձեց ժամանակավոր լուծումներ գտնել։ Առաջին լուծումն Իրանին թուլացնելն էր, ինչին լծվեցին Իսրայելը, Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները։ Բայց Իրանին տապալելը շատ դժվար հարց է, և Թուրքիան քաջ գիտակցում է, որ մոտակա ժամանակահատվածում գոնե դա չլուծվող հարց է։

Երկրորդ լուծումը Թուրքիայի և թուրքական աշխարհի հետ Վրաստանի միջոցով կապուղիներ հաստատելն էր։ Այդ իսկ պատճառով Թուրքիան շատ արագ Աջարիան վերցրեց իր ֆինանսական և տնտեսական տիրապետման տակ։ Նաև սկսեց իր վերահսկողության տակ վերցնել Վրաստանի հարավային մասը, որտեղ բավականին մեծ թվով ադրբեջանցիներ են ապրում (ի դեպ, այնտեղ իրենք ունեն մեկ խոչընդոտ ևս՝ Ջավախքը, որը նույնպես թեժ կետ է այս գլոբալ խաղի մեջ)։ Արագ կառուցվեց թե՛ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և թե՛ ԲԱքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։

Սակայն Թուրքիան հասկացավ, որ Վրաստանի լուծումը ոչ հուսալի լուծում է, քանի որ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ռուսաստանը պատրաստ էր հեշտությամբ վերցնել Թբիլիսին։ Ուստի Մեծ Թուրանի գաղափարի իրագործման հիմնական ճանապարհը դարձան Հայաստանն ու Արցախը։ Այս իմաստով Թուրքիան գտնում է, որ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը պետք է լավագույն դեպքում տեղահանվեն այս տարածքից։ Դրա համար վերջին տասը տարիներին՝ ռուս-վրացական պատերազմից հետո, Թուրքիայի և Ադրբեջանի միջև սկսեցին արագ զարգանալ ռազմաքաղաքական ու տնտեսական կապերը։ Եվ մինչ վերջերս մենք զբաղված էինք խաղաղասիրական կոչերով, Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններով պատրաստվում էին այս պատերազմին։

Հաջորդ գլոբալ ծրագիրը, որն ուղղակի առնչվում է մեր տարածաշրջանին, այդ թվում և Մեծ Թուրանին, Չինաստանի Մետաքսի ճանապարհի նախագիծն է։ Մետաքսե ճանապարհի նպատակներից մեկն է փափուկ ուժով ներթափանցել թե՛ մեր տարածաշրջան, թե՛ Եվրոպա և թե՛, ինչու չէ, Աֆրիկա: Այն չի կարող շրջանցել Մեծ Թուրանի տարածքը, քանի որ Մեծ թուրանի արևելյան մասը գտնվում է Չինաստանում։ Այս առումով Չինաստանին պետք է, որ Մեծ Թուրանի գաղափարը խափանվի, ուստի Չինաստանը դառնում է մեր պոտենցիալ դաշնակիցն այս տարածաշրջանում։ Եվ քանի որ Չինաստանը դառնում է մեծ կայսրություն, բնական է, որ ինքն էլ հետաքրքրված է այս տարածաշրջանով։ Դա է պատճառը, որ Չինաստանը Հայաստանում փուլ առ փուլ ակտիվանում է, և մենք պետք է դա անպայման հաշվի առնենք։

Տարածաշրջանում մյուս կարևոր գործոնը Ռուսաստանն է, որը նույնպես դեմ է Մեծ Թուրանի գաղափարին, քանի որ այն հակասում է իր շահերին (հիշենք, որ Մեծ Թուրանի մի մեծ մաս ընդգրկում է Ռուսաստանը)։ Նույն կերպ Մեծ Թուրանին դեմ է նաև Իրանը, քանի որ իր հյուսիսային հատվածում ևս կա մի կտոր, որը Մեծ Թուրանի ծրագրի մաս է կազմում։

Որպեսզի Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի գործոններն աշխատեն ի նպաստ մեզ, շատ դեպքերում դա կախված է մեր վարքագծից։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա Արևմուտքին այս փուլում, կրկնում եմ՝ այս փուլում, Մեծ Թուրանի գաղափարը շահեկան է, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը, ինչպես նաև տարածաշրջանային բևեռ Իրանը Մեծ Թուրանի գաղափարով թուլանում են, իսկ դա գոնե այս փուլում ձեռնտու է Արևմուտքին։ Հետագայում դժվար է ասել, թե ինչ կլինի։ Հետևաբար, մենք պետք է Արևմուտքի հետ ձգտենք պահել սառն ուղեղով հաշվարկված հարաբերություններ, բայց նաև հասկանանք, որ խորքային իմաստով Մեծ Թուրանն այս փուլում Արևմուտքին ձեռնտու է։ Դրանով է նաև պայմանավորված Արևմուտքի պասիվությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ:

Այս ամենից բացի այստեղ առաջ է գալիս նաև Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի էներգակիրների դերի աճի հարցը։ Ես որպես օրինակ արդեն մատնանշեցի Բաքու-Թբլիսի-Ջեյհան նավթամուղը։ Երկրորդ ապացույցն այն է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում՝ Կիպրոսի շուրջ, Թուրքիան և Իսրայելը վերջերս ակտիվացել են հենց էներգակիրների մասով, ինչն անհանգստացնում է Հունաստանին։ Էլ չեմ ասում Իրաքի ոչնչացման մասին, քրդերի գործոնի մաքսիմալ օգտագործման փորձերը, սիրիական ճգնաժամը և այլն։ Եվ բնական է, որ այս ամենը լրացուցիչ մտահոգում է թե՛ Ռուսաստանին, թե՛ Չինաստանին և թե՛ Իրանին։ Նաև դա է Ռուսաստանի ակտիվացման պատճառը թե՛ Սիրիայում և թե՛ Լիբիայում:

Հիմա շատ է հնչում հարց, թե ինչու է պասիվ մեր դաշնակից Ռուսաստանը։ Իմ կարծիքով՝ պասիվությունը հարաբերական է, բայց մյուս կողմից դա պայմանավորված է վերջին 2-3 տարիներին Հայաստանում արևմտամետ էլեմենտի ուժեղացմամբ։ Այս մասին առավել մանրամասն կխոսենք ներքին գործոնների վերլուծության ժամանակ, իսկ այժմ սահմանափակվենք  տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող արտաքին պատճառներով, որոնցից մեկն էլ Իսրայել-Իրան հակամարտության սաստկացումն է, որը պայմանավորված է նաև վերը շարադրված գործոններով։ Այդ հանգամանքով է նաև պայմանավորված Իսրայելի և Ադրբեջանի սերտ ռազմաքաղաքական համագործակցությունը, որպեսզի ստեղծվի ևս մեկ լծակ Իրանի վրա ազդելու համար: Իհարկե կան աշխարհաքաղաքական այլ գործոններ նույնպես, որոնք ուղղակի կապված չեն այս տարածաշրջանի ու այս պատերազմի հետ, սակայն ունեն անուղղակի ազդեցություն։ Եվ այդ ամենը վերլուծելն ու հասկանալը չափազանց կարևոր է այսօր մեզ համար։

Շարունակելի․․․