կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-23 12:46
Արցախ

Human Right Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքեր

Human Right Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից ԼՂ բնակիչների դեմ կասետային զենքի կիրառման դեպքեր

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակելի տարածքների ուղղությամբ բազմիցս կիրառել է արգելված կասետային զինամթերք: Այս մասին հայտնում է Human Rights Watch-ը՝ ամփոփելով Արցախում հետաքննության արդյունքները:

2020-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղում անցկացված հետաքննության ընթացքում Human Rights Watch-ը փաստագրել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման չորս դեպք:

«Կասետային զինամթերքի շարունակական կիրառումը, հատկապես՝ բնակավայրերում, ցույց է տալիս, որ անտեսվում է խաղաղ բնակչության անվտանգությունը: Կասետային զինամթերքը երբեք ոչ մի պարագայում չպետք է որևէ մեկի կողմից կիրառվի, առավել ևս՝ քաղաքներում ՝ քաղաքացիական անձանց համար կանխատեսելի և անընդունելի վտանգի պատճառով»,- ասել է Human Rights Watch-ի զենքի բաժնի տնօրեն և «Կլաստերային զինամթերք» կոալիցիայի նախագահ Ստեֆեն Գուսը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Human Rights Watch-ն ուսումնասիրում է, թե արդյո՞ք հակամարտության բոլոր կողմերը հավատարիմ են միջազգային մարդասիրական իրավունքին, որը զինված ուժերից պահանջում է տարբերակել զինծառայողներին քաղաքացիական անձանցից և ռազմական օբյեկտները՝ քաղաքացիական օբյեկտներից: Արգելվում են այն հարձակումները, որոնց ընթացքում կիրառվում է մարտական մեթոդ կամ միջոց, որը չի կարող ուղղված լինել միայն որոշակի օրինական ռազմական թիրախի:

Human Rights Watch-ը բազմիցս խնդրանքներ է ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը՝ տեղում հետաքննություն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, սակայն թույլատվություն դեռ չի տրվել:

Human Rights Watch-ն Ստեփանակերտի մի քանի վայրերում ուսումնասիրել է հրթիռների, հարվածների և զինամթերքի մնացորդները, որոնք պայթել են, ինչպես նաև չպայթածները: Կազմակերպությունը նաև ուսումնասիրել է հրթիռի՝ Հադրութում արված լուսանկարները, պայթյունի հետևանքները և զինամթերքի մնացորդները, ինչպես նաև չպայթած զինամթերքը:

Human Rights Watch- ը զրուցել է նաև վեց մարդու հետ, որոնք ականատես են եղել հարձակումներին: Ստեփանակերտի բնակիչները Human Rights Watch-ին հայտնել են, որ կասետային զինամթերքի կիրառմամբ հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ հեռու, քան 200 մ հեռավորության վրա գտնվող բնակելի տարածքում:

Human Rights Watch- ը միջազգային հասարակական կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում: Այն իրականացնում է մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ: